կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-26 12:53
Սփյուռք

Սփյուռքը Հայաստանի ամենազորավոր հենարանն է

Սփյուռքը Հայաստանի ամենազորավոր հենարանն է

Tert.am-ը Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի հետ զրուցել է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո երկրում ստեղծված ճգնաժամի պայմաններում հայ համայնքի դժվարությունների մասին:

-Պարոն Կիտանյան, Լիբանանում տեղի ունեցած աղետից հետո շաբաթներ են անցել, բայց հետևանքները դեռ վերացնելը երկար կտևի։ Ի՞նչ իրավիճակ է հիմա տիրում Լիբանանում և դա ի՞նչ անդրադարձ է ունենում հայկական ամենաամուր համայնքներից մեկի՝ լիբանահայության վրա։

-Այո, Լիբանանի նավահանգստի պայթյունից հետո արդեն երեք շաբաթ է անցել, և տակավին հետևանքները կան, և կլինեն, ենթադրում եմ, առնվազն մեկ-երկու տարվա ընթացքում, որովհետև այդ պայթյունի հետևանքները Լիբանանի համար այսօրվա տնտեսական իրավիճակը ավելի է բարդացրել:

Երևի միջազգային օժանդակությամբ, բարեկամ երկրների մասնակցությամբ երկիրը կկարողանա 1, 2, 3 տարիների ընթացքում հաղթահարել պատահածը:

Իսկ ինչ վերաբերում է իրավիճակի` մեր համայնքի վրա անդրադարձին, ապա ասեմ, որ բնականաբար պետք է ունենա բացասական ազդեցություն, որովհետև լիբանանահայությունը Լիբանանի մեկ կարևոր մասնիկն է:

Մենք այսօր ունենք մեծ թվով տուժողներ, իրենց բնակարանները, աշխատանքը կորցրած մարդիկ: Խոսում ենք մոտ 3000 բնակարանի մասին, որոնք կիսով կամ ամբողջությամբ քանդված են, 1500 աշխատատեղի մասին, որոնք նույնպես կիսով կամ ամբողջությամբ քանդված են ու նաև ունենք 13-14 զոհ և մեծ թվով վիրավորներ, որոնց մի մասը դեռ չի ապաքինվել:

Այս ամենը ունի իր քաղաքական, տնտեսական անդրադարձը մեր գաղութի վրա, սակայն հուսով եմ, որ մենք ևս այս մոտ ժամանակաշրջանում մեր ուսերից կթոթափենք պայթյունի հետևանքները, կվերականգնենք սփյուռքի կարևորագույն այս գաղութը:

– Լիբանանահայությանը օժանդակություն են ցուցաբերել տարբեր կազմակերպություններ, համայնքներ, Հայաստանը, Արցախը։ Որքանո՞վ և որքա՞ն ժամանակում է հնարավոր վերականգնել հասցված նյութական վնասը, արդյոք դեռ օգնության կարիք Լիբանանում կա՞, ի՞նչ օժանդակություն է ակնկալվում և որտեղի՞ց:

– Այո, ճիշտ է, լիբանանահայությանը տարբեր կազմակերպություններ, Հայաստանն ու Արցախը օժանդակել են, սակայն այս բոլորը այսօրվա տրամաբանությամբ մարդասիրական օժանդակություններ են: Այն, ինչ որ ուղարկվեց` ուտելիք, խմելիք, բժշկական պարագաներ, դեղորայք, այժմ մեր դժվարությունները շրջանցելու համար շատ կարևոր են:

Հիմա իսկապես սկսել ենք համայնքի վերականգնման աշխատանքը. Արամ Ա վեհափառ հոր թելադրանքով ու զորակցությամբ գաղութում կազմվեց Լիբանանի վերականգնման մարմին, որը կազմված է երեք կուսակցություններից, բարեսիրական ընկերակցություններից:

Վեհափառ հայրը բացել է բանկային հաշիվ և դրան փոխանցվող դրամական օժանդակությունները, նվիրատվությունները, որ այս պահին 500-600 հազար դոլարի է հասած, պետք է գերազացեն 3,4,5 միլիոն դոլարը, որպեսզի մենք կարողանանք ասել, որ սկսեցինք լիբանանահայ համայնքի վերականգնումը:

Ասացի, որ 3000 բնակարան և մոտ 1500 աշխատավայր է վնասված: Եթե միջին հաշվով հաշվարկենք, որ յուրաքանչյուրին 1000 դոլար է անհրաժեշտ, կստացվի 3-5 միլիան դոլար նվազագույնը: Այս տեսակի օժանդակության կարիք ունի լիբանանահայությունը, որպեսզի կարողանա շրջանցել կամ նվազագույնի հասցնել վնասները ու կարողանալ բնականոն ձևով շարունակել համայնքային կյանքը:

-Լիբանանահայության մի մասը ցանկանում է լքել երկիրը: Հայաստանի կառավարությունը մշակել է փաթեթ, որով առաջարկում է նրանց տեղափոխվել Հայաստան: Ի՞նչ եք կարծում`արդյոք լիբանանահայությունը ցանկանու՞մ է գալ Հայաստան, այստեղ կարո՞ղ են գտնել իրենց անհրաժեշտ օժանդակությունը:

-Ցանկացած լիբանանցի արդեն երկար ժամանակ է, որ դրսում ապրելու և աշխատելու ցանկություն ունի, ինչպես հայաստանցին, որը ցանկանում է արտերկրում ապրել, որովհետև տնտեսական, սոցիալական պայմանները վատ են:

Բայց այսօրվա տնտեսական աղետը, որին ավելացավ կորոնավիրուսի տարածման հարց ու նավահանգստի պայթյունը, ստիպում է, որ այո, նաև մեծ թվով լիբանանահայեր Լիբանանը լքելու ցանկություն ունենան:

Սակայն դա անելը այդքան էլ հեշտ չէ, և ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան առաջարկել տեղափոխվել Հայաստան: Չեմ կարծում, որ այդ հարցը առկա է, այդպիսի բան գոյություն չունի: Մենք ունենք սիրիահայության փորձառությունը Հայաստանում:

Այո, ճիշտ է, իշխանությունները բավականին դրական մոտեցում ցուցաբերեցին, սակայն մարդիկ վերադարձան Սիրիա: Արդեն այս պայթյունից առաջ բավականին շատ լիբանանահայեր Հայաստանում էին հաստատվել կամ ճամփորդել էին աշխատանքային նպատակներով, սակայն հաջողություններ չեն գտել:

Այս հարցի կարգավորումը տեղի կունենա, եթե իսկապես ամեն բան կորցրած ընտանիքներին Հայաստանում տրամադրվեն կեցության վայր և աշխատանք, որպեսզի կարողանան գոյատևել: Եթե այս հարցը լուծվի, հնարավոր է, որ որոշ ընտանիքներ, որոշ լիբանանահայեր ցանկանան գալ Հայաստան, հաստատվել այդտեղ, գոնե առաջին տարվա ընթացքում կարողանան ինչ-որ չափով հնարավորություն տալ նրանց, որ կարողանան շարունակել իրենց կյանքը Հայաստանում: Նաև պետք է հիշեցնել, որ Հայաստանի տնտեսական վիճակը և կենսաթոշակները կստեղծեն դժվարություններ, որ լիբանանահայերը այստեղից այդտեղ գալով իրենց հարցերը լուծված չհամարեն: Կարծում եմ, որ իհարկե, եթե Լիբանանը լքելու խնդիր կա, ճիշտ է, որ Հայաստան գան:

-Լիբանանյան ճգնաժամի ֆոնին խոսվում է Հայաստանում հայրենադարձության կազմակերպման վերաբերյալ: Սիրիահայության փորձը հաշվի առնելով` հնարավո՞ր համարում եք, որ Լիբանանից Հայաստան գալու և այստեղ ապրելու մեծ հոսք կլինի: Կարծում եք՝ ՀՀ իշխանությունները կկարողանա՞ն կազմակերպել լիբանանահայության հաստատվելը մայր հայրենիքում:

-Այստեղ հայրենադարձությունը ճիշտ տերմին չէ: Հայրենադարձության հարցը գոյություն է ունեցել Համաշխարհային պատերազմից հետո, ինչ-որ աշխատանքներ են արվել: Պետք է ուշադիր լինենք, որ այստեղ զանգվածային տեղափոխության հարցը տեղին չէ: Այդ տեսակ բան գոյություն չունի:

Կան մեծ թվով լիբանանահայեր, որոնք կարող են ցանկություն ունենալ գնալ Հայաստան, որպեսզի կարողանան իրենց բնականոն կյանքը շարունակել՝ պայմանով, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն, առնվազն աշխատանք լինի և դրա դիմաց ստացված գումարը կարողանա իրենց ապրեցնել Հայաստանի մեջ:

Կներեք, ես այսպես եմ խոսում, որովհետև անձնական փորձով եմ առաջնորդվում ու նաև գիտեմ, որ իհարկե, Լիբանանում էլ շատ դժվար է, սակայն ես ենթադրում եմ, որ լիբանանահայության մեծ մասը կնախընտի մնալ այստեղ, որովհետև իրենք ունեն այստեղ աշխատանք, բնակարան, բանկերում հաշիվներ:

Այդ բոլորը լքելը դյուրին չէ: Գուցե երիտասարդներ լինեն, որոնք ցանկանան ճամփորդել Հայաստան, բայց դա հայրենադարձություն չէ:

Ճշգրտեմ, որ այս պահին ՀՀ իշխանություններից ակնկալիքն այն է, որ առնվազն, երբ նրանք դիմեն Լիբանանում Հայաստանի դեսպանություն՝ ՀՀ գալու համար, իրենց տրվի կեցություն և աշխատանք և նաև որոշ պայմաններ, որ նրանք հայրենադարձության կամ Հայաստանում պատսպարվելու պատրվակով՝ Հայաստան միայն տուրիստական նպատակներով չգան: Այս բոլորը պետք է կազմակերպել և պետք է դա անել Լիբանանի համայնքի ազգային կուսակցությունների և կառույցների հետ, որովհետև կոչերը քիչ են, պետք է կազմակերպված լինի ամենը:

– Լիբանանում հայկական գաղութը սփյուռքի կարևոր դերակատարներից է, որքանո՞վ է կարևոր նրա գոյությունն այդտեղ: Արդյոք կորցրե՞լ է իր ուժը համայնքը՝ երկրին հասցված վնասից հետո:

– Հայաստանը կարողացավ 30 տարիների ընթացքում հասնել որոշ զարգացման և որոշ ներդրումներ եղան Հայաստանի համար ու նաև` Հայաստանին վերաբերող բոլոր խնդիրները շարունակում են զբաղեցնել միջազգային հանրությանը, քանի որ ամեն անգամ, երբ լուրջ վտանգ է սպառնում Հայաստանին ու Արցախին և աշխարհով մեկ այդ մասին արձագանք է լինում, հայկական սփյուռքի գոյության պատճառով է:

Սփյուռքը Հայաստանի համար ամենազորավոր հենարանն է, կարևորագույն զորակցության ազդակն է: Այնպես որ ես չեմ կարծում, որ սփյուռքը իր արժեքը կորցրել է: Ես որպես սփյուռքահայ չեմ խոսում, խոսում եմ որպես Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքին ծանոթ մարդ: Ես կասեմ, որ սփյուռքը Հայաստանի համար մեծ կարևորություն ունի:

Այդ նույն խնդիրը նաև Լիբանանին է վերաբերում: Լիբանանում ապրող լիբանանցիների թիվը 3-4 միլիոն է, սակայն սփյուռքը կազմված է 10 միլիոն լիբանանցիներից: Եվ այդ սփյուռքն է, որ շարունակում է աջակցել Լիբանանին նյութապես, քաղաքականապես, մշակութային բնագավառներում:

Լիբանանի հայ համայնքը շարունակում է զբաղեցնել կարևոր դեր սփյուռքում: Այստեղ հայությանն ընձեռնված քաղաքական հնարավորությունները մեծ են և այդ պատճառով հնարավոր է լինում տարբեր հարցերի զորակցելը կամ ընդդիմանալը, հատկապես Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերում:

Քաղաքացիական պատերազմ, տնտեսական խնդիր, քաղաքական ահաբեկչական աշխատանքներ և այլն. այս ամենը կարողացանք հաղթահարել և դեռ շարունակելու ենք գոյատևել: Մեր ներկայությունը Լիբանանում` խորհրդարանում ներկայացված պատգամավորներով, կառավարություններում ներկայացված նախարարներով և ընդհանրապես Լիբանանում գոյություն ունեցող հայությունը մեծ նշանակություն ունի թե’ Լիբանանի, թե՛ Հայաստանի, թե’ ընդհանրապես սփյուռքի կյանքում: Այդ պատճառով էլ, ես կարծում եմ, որ պետք է զորակցել լիբանանահայությանը, որ այն վերադառնա իր երբեմնի ապրելաոճին և կյանքին և շարունակի իր քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային դերը խաղալ բոլոր բնագավառներում:

Հռիփսմե Հովհաննիսյան