|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ինձ համար ընդունելի չէ, որ Եզրաս Սրբազանը, ով պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնության համայն հայության ներդաշնակությունն ու համերաշխությունը, հանգիստ նայում էր, թե ինչպես են Աստծու տաճարում նվաստացնում ու վիրավորում մոլորյալ գործարար Սարիբեկ Գևորգյանին և որևէ կերպ չէր միջամտում: Այս մասին իր տեսաուղերձում ասաց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը` անդրադառնալով «Шёлковый Путь» առևտրի կենտրոնի սեփականատեր Սարիբեկ Գևորգյանի և ռուսաստանաբնակ ջավախահայ Նորայր Թևանյանի ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասնակցությամբ միջադեպին:
Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին` Վարդանյանը նշեց. «Ես դեմ եմ հանքերի շահագործմանը, դեմ եմ, որ ինչ-որ մեկը կամ որևէ ընկերություն հարստանա իմ հայրենակիցների հաշվին: Ես, բնականաբար, աջակցում եմ նրանց, ովքեր պայքարում են, որ Ամուլսարը սար մնա»:
Արման Վարդանյանը նաև ցավակցություն հայտնեց օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի հարազատներին ու մերձավորներին և առողջություն մաղթեց վիրավորներին:
«Այս ողբերգությունը ստիպեց մեզ մտածել, որ Հայաստանը կարիք ունի հայրենադարձության, որը բխում է և՛ սփյուռքում ապրող հայերի, և՛ մեր պետական անվտանգությունից»,- նշեց նա, ապա հավելեց. «Բեյրութում տեղի ունեցածի պատճառը քաղաքական անմեղսունակությունն ու իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմն էր, ինչը, ցավոք սրտի, որոշակիորեն նկատում ենք նաև Հայաստանում: Եկել է ժամանակը, որ մեր իշխանությունները սթափվեն և երկիրը ղեկավարեն պրոֆեսիոնալ կադրերով, այլապես նրանք ստիպված կլինեն զիջել իրենց տեղը ուրիշներին»: