Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապառաժ»-ի զրուցակիցը Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի, ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմինե Հարությունյանն է:
— Հայ Օգնության Միությունն Արցախում գործում է Արցախյան պատերազմի տարիներից: Եթե կարճ ամփոփելու լինեիք, դուք ինչպե՞ս կգնահատեիք այդքան տարիների գործունեությունը:
-Հայ Օգնության Միությունն Արցախում տարաբնույթ ծրագրեր է իրականացրել, որոնք բոլորը հնարավոր չէ կարճ ներկայացնել: Բայց կուզենայի անդրադառնալ ՀՕՄ-ի մշտական ծրագրերից մի քանիսին:
Նախ նշեմ, որ ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզներն Արցախում հիմնադրվել են պատերազմից անմիջապես հետո, այն տարիներին, երբ պետությունը դեռևս ի վիճակի չէր հոգալ մանկապարտեզների հոգսերը: Դրանով ՀՕՄ-ը փորձում էր անհրաժեշտ կրթություն, դաստիարակություն տալ նախադպրոցական տարիքի երեխաներին:
ՀՕՄ-ի կրթական ծրագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերվել զոհված զինծառայողների զավակներին՝ հնարավորինս թեթևացնելով տվյալ ընտանիքի նյութական կամ ֆինանսական բեռը:
«Լավագույն ուսանող» ծրագրով ոչ միայն խրախուսվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների առաջադիմությունը, այլև հաշվի առնելով ուսանողների սոցիալական վիճակը՝ փորձում ենք ինչ-որ չափով օգտակար լինել: Ճիշտ է, ՀՕՄ-ի հիմնական խնդիրը սոցիալական խնդիրները լուծելը չէ, բայց կազմակերպությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում խոցելի խավերին:
«Ուսանող» ծրագիրը խնամակալության ծրագրի շարունակությունն է, որով աջակցում ենք զոհված զինծառայողների և երկկողմանի ծնողազուրկ զավակներին:
-Արդյո՞ք Արցախյան պատերազմի տարիների և ներկայիս ՀՕՄ-ի ծրագրերի ուղղվածությունը փոխվել է:
-Կան մնայուն ծրագրեր, որոնք շարունակվում են մինչև հիմա: Բայց ծրագրերի ու նախաձեռնությունների մի մասն էլ բխում են ժամանակի պահանջներից: Դրա ապացույցն է ապրիլյան պատերազմի ժամանակ աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ ՀՕՄ-ի աջակցությունը, որով օգնել ենք առաջնագծում ծառայող եւ զոհված զինծառայողների ընտանիքներին:
Օրինակ, «Այցելություն դիրքապահ զինվորին» ծրագիրը սկսեցինք իրագործել, երբ ավելի ինտեսիվ էր դառնում թշնամու կրակը, դիրքերում իրադրությունն անհանգիստ էր: Մենք, իհարկե, չենք կասկածում դիրքում կանգնած մեր զինվորների ոգուն, բայց նպատակը տնից-տեղից հեռու, առաջնագծում կանգնած զինվորին ոգևորելն էր, մեր մայրական սերը, աջակցությունը հայտնելը: Ծրագիրը գործում է մինչև հիմա: Այսինքն, ՀՕՄ-ի ծրագրերը կարևորվում են ոչ միայն նյութական աջակցության առումով, այլև բարոյահոգեբանական նշանակություն ունեն:
-2011թ-ից ՀՕՄ-ի անդամ եք, երկու անգամ ատենապետուհի եք ընտրվել: Եվ այժմ ՀՅԴ համամասնական ցուցակում եք: Ձեր հասարակական ակտիվ գործունեությունն արդյո՞ք չի տուժի քաղաքական գործունեության պատճառով:
-Ես ինձ երբեք քաղաքականության մեջ չեմ պատկերացրել, բայց կարծում եմ, որ այն չի խանգարի հասարակական գործունեությանը: Ներկայումս ես պետական ծառայող եմ և կարողանում եմ հասարակական գործունեությունս աշխատանքային պարտականությունների հետ համատեղել: Մեծ հաճույքով, պատասխանատվությամբ եմ կատարում իմ աշխատանքը:
Կարծում եմ նաև, որ տարիների ընթացքում հասարակության տարբեր խավերի հետ շփումները, խնդիրներին ծանոթ լինելը նպաստելու է դրանց լուծման ուղղությամբ աշխատելուն: Շուտափույթ լուծում պահանջող խնդիրներից եմ համարում նվազագույն աշխատավարձի, թոշակի բարձրացումը լիարժեք կենսապայմաններ ապահովելու համար: Անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, ուղիներ փնտրել դրանք լուծելու համար: Կարծում եմ, որ այն հնարավոր է համատեղ ուժերով լուծել:
Նաև կրթական ոլորտում եմ բազում խնդիրներ, բացթողումներ տեսնում, որոնք լուծում են պահանջում: Թեստերի, կրկնուսույցների համակարգն արդյունավետ չեն:
-Ինչպե՞ս եք պատկերացնում կնոջ դերը քաղաքականության մեջ:
-Մինչև վերջերս այդ հարցի մասին լրիվ այլ տեսակետ ունեի: Չեմ կարծում, որ կինը չպետք է քաղաքականության մեջ լինի, որովհետև կան սոցիալական, կրթական բազում խնդիրներ, որոնց կինն ավելի քաջատեղյակ է: Կինն իր մտածելակերպով, իր մոտեցումներով նորամուծություններ ու առաջխաղացում է բերելու: Կնոջ ներկայությունը նաև զգաստության, ավելի իրատեսական որոշումներ կայացնելու երաշխիք է: Կանանց ներկայությունն անհրաժեշտություն է բոլոր բնագավառներում: Բայց կանայք այնքան են ընտանեկան և աշխատանքային հոգսերով ծանրաբեռնված, որ համեմատաբար քիչ տեղ ունեն քաղաքական դաշտում:
-Արդյո՞ք բնական եք համարում, որ ՀՅԴ քույր կառույցի անդամն ընդգրկված է ՀՅԴ համամասնական ցանկում:
-Ինչ-որ տեղ բնական է, քանի որ ՀՕՄ-ը ստեղծվել է Դաշնակցության կողմից: ՀՅԴ-ն ու ՀՕՄ-ը միմյանց փոխլրացնում են, և ՀՕՄ-ի անդամների փորձը կարող է օգտագործվել առկա խնդիրները վեր հանելու և համատեղ ուժերով դրանք լուծելու համար: Երկու կառույցների գերագույն նպատակն էլ ի շահ ժողովրդի աշխատելն է, հոգսերը թեթևացնելը՝ լինի քաղաքական, կրթական, սոցիալական կամ այլ ոլորտում:
Ես դաշնակցական չեմ, բայց ՀՅԴ-ի գաղափարները հայանպաստ են և հարազատ են յուրաքանչյուր հայի, ով սիրում է իր հայրենիքը, ով մտածում է իր ժողովրդի մասին:
Հարցազրույցը՝ Տաթեւիկ Աղաջանյանի