Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգ ամիս հարկադրված պարապուրդից հետո «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 18-րդ փառատոնը թատերական ոլորտում առաջամարտիկն էր, որն ընթացավ համավարակի պայմաններում՝ համավարակի կանխարգելման կանոնները պահպանելով: Ինչպես ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը Yerkir.am-ի հետ զրույցում բնորոշեց, «Արմմոնոն» կայացավ մեր ապրելակերպին համահունչ:
«Այս տարվա «Արմմոնո» փառատոնը բացառիկ էր: Առհասարակ, հիմա մենք ապրում ենք բացառիկ պայմաններում եւ, բնական է, որ մշակույթն էլ, մասնավորապես այս փառատոնը, կայացավ մեր ապրելակերպին համապատասխան»,- ասաց Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն ու շարունակեց. «Երբ բոլոր թատրոնները փակ են, գրեթե ոչ ոք չի աշխատում, եւ այդ պայմաններում Հայաստանում փառատոն է կայանում, սա պարզապես հերոսություն է, սխրագործություն: Բայց, չենք դժգոհում այս պայմաններից եւ ոչ էլ համակերպվում ենք, այլ այս պայմաններում փորձում ենք գտնել նորը, այլ տարբերակներ, որպեսզի հնարավոր լինի աշխատել: Այսինքն, մեկ անգամ եւս հաստատում ենք, որ թատրոնը կա, թատրոնն ապրում է»:
Գրեթե տասն օր շարունակ բացօթյա եւ առցանց տիրույթում ցուցադրվեց 21 ներկայացում, իսկ փառատոնի մեկնարկն ու ավարտն ազդարարվեց Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պիեսի բեմադրությամբ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի ռեժիսուրայով ու մոնոխաղով:
Ի դեպ, ներկայացումը տեղի էր ունենում Մուշեղ և Զուլում Գրիգորյանների արվեստանոցի բակում: Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի դիտարկմամբ, կարծես այս տարածքը ստեղծված լիներ հենց այդ ներկայացման համար. «Մուշեղ եւ Զուլում Գրիգորյանների արվեստանոցում տարիներ առաջ արեցինք «ԱրմմոնոPlus» -ի փակման արարողությունը եւ այս բացօթյա գեղեցիկ բակն իմ մեջ տպավորվել էր: Իսկապես, այն այնքան համահունչ է Հրանտ Մաթեւոսյանի «Գոմեշը» գործի հետ, որ, կարծես թե, հենց ստեղծված էր այդ ներկայացման բեմադրության համար: Եթե մենք ուզենայինք դեկոր պատրաստել ավելի ճշգրիտ եւ հետաքրքիր, գուցե, չլիներ, անգամ չորացած ծառը դարձավ ներկայացման մի մասնիկ: Այս տարի փառատոնը նվիրված էր Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակին, ուստի, հենց այդ հրաշալի ներկայացումով մեկնարկեց եւ ավարտվեց «Արմմոնոն»: Արդեն կարող ենք ասել, որ այդ ներկայացումը «Արմմոնոյի» նախագիծն է, որին, ի դեպ, հետաքրքիր կյանք է սպասվում»,- մեզ հետ զրույցում ասաց փառատոնի տնօրենն ու շտապեց թվարկել, փառատոնի ընթացքում ցուցադրված հաջող ու հետաքրքիր ներկայացումները, ապա հույս հայտնեց, որ համավարակի պայմաններում հնարավորության դեպքում դրանք կրկին կխաղան բացօթյա տարածքներում: Իսկ թույլտվության դեպքում՝ նաեւ թատրոնների ներսում: Ըստ Մ. Մխիթարյանի, համավարակի պայմաններում «Արմմոնոն» կայացավ. «Դրա համար, ոչ թե գոհ եմ, այլ՝ երջանիկ»,- եզրափակեց փառատոնի տնօրենը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ