Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Realist Arabic»-ի գլխավոր խմբագիր, եգիպտացի քաղաքագետ Ամր Էլդիիբը «Ռեալիստ» լրատվական գործակալությանը պատմել է Արաբական Արևելքի երկրների հետաքրքրությունը Անդրկովկասում ընթացող գործընթացներում, հատկապես՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի դեմ ագրեսիայի ֆոնին, որը շարունակվում է հուլիսի 12-ից:
Ո՞վ պետք է պատասխան տա հայ-ադրբեջանական սահմանին սրվածության համար:
Ինչպես ես հասկանում եմ, ադրբեջանական կողմը ցանկանում էր հայերին հեռացնել իրենց դիրքերից: Ավելին, Հայաստանի վարչական տարածքից, այսինքն՝ իր երկրի ներսում: Բայց Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանի զինված ուժերը նման կոշտ պատասխան կտան:
Վերջերս Ադրբեջանի ղեկավարությունն ու գեներալները շատ են գովերգում իրենց և անհեթեթություններ խոսում հայկական զինված ուժերի մասին: Բայց այսօր հայկական բանակը հերթական անգամ ցուցաբերեց բարձր մակարդակ՝ ստիպելով Ադրբեջանի զինված ուժերին դադարեցնել սադրանքներն ու կրակոցները: Համացանցի ադրբեջանական հատվածում բազմաթիվ տեսանյութեր և զեկույցներ ցույց են տալիս խուճապ և դժգոհություն բնակչության շրջանում:
Բացի ռազմական բաղադրիչից, Հայաստանին հաջողվել է ապակայունացնել Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը: Հիմա հայ դիվանագետներն արդեն այլ դիրքերում են, այդ թվում`ՀՀ վարչապետն ամրապնդեց իր դիրքերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, սա վերաբերում է նաև Ալիևի հետ նրա հնարավոր հռետորաբանությանը:
Եթե Ադրբեջանում բնակչության ներսում գերակշռում է ընկճված վիճակը, ապա Հայաստանում հակառակն է:
Հետաքրքիրն այն է, որ Հայաստանը Ռուսաստանից կամ որևէ մեկից օգնություն չի խնդրել:
Այնուամենայնիվ, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Երևանը հույս ունի Մոսկվայի միջնորդական ջանքերի վրա`հայ-ադրբեջանական սահմանին բախումները վերջ դնելու հարցում ...
Վստահ եմ, որ Երևանը որևէ մեկին չի դիմել: Հայաստանը դրա կարիք չունի: Ըստ ռազմաճակատի և այլ աղբյուրների հաղորդումների՝ պարզ էր, որ հաջողությունը հայկական կողմում էր: Թե ինչու է դիվանագետը արել այդ հայտարարությունը, պարզ չէ: Այս դեպքում դեսպան Տողանյանը նվաստացրել է իր երկիրը: Կարծում եմ՝ հետևանքներ կլինեն նման անհիմն հայտարարության համար:
Հիմա ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դիրքն ու նրա բանակի դերը Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում:
Ես լավ գիտեմ իմ տարածաշրջանը և Անդրկովկասը: Ես տեսնում եմ, որ Հայաստանը, իր զինված ուժերի շնորհիվ, դառնում է ազդեցիկ տարածաշրջանային երկիր: Մեր տարածաշրջանում հենց զինված ուժերն են կարևոր դեր խաղում. այսինքն Գլխավոր շտաբը: Մեր գեներալները օգնում են երկրի ղեկավարներին լուծել բազմաթիվ խնդիրներ: Հետևաբար, պետության ղեկավարը հաճախ գերադասում է գործ ունենալ նրանց հետ, քան քաղաքացիական նախարարների հետ:
Մերձավոր Արևելքում շատ լավ հասկանում են հայկական բանակի դերը Անդրկովկասում իրավիճակի կայունացման գործում: Տարածաշրջանի շատ երկրներ, կարծես, հետաքրքրված են Երևանի հետ համագործակցելով՝ հաշվի առնելով իրենց ընդհանուր հետաքրքրությունները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ներկայումս այդ հետաքրքրությունը թելադրված է նաև Թուրքիայի գործողություններով՝ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում:
Որո՞նք են Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման շանսերն ու հեռանկարները:
Շանսերը մեծ են: Մենք սերտ և վստահելի հարաբերություններ զարգացնելու ներուժ ունենք: Առավել ևս, երկու երկրները բախվում են նման մարտահրավերների և սպառնալիքների: Ես պատրաստվում եմ շուտով այցելել Հայաստան: Կահիրեն և Երևանը խոսելու շատ բան ունեն։ Ի դեպ, Եգիպտոսում կա հզոր հայկական սփյուռք: Եգիպտացիների և հայերի միջև հարաբերությունները ձգվում են մինչև հին ժամանակներ: