Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բավական է փնտրել կեղծ թիրախներ, ինչ-որ թշնամիներ մոգոնել. սա եղավ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի արձագանքը` լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Դաշնակցության նախաձեռնած այսօրվա հանրահավաքին որոշ մարդիկ «հակահեղափոխություն» որակումն են տալիս: «Հոկտեմբերի 2-ին էլ հորինեցին, թե իբրև Ազգային ժողովի աշխատանքներին ենք խանգարում ու հակաօրենսդրական փաթեթ ընդունում, բայց հետո պարզ դարձավ, որ նորմալ ընթակարգով, սահմանադրական օրենք է ընդունվել: Հիմա, ի դեպ, այդ օրենքն իրենց է օգտակար»,- հավելեց նա:
Ռուստամյանը չի հասկանում` ինչո՞ւ են ամեն ինչ գլխիվայր շուռ տալիս: Զարմանում է` իրավագիտությունն ամեն նոր եկած սերունդ չպետք է փորձի յուրովի մեկնաբանել: Բացատրում է` դա նույնն է, որ ես գամ ու սկսեմ Նյուտոնի օրենքները փոխել, բաներ կան, որ ունիվերսալ են, չի կարելի փորձել փոխել` պատճառաբանությամբ, թե իրենց դարն ապրել են, ու հիմա «նոր» Հայաստան է եկել, պետք է նոր էջից սկսել:
«Այո, պետք է նոր էջից սկսել` չվերադառնալով հին արատներին, հին բարքերին, դրանց դեմ պետք է պայքարել, բայց նույնն են անում նաև նորերը: Դատական իշխանությանը չեմ վստահել դեռ էն գլխից, բայց մենք, ի տարբերություն այս իշխանությունների, ճանապարհ ընտրեցինք` ինչպես փոփոխությունների գնալ: Սահմանադրական փոփոխությունները եղան, որ կատարել ենք միջազգային փորձագետների հետ համախորհուրդ: Եթե որևէ բան այդտեղ սխալ լիներ, միջազգային փորձագետները մեր ձեռքը կբռնեին ու կասեին` այսինչ բանը սխալ է: Ու այդ նույն ճանապարհով, վստահ եմ, դատական իշխանությունը, թեև դանդաղ տեմպերով, բայց կարող է փոփոխությունների գնալ»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահը:
Իսկ բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե իրենց այսօրվա հանրահավաքը կարող էր համաձայնեցված չլինել Սփյուռքի կառույցների հետ, Ռուստամյանը խորհուրդ տվեց նման բան չփնտրել: Հստակեցրեց` իշխանություններն այնպիսի բաներ արեցին, որ եթե անգամ տարբեր մոտեցումներ են եղել, այժմ դրանք էլ չկան: Ըստ նրա` հիմա Դաշնակցությունը մեկ բռունցք է դարձել, մանավանդ` օրը ցերեկով մարդու վրա այլանդակ հարձակումից հետո (նկատի ունի Հրանտ Մարգարյանին):
Արտախորհրդարանական այլ ուժերի հետ, այո, պատրաստ են համագործակցել: ՀՅԴ Բյուրոյի նախագահն ասաց, որ այս հանրահավաքի հետ կապված թեև քննարկում չեն ունեցել այլ ուժերի հետ, բայց այս հանրահավաքի շրջանակներում հանդիպելու են բոլոր այն ուժերի հետ, որոնք երկրի վիճակը գնահատում են այնպես, ինչպես իրենք են գնահատում, այն է` իշխանություններին օգնել, որ լրջանան, հասկանան, որ լուրջ մարտահրավերներ ունի երկիրը, նոր վտանգներ ու խնդիրներ պետք չէ առաջացնել:
«Սա է մեր հիմնական խնդիրը: Եթե կրկին ինքնասիրահարված վիճակով շարունակեն ասել, թե` «ո՞վ է խոսում, Դաշնակցությո՞ւնը, որ ժամանակին Ռոբերտի, Սերժի հետ է եղել, դրանց մի՛ լսեք, նախկին ռեժիմի պաշտպաններն են», չեն հասկանում` իրենք այսօր կան, վաղը` ոչ: Իսկ Դաշնակցությունը միշտ լինելու է: Սա գաղափարի կուսակցություն է, ու այդպիսի պիտակներով հնարավոր չէ սևացնել մեր կենսագրությունը,- շեշտեց նա ու որպես ասածի հիմնավորում անդրադարձավ Աղվան Վարդանյանի` կրկին կուսակցական շարքերը վերադառնալու մասին հարցին,- ՀՅԴ-ն որոշումով առաջնորդվող կուսակցություն է, ու հնարավոր չէ, որ Աղվան Վարդանյանը կրկին կուսակցական դառնա: Ես այն ժամանակ կատարել եմ ՀՅԴ ընդհանուր որոշումը: Իմ` այժմ ունեցած մտահոգություններն այն ժամանակ էլ ունեի, բաց պարտավոր եմ, որպես դաշնակցական, կատարել կուսակցության որոշումը: Աղվան Վարդանյանին չենք հեռացրել իր հայացքների համար, նա հեռացվել է կանոնագիրը խախտելու համար: Մենք Աղվանի հետ ընկերություն ենք անում, հանդիպում ենք, նա իմ լավ ընկերն է»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե օրեր առաջ Վարդանյանը դատարանի բակ էր գնացել` ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, հնարավո՞ր է` մի օր էլ ինքը պաշտպանի, Ռուստամյանն արձագանքեց. «Լավ էր արել: Տա Աստված` բոլորն այնպես ազատ մտածեն, ինչպես Վարդանյանը: Ինչու վերաբերում է իմ պաշտպանությանը, ապա կվարվեմ այնպես, ինչպես կորոշի Դաշնակցությունը: Ես Դաշնակցության անդամ եմ ու ստիպված եմ կաշկանդվել այդ հանգամանքով: Լավ կլինի` մնացած պաշտոնյաներն էլ, այդ հանգամանքը հաշվի առնելով, կաշկանդվեն ու անձնական էմոցիաներին զոռ չտան»: