Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տևական ժամանակ է՝ լայն հասարակության քննարկման առարկա են հանրակրթական դպրոցում գրականության, պատմության և հասարակագիտության ուսումնառության հայեցակարգերը: Լինելով գրականության բնագավառի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ անդրադառնալ գրականության հայեցակարգին, արտահայտել իմ անհանգստություններն ու մտահոգությունները:
Զարմանալիորեն պարզվում է, որ ուսումառության նպատակն են բանավոր ու գրավոր խոսքի ուսուցումը, մշտական զարգացումը և կատարելագործումը: Բացի դրանից. «Գրական և ոչ գրական, արձակ և չափածո տեքստերի ընթերցումը, դրանց համակողմանի վերլուծությունը… զարգացման նպատակ ունեն Գրական–գեղարվեստական տեքստերի լեզվաոճական վերլուծությունը և այլն, զարգացնում են աշակերտի լեզվամտածողությունը, ձևավորում ուղղակի վերաբերմունք մայրենի և օտար լեզուների հանդեպ, սովորեցնում հարգել թե՛ սեփականը, թե՛ օտար մշակույթները, արժևորել դրանք որպես համամարդկային մնայուն արժեքներ»:
Այսքանը: Շատ լավ է, շատ առաջադեմ, շատ մարդկային, ոչինչ չունեմ ասելու: Այս ծրագրով կարող ենք մեր երեխաներին դաստիարակել որպես կիրթ, աշխարհաճանաչ, ճարպիկ, աշխարհի ցանկացած անկյունում հարմարվող քաղաքացիներ: Բայց մենք միայն հպարտ քաղաքացիներ չենք դաստիարակում, այլ որոշակի ազգի ներկայացուցիչներ, որոնք իրենց տեղն ու դերն ունեն մյուս ազգերի կողքին: Իսկ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ իր պարտքն ու պարտականություններն ունի իրեն ծնող ազգի հանդեպ: Հետևաբար ազգային կրթական ծրագիրը, բացի վերը թվարկածներից, պետք է ունենա նաև ազգային ինքնության, ազգային մտածողության դաստիարկության դերակատարություն: Եթե ուզում ենք պահպանել մեր տեղն աշխարհում, ուզում ենք ունենալ Հայրենիք, որոշակի մի տարածք, որը ոչ ոք չկարողանա վերցնել մեզնից, պիտի մեր դպրոցներում ներարկվի այդ հասկացողությունը:
Մենք պարզապես իրավունք չունենք սերունդների դաստիարակել, ինչպես օրինակ, Եվրոպայի անվտանգ կենտրոնում գտնվող Շվեյցարիայի կամ Լյուքսենբուրգի նման երկրները: Հայեցակարգ մշակողները պետք է նկատի առնեին, որ երկու կողմից շրջափակված ենք թշնամի պետություններով, մյուս երկու կողմից՝ պետություններով, որոնց շահերը կարող են վաղը կամ մյուս օրը չհամընկնել մեր շահերի հետ: Թուրքերի հետ բարեկամության քարոզ անողները, եթե հատուկ, ծախու նպատակներ չեն հետապնդում, թող դասեր առնեն անցյալի պատմությունից: Այդպիսի քարոզ կարդացողները երևի չգիտեն, որ թուրքերն ունեն հստակ ազգային ծրագիր, որի իրականացմանը մենք ենք խանգարում, և ինչքան էլ միամտաբար թե խորամանկորեն բարեկամության քարոզ կարդանք, միևնույն է, նրանք իրենց ծավալապաշտական, համաթյուրքականության ծրագրերից չեն հրաժարվի:Ադրբեջան կեղծ պետության դպրոցների ու բուհերի դասագրքերի բազմաթիվ էջերում աշակերտներն ու ուսանողներն ամեն օր նամազի նման կարդում են, որ հայերն իրենց թշնամիներն են, որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, Մեծ Ադրբեջանի անքակտելի մասը, որը վաղ թե ուշ ետ են վերցնելու: Իսկ մենք աշխարհաքաղաքացի ենք դաստիարակում՝ հույսներս դնելով աշխարհի հզորների արդարադատության վրա: Դա բազմաթիվ անգամներ տեսել ենք, տեսել ենք նաև մոտիկ անցյալում, երբ Ստամբուլի իշխանավորները 1915 թվականին այդ արդարամիտ աշխարհի առաջ ցեղասպանեցին մեր ազգն ու հափռեցին մեր դրախտային երկիրը, աշխարհի հեչ պետքն էլ չէր:
Պետք է վերջապես հասկանանք, որ աշխարհում գոյատևելու համար հարկավոր է հզորացնել սեփական պետությունը,տնտեսությունն ու բանակը, ամրացնել պետական սահմանները: Իսկ դա հնարավոր է միայն համազգային միաբանությամբ, ինչի հիմքն է ազգային ինքնություն և մտածողություն ունեցող երիտասարդությունը:
Այո՛, մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ: Մեր դպրոցներում պարտավոր ենք այնպիսի ուսումնական ծրագրեր հաստատել, որոնց հիմքում դրված լինի ազգային ինքնության և ազգային մտածողության ձևավորումը: Ոչ ոք դեմ չէ հայեցակարգում ներառված «ժողովրդավարական, սովորողակենտրոն, տարբերակված ուսուցման սկզբմունքներ»-ին: Բայց առաջին տեղում պետք է լինի ազգային մտածողության, հայրենասիրության արմատավորման սկզբունքը: Ի՞նչ կտա մեզ` որպես ազգի, որպես նորանկախ պետություն կառուցողի, դպրոցում «ներանձնային, ներդաշնակ զարգացումը, անհատականության ձևավորումը», եթե այն պետք է ձևավորի եսակենտրոն աշխարհաքաղաքացու: Եթե հայրենիքի վտանգի մեջ հայտնվելու պահին մարդը պիտի մտածի միայն սեփական անձի ապահովության, երկրի տնտեսական աղետի պահին պիտի գլուխն ազատի, փախչի Ռուսաստան կամ ԱՄՆ, անգամ՝ Թուրքիա՝ կուշտ փորով հաց ուտելու համար:
Այդպիսի ապազգային կրթություն և դաստիարակություն ստացած երիտասարդ քաղաքացու համար նշանակություն չի կարող ունենալ, թե ով է իրեն ծնել ու մեծացրել, ով է ծախս արել իր դպրոցական և բարձրագույն կրթության վրա: Կրթություն ստանալուց հետո կարող է չվող թռչունի նման թռչել ցանկացած երկիր և իր տաղանդը տրամադրել օտարի հզորացմանը:
Այնպիսի տպավորություն է, կարծես առաջին նախագահի «Ազգը կեղծ կատեգորիա է» «թևավոր» խոսքը, ցավոք, չի մեռել, այն ապրում է մինչև այսօր, և հայեցակարգի հեղինակները նրա ապազգային, հայակործան գաղափարախոսության կրողներն են: Իսկ հայեցակարգը ապազգային դաստիարակության բացահայտ ծրագիր է, որը պետք է մերժվի կամ հիմնովին վերափոխվի:
Ապազգային է ոչ միայն հայեցակարգի բովանդակությունը, այլև հեղինակների և գրականության ընտրությունը: Հայ գրականության դասագրքերի վերնագրերից «Հայ» բառը հանելը տվյալ դեպքում ճիշտ է, որովհետև դրանք հայ գրականության դասագրքեր չեն: Օրինակ 7–րդ դասարանի դասագրքում երեք հայ գրողի կողքին դրված է երեք արտասահմանյան գրող, 10-րդ դասարանի դասագրքում 9-ը հեղինակից 3-ն են հայ գրողներ: Եթե դասագրքի վրա գրվի «Հայ գրականություն», պարզապես ծիծաղելի կլինի:
Անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է ընտրություն կատարվել, երբ Չարենցի , Սահյանի ու Սևակի կողքին դրել են Հովհաննես Գրիգորյանի անունը: Ի՞նչ առավելությամբ կամ առանձնահատկությամբ են ընտրել հենց նրան: Հովհաննես Գրիգորյանն իմ գրչակից ընկերն է, ես ոչինչ չունեմ նրա դեմ, ուրախ եմ, որ գնահատել են, բայց ասենք ինչու՞ ոչ Արմեն Մարտիրոսյանին, Հենրիկ Էդոյանին, կամ... Ժամանակակիցներ են, գրչակից ընկերներ, եթե ոչ ավելի տաղանդավոր, ապա՝ հավասար: Կամ ասենք Ակսել Բակունցի ու Հրանտ Մաթևոսյանի կողքին՝ Գրիգի «Հիսուսի կատուն» , Ռաֆֆու, Շիրվանզադեի կողքին՝Արամ Պաչյան, ոչ թե Վահագն Գրիգորյան: Ժամանակակից նման գրողների ցուցակը բավականին երկար է, բոլորին չարժի թվել: Հեղինակներ, որոնց գործերը, որպես կանոն, ունեն ցածր գեղագիտություն և գռեհիկ բառուբան:
Հարց է առաջանում` ինչ դաստիարակություն ենք տալու մատաղ սերնդին նման գրականությամբ: Դեռ լավ է, որ սխալմամբ թե պատահմամբ, ընտրվել է նաև Խաչիկ Մանուկյանի « Բարձունքը մերն է, տղերքը չկան» հայտնի բանաստեղծությունը:
Չպետք է մոռանանք, որ մարդ անհատի ձևավորման հարցում մեծ նշանակություն ունի դաստիարակությունը, մանուկ հասակից ստացած մտավոր և հոգևոր սնունդը: Մի անգամ Ճապոնիայի վարչապետին հարցնում են. «Ո՞րն է երկրի աննախադեպ հաջողության գաղտնիքը», նա պատասխանում է. «Մենք ուսուցչին տալիս ենք նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի կարգավիճակ, կայսրի պաշտամունք»: Այո՛, նրանց համար պաշտամունք է մատաղ սերնդի դաստիարակության խնդիրը, գիտեն, որ պետք է ամենամեծ ուշադրությունը կենտոնացնել դրա վրա; Հենց այդ է պատճառը, որ երկրորդ համաշխարհայինից գլխովին ջախջախված և զրոյացված տնտեսությամբ դուրս գալով, այսօր հզորագույն երկրների շարքում են:
Երևի հարցադրումն այստեղ այնքան էլ տեղին չէ: Պարզ է, թե ինչպես է ընտրություն կատարվել: Եվ՛ ժամանակակց գրողները, և՛ նրանց ընտրողները նույն գաղափարախոսության կրողներն են, նույն խմբի անդամները: Եվ՛ գրողների, և՛ ընտրողների համար բացակա են «ազգ», «Հայրենիք» հասկացությունները: Եվ բոլորն այնքան խելացի են, որ գիտեն՝ երկիրը վտանգի մեջ հայտնվելու դեպքում ինձ նման «տգետներն ու հիմարները», միևնույն է, գնալու են կյանքի գնով փակելու թշնամու ճանապարհը, իսկ իրենք վայելելու են թանկ գնով նվաճված խաղաղությունը: Վայելելու են առաջադեմի, մտավոր զարգացածի, համաշխարհայնության գաղափարակրի անամոթ կեցվածքով: Ակտիվորեն ծաղրելու են ազգային ավանդույթները, ազգային դաստիարակության ծրագրերը, փոխարենը քարոզելու են կեղծ խաղաղասիրություն, աշխարհաքաղաքացիություն, համաշխարհայնացում : Նման մարդիկ ուշացած ուղևորների նման երևի չեն տեսնում, որ եվրոպական պետություններում արդեն, երկարատև թմբիրից ու խաբկանքից դուրս գալով, պայքարում են ազգային ինքնության վերականգնման համար: Իսկ մեր «լայնախոհները և աշխարհաճանաչները» ուշացած ճամփորդի նման վազում են սպառվող վառելիքով գնացքի հետևից:
Զարմանալի է, որ հեռուստալիքներով ելույթ ունեցողներից շատերը գուցե անկեղծ, գուցե չըմբռնելով նշում են, թե ծրագրերի հեղինակները չեն հասկացել՝ ինչ են անում: Սակայն հենց այնպես կրթական ծրագիր չի ստեղծվում: Պարզ է, որ այդ հանձնախումբը լավ է իմացել՝ ինչ է անում, ինչուէ ընտրում տվյալ հեղինակներին, ինչու է ուզում հիմարացնել ազգին:Կա՛մ նրանք բոլորը նույն գաղափարի կրողներ են, կա՛մ կարգադրություն են ստացել վերևներից, կա՛մ երկուսը՝ մեկտեղ: Նման ազգային կրթական ծրագրի հեղինակները, որնաշխատելու են միայն մեր պետական անվտանգության դեմ, իրավունք չունեն շարունակելու իրենց գործունեությունը:Հետաքրքիր է, ո՞ր ձեռքբերումների համար են այս մարդկանց հանձնարարել նման պատասխանատու գործը և անտեսել իսկապես ազգային հայեցակարգ ունեցող մասնագետներին: Հավանաբար վերջիններս իրենց թայֆայից չեն:
Մեր հասարակությունը պետք է արթնանա ժամանակավոր թմբիրից, միասնական ուժերով պայքարի ծրագրի իրականացման դեմ, կանգնի մինչև վերջ և պահանջի հանձնաժողովի ու ԿԳՄՍ նախարարի հրաժարականը: Հակառակ դեպքում նրանք, չնչին կարկատաններով ապակողմնորոշելով հասարակությանը, հաստատելու են այս ծրագիրը՝ դաստիարակելով ապազգային մտածողությամբ, հայրենիքի զգացողություն չունեցող սերունդ, կործանարար հարված հասցնելով մեր ազգային անվտանգությանը:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Գրող, ազատամարտիկ