Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ԱԺ-ում լրագրողներին բացատրեց, թե ինչի համար է կառավարությունը որոշել Սևանա լճից 100 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնել: Արսեն Հարությունյանը պարզաբանեց, որ այս պահին Ախուրյանի ջրամբարում 230 միլիոն խորանարդ մետր ջրի պակաս կա:
«Անցած տարի այս օրերին Ախուրյան ջրամբարն ամբողջովին լցվել էր, և թափվում էր ջուրը, սակայն այսօր մենք այնտեղ 230 միլիոն խորանարդ մետր ջուր լցնելու խնդիր ունենք: Ազատի ջրամբարում էլ 17 միլիոն խորանարդ մետր ջուր լցնելու խնդիր ունենք: Մենք այդ ջուրը տանում ենք` ջրամբարները լցնելու»,- ընդգծեց Արսեն Հարությունյանը:
Դիտարկմանը, թե այս տարվա կլիման նախորդ տարվանից շատ չի տարբերվել, նա չհամաձայնեց: «Հիմա մենք արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկատություն ունենք, որ այս տարի վիճակը 20 տոկոսով ավելի է ծանրացել: Այս տարին բավականին ձնառատ է եղել, բայց գարնանն ակնկալվող անձրևները, որոնք այդ ձյունը պետք է տանեին ջրամբարներ, չեն եղել: Գարնանը եղել է արև, որն այդ ձյունը գոլորշացրել է, մի մասն էլ հողն է ներծծել»,- մանրամասնեց Հարությունյանը:
Դիտարկմանը՝ բնապահպաններն էլ աղաղակում են Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու դեպքում բնապահպանական աղետի մասին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդգծեց, որ Սևանա լճի մակարդակն ունի շեմ, որից ավելի չի կարող բարձրանալ: «Այդ շեմը 1902 մետր 63 սանտիմետրն է: Այսօր լճի մակարդակը 1900 մետր 93 սանտիմետր է: Հետևաբար, մշտական բարձրացում չի կարող լինել: Օրենքում նշված է, որ տարին մենք պետք է ավարտենք դրական սալդոյով, մենք այդ դրական սալդոն կապահովենք»,- նշեց նա:
Արսեն Հարությունյանն անդրադարձավ նաև նոր ջրամբարների կառուցման հարցին: Նա հայտնեց, որ արդեն մեկնարկել են Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները: «Ես անցած հինգշաբթի եղել եմ ջրամբարում, կարող եմ ասել, որ ակտիվ շինարարություն է ընթանում: Նախորդ կառավարության կողմից հաստատված նոր ջրամբարների շինարարության ծրագրերն էլ ընթացքի մեջ են: Հիմա դրանք ուսումնասիրությունների փուլում են, տեխնիկական ընթացակարգեր են ընթանում, որպեսզի մրցույթներ հայտարարվեն»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ կարծես բնապահպանության նախարարը դեմ էր Սևանից ջրի բացթողմանը, անգամ փորձեց խոսել, բայց վարչապետը նրան լռեցրեց, Հարությունյանը պատասխանեց. «Պարզ է, որ բնապահպանության նախարարությունը պետք է ունենա իր առարկությունները, բայց մեր հիմնավորումները շատ ավելին են»: