Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում: Այդ մասին, ըստ orakarg.com–ի՝ ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համապատասխան արձանագրությունն այսօր ստորագրել են Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար, երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Այսպիսով, ըստ ռուսական կողմի՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարգավորել են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված բոլոր տարաձայնությունները:
Պետք է նշել, որ ռուսական կողմի տարածած այս հայտարարությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ. սեպտեմբերին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր ձեռնարկություն» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում 60 միլիոն դոլարի չարաշահում է հայտնաբերվել: Հետագայում մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ երկաթուղում սկսված ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումները հասնում են 104 միլիոն դոլարի։
Այժմ, բնական հարց է առաջանում՝ ի՞նչ եղավ 60 մլն դոլարի չարաշահման մասին Նիկոլ Փաշինյանի պնդումը: Բնականաբար, այստեղ հնարավոր է երկու տարբերակ: Կամ ՀՀ վարչապետը ժամանակին անհիմն հայտարարություն է արել, այդպիսի մեծ չափի չարաշահումներ չեն եղել կամ էլ երկաթուղում եղել է մեծ թալան, բայց ռուսական կողմին հաջողվել է հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքում այս կամ այն կերպ լուծել հարցը: Ուշագրավ է նաև, որ հայկական կողմն այդ մասին լռում է, ՌԴ տրանսպորտի նախարարությունն է հայտարարություն տարածել և ռուսական կողմի տարածած հայտարարության տեքստից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ չարաշահումներ չեն էլ եղել:
Ամեն դեպքում, Հայաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը պետք է բացատրություն տան, թե ին՞չ եղավ այդ 60 մլն դոլարի չարաշահման հետ, արդյո՞ք ճիշտ էր վարչապետի հայտարարությունը և եթե այդ պնդումը ճիշտ է եղել, ապա ինչպե՞ս է լուծվել այդ հարցը: