կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 14:19
Քաղաքական

Լիբանանը քաղաքական առումով ապամեկուսացվում է․ Շահան Գանտահարյան

Լիբանանը քաղաքական առումով ապամեկուսացվում է․ Շահան Գանտահարյան

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո հումանիտար օժանդակությունների միջազգային հոսքին առընթեր սկսվել են գերտերությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերը Լիբանան։  «Արմենպրես»-ի հետ  զրույցում Լիբանանի «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց,որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի, ապա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցերը նախանշում են Լիբանանի քաղաքական ապամեկուսացումը:

«Օրակարգը թվում է, թե առաջնային կարգով  նոր կառավարության կազմությունն է և դրան ընդառաջ վարչապետի թեկնածության շուրջ միջազգային համախոհություն գոյացնելը։ Փարիզը փորձում է նկատելի վերադարձ կատարել  պատմականորեն մոտիկ անցյալին իր հոգատարության տակ հայտնված երկիր և փորձել ազդեցիկ դեր վերստանձնել՝ համակողմանի բանակցություններ վարելով լիբանանյան հանգուցալուծումների համար»,-նշեց Շահան Գանտահարյանը։ 

Նա նկատեց, որ ճիշտ այստեղ  երևում է Փարիզ-Անկարա մրցակցությունը։ Նրա խոսքով՝ Միջերկրական ծովում Փարիզն ամրապնդում է իր ներկայությունն՝ ավելացնելով իր ծովուժը, այն  համակարգելով Հունաստանի հետ։ Դա արդեն պարզ զորակցություն է Հունաստանին՝ թուրքական ագրեսիայի դեմ։  Ըստ  Շահան Գանտահարյանի՝ Լիբանանում Թուրքիայի ազդեցության սահմանափակման գործողությունները կարող են ստանալ համաևրոպական տարողություն, իսկ այս գործում  Փարիզն առաջատար դիրք է զբաղեցնում։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը 170-ից ավելին էտասնյակ մարդիկ դեռ անհետ կորած ենՎիրավորվել է ավելի քան 6 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Օգոստոսի 8-ից Բեյրութում զանգվածային ցույցեր էին, որոնք հետագայում վերաճեցին անկարգությունների: Բողոքավորները Լիբանանի կառավարող կոալիցիային մեղադրում էին կոռուպցիայի մեջ եւ պահանջում վաղաժամկետ ընտրությունների անցկացում, ինչպես նաև նավահանգստում տեղի ունեցած պայթյունի անկախ հետաքննություն: Այդ ֆոնին օգոստոսի 10-ին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին: