Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հրապարակախոսությունը գրողի ինքնասպանությունն է: Որոշում եմ այլևս հրապարակախոսական հոդվածներ չգրել, անցնել միայն գեղարվեստին, բայց հայի գենետիկ տագնապը հաղթում է, քաղաքացին է հաղթում, հայ ժողովրդի միասնությունը պահպանելու գաղափարն է հաղթում: Փոշիացող արժեքների, ամայացող հողի տիրոջ ջիղն է հաղթում, հազար տարի երազած անկախ պետությունը պահպանելու հրամայականն է հաղթում:
Կռիվ եմ տալու այս փղային կեղծ հղիության, թավշյա անպղության, հասարակության տոտալ քաղաքականացման ու պառակտման՝ մահամերձ տատիկից մինչև թոթովող մանուկը քաղաքական ճամբարների բաժանելու տնաքանդության դեմ: Հայոց ծիածանը խեղկատակի սևուճերմակ վարտիքով ծածկելու դեմ:
Թշնամիների առաջ սուփրա բացելու ու դարպասներ բացելու, ճերմակ դրոշներով կուրծքը կրակահերթերին դեմ տալու անհեթեթության դեմ է կռիվս, քո դեմ պատերազմողի հանդիման՝ քո ժողովրդին խաղաղության պատրաստելու դեմ: Հանուն Հայրենիքի ու հանուն անկախության զոհողությունը՝ հանուն ոչնչի անվանելու դեմ:
Փորձուելու եմ կռիվ տալ երկրում փոթորկվող քաոսի դեմ, ջրերը պղտորելու ու թունավորելու, հողի դեգրադացման, ամայացման, մոլախոտի դեմ:
Օտար փոթորիկների պտտահողմի դեմ է կռիվս, որ փորձում է ավերել իմ վանքերը, ջնջել մատյանները, խլացնել մեղեդիները, մոխրագույնի երանգներով պատել երկրի գուները՝ նռան ու որդան կարմիրներից մինչև ծիրանի ու դեղձի երանգները, երկնքի ու ջրի կապույտներից մինչև անտառների ու դաշտերի հավիտենական կանաչները:
Երեկվա գաղջի ու գաղջը թանձրացնող այսօրվա դեմ է իմ կռիվը:
Ինչպես կարող եմ լռել, երբ իմ երկրում այլասերության սերմեր են ցանում, երբ հայ տղամարդու ստեղծագործ միտքն ու զիլ բազուկը փորձում են փոխարինել մատնություն գրող նեղ ճակատով ու վտիտ ճանկով, նրա խոսուն լռությունը լաչառ կնկա ճղճղոցով, երբ հայ կնոջ բերանը պղծվում է տղամարդու հայհոյանքով, երբ փոխվում են դերերը, ու պարտադրվում է ապրել գլխվա՛յր ընտանիքում, գլխիվա՛յր հասարակությունում, գլխիվա՛յր տիեզերքում:
Սիրո անվան տակ հոգիներում բուն դրած ատելության դեմ է կռիվս, որ ազգի համար մահաբեր քաղցկեղ է դառել ու մետաստազները տարածել ողջ հայկական աշխարհում:
Մեր պատմությունն ու մեր դպրությունը աղավաղելու, թարսուշիտակ ներկայացնելու դեմ եմ կռիվ տալու, սերունդների հայացքը ճշմարիտ ուղուց շեղելու դեմ:
Ատելության քարավանների, աղանդների ու մութ ուժերի արշավներից իմ եկեղեցին պաշտպանելու կռիվ եմ տալու: Կռիվ եմ տալու օվկիանոսներ կտրած կեղծ մարգարեների ու կեղծ առաքյալների դեմ: Ժողովրդավարության անվան տակ ժողովրդի հոգին վարելու ու կործանարար որոմ ցանելու դեմ: Բժշկելու անվան տակ՝ արյուն քաշելու ու պղծելու վամպիրիզմի դեմ:
Քաջնազարականության դեմ, ժանտախտի պահին խրախճանք սարքողների դեմ է կռիվս, երդիկից թափվող գանձերով շլացածների դեմ, օրենքը օրենքի դեմ գործիք դարձնողների դեմ:
Սփյուռքի հետ կամուրջներն այրելու դեմ է իմ կռիվը, իշխանության հանցավոր անգործության, հայության միասնությունն ու ուժը ջլատելու, ձեռքը երակին չդնելու ու ցավը չդարմանելու դեմ եմ պայքարելու, աշխարհի բոլոր անկյուններում սիրով, նվիրոմով զոհողություններով կերտված հազարավոր հայ կառույցներում և հայ օջախներում ստեղծած միլիոնավոր հայաստանների օտարացման, վերացման դեմ է իմ կռիվը: Թումանյանի ու Չարենցի միասնության պատգամը Նիկոլի պառակտման, աջուձախ ծեփելու, բոլորին ու ամեն ինչ ցեխը կոխելու, պատգամով փոխարինելու դեմ:
Աննախադեպ երևալու սնափառության դեմ եմ կռիվ տալու, սոփեստության դեմ, քծնանքի ու երկերեսանիության, փարիսեցիութան դեմ:
Այս աշխարհաքաղաքական նոր դերաբաշխման մեջ իմ երկրի համար մոլորված, այսուայնկողմ վազող գավառամիտ ծաղրածուի դեր ստանձնելու դեմ է կռիվս:
Անօրեն օրենսդիր մարմնի, անձայն ու անիշխանություն նախագահի անգործության, իներտության դեմ եմ կռիվ տալու:
Գիտակցելու, վերլուծելու բայց գործ անելու մեր սեփական անկարողության դեմ է իմ կռիվը, մատնության ոգուց մեր մեջ բուն դրող վախի դեմ, ինքներս մեզնից մեր փախուստի դեմ: Սուտ ու կեղծիքը բրդի պես ծամելու ու մարսելու դեմ, մեր դուռ ու պատուհանը փակելու ու ներսում կուշտ ու տաք նստելու ջայլամային բնազդի դեմ:
Այսօր մեր բոլորի պես՝ իր տունը քանդողներին կանգնեցնելու անկարող տանտիրոջ անճարակության դեմ է կռիվս:
Ահա թե ինչու եմ գրում:
Էվելինա Բաղդասարյան