կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-12 22:19
Առանց Կատեգորիա

Հայրենիքը գործով են սիրում

Հայրենիքը գործով են սիրում

Ամիսներ շարունակ աշխարհում մոլեգնում է թագավարակ կոչվող չարիքը: Այն հասցրել է հողին հավասարեցնել իր ճանապարհին հայտնված շատ տնտեսություններ: Կաթվածահար վիճակում են բոլոր ոլորտները, կյանքն աշխարհում կարծես կանգ է առել, մարդիկ հոգեբանորեն շատ ճնշված են: Այս օրերին ամբողջ աշխարհն է պայքարում համավարակի դեմ: Բոլոր հնարավոր միջոցներով փորձում է արվում հաղթահարել հիվանդությունը և դրա պատճառով առաջացած բազմաթիվ (այդ թվում՝ սոցիալական) խնդիրները: Հայաստանը ևս բացառություն չէ: Այստեղ խնդիրները բազմազան են:

Շատերի մոտ ճնշվածության հետևանքով ընկճախտ է նկատվում, ինչի պատճառներից մեկն էլ թերևս Կառավարության իրարամերժ հայտարարություններն են: Թիրախում է հայտնվել հատկապես սոցիալապես անապահով խավը:

Ստեղծված ճգնաժամի հետևանքով առանց այն էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներն ավելի են կռացել հոգսերի ծանր բեռի տակ: Շատերն օրվա հացի խնդրին են բախվել: Թեև Կառավարությունը ձեռնարկել է 2 տասնյակից ավելի հակաճգնաժամային սոցիալական աջակցության միջոցառումներ, սակայն դրանց արդյունքներն այնքան էլ տեսանելի չեն: Հասկանալի չէ, թե ինչին են ուղղվում համավարակի հաղթահարման համար նախատեսված միջոցները:

Աղքատության շեմին գտնվող 700 հազար քաղաքացի ունեցող երկրում հարյուր հազարավոր կարիքավորներ չընդգրկվեցին աջակցության շահառուների ցանկում, իսկ շահառուները չստացան համաչափ սոցիալական աջակցություն: Քաղաքացիների մյուս խումբն էլ, որն օգտվեց աջակցությունից, ստացած աջակցությամբ չէր կարող հոգալ նույնիսկ իր չաշխատած ամիսներից մեկի նվազագույն ծախսերը: Սակայն այս ամենի ֆոնին մեկ այլ ցավալի բան էլ կա. տպավորություն է ստեղծվում, թե սահմանամերձ գոտում բնակվող մեր հայրենակիցների, նրանց կարիքների մասին մոռացել են: Շատերը կարող են մոռանալ, սակայն դաշնակցական երիտասարդները երբեք չեն մոռանում մեր հայրենիքը պահողներին (սահմանամերձ գյուղերում ապրելը հերոսություն է):

Ապրիլի 8-ին հայտարարություն տարածվեց, ըստ որի՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ՀՅԴ մարզային կառույցների հետ ձեռնարկում են սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու ծրագիր: Ինքնաֆինանսավորման մի քանի ծրագրերից կուտակված գումարով գնվեց առաջին անհրաժեշտության պարենամթերքի առաջին խմբաքանակը, որը մի քանի օր անց հասավ Տավուշ: Իսկ արդեն ապրիլի 16-ին սկսվեց դրամահավաք, որի ողջ հասույթն ուղղվելու էր «Օգնի՛ր հայրենակցիդ – միասին կհաղթենք» օժանդակության ծրագրին: Այս դրամահավաքը թույլ տվեց ընդլայնել օգնության տրամադրման շրջանակը և օգնություն տրամադրել նաև սահմանամերձ գոտուց դուրս բնակվող ընտանիքների:

Անչափ կարևոր է այն փաստը, որ տեղում դրամահավաքներ կազմակերպեցին նաև Սփյուռքում գործող հայկական դպրոցները, հայրենակցական միությունները, ՀՅԴ կառույցները՝ անտեսելով այն հանգամանքը, որ ճգնաժամը թակել է նաև իրենց դռները: Օժանդակության ծրագրում իրենց մեծ ներդրումն են ունեցել նաև ՀՅԴ ուղեկից կառույցները՝ ՀՕՄ-ը և ՀՄԸՄ-ը: Մարդիկ, որոնցից շատերը երբևէ չէին տեսել Հայաստանը, իրենց հնարավորությունների սահմաններում արեցին ամեն բան՝ 1 ընտանիքի ավել օգնելու համար: Շնորհիվ այս դրամահավաքին մասնակցած յուրաքանչյուր անհատի և կազմակերպության՝ մինչ այս պահը հնարավոր է եղել օժանդակել Հայաստանի 8 մարզերում (Տավուշ, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց ձոր, Արագածոտն, Սյունիք) և Երևանում բնակվող շուրջ 2300 ընտանիքների։ Ստորև ներկայացնում ենք դրամահավաքին մասնակցած կազմակերպությունների ցանկը.

-ԱՄՆ-ի Նոր Ջուղայի «Զարթոնք» միություն,

-ՀՅԴ Արևելյան ԱՄՆ-ի երիտասարդական միություն,

-ՀՅԴ Կանադայի կառույց, երիտասարդական և ուսանողական միություններ, Կանադայի հայկական համայնք,

-ԱՄՆ-ի «Սասուն» հայրենակցական միություն,

-ԱՄՆ-ի «Ալեքս Պիլիպոս» դպրոցի սաներ և ուսուցչական կազմ,

-ՀՅԴ Լոնդոնի երիտասարդական միություն,

-ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի երիտասարդական միություն,

-ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միություն,

-ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միություն,

-ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միություն,

-ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միություն,

-Նոր Ջուղայի կրոնական խորհուրդ:

Նվիրատուների շնորհիվ ծրագիրն այսօր էլ շարունակվում է: Անգնահատելի է այս ծրագրին տրամադրված յուրաքանչյուր դրամը: Դրամահավաքին մասնակցած յուրաքանչյուր անհատ գործով ապացուցեց, որ հայրենիքի և հայրենակիցների կողքին է: Ի վերջո, հայրենիքը գործով են սիրում:

Անահիտ Դանիելյան

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ

Սովորում է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում

«Դրօշակ», թիվ 8 (1642), օգոստոս, 2020 թ.