Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ տավուշյան իրադարձությունների կենտրոնում կրկին անօդաչուների պայքարն էր՝ և՛ մեր կողմից խոցումներ ֆիքսվեցին, և՛ նաև բազմաթիվ դրվագներով վնաս հասցվեցին մեր օբյեկտներին՝ բնակավայրերին, հասարակական նշանակության շինություններին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կետրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Նա նկատեց, որ ժամանակակից տեխնոլոգիաների ակտիվ ներգրավվածությունը պատերազմներում ոչ միայն այս դրվագում, այլ նաև ամբողջ աշխարհում դառնում է առաջնահերթ։
«Այս փուլում նկատելի է, որ տարբեր երկրներ մեծ գումարներ են ներդնում սեփական տեխնոլոգիաների մշակման, թռչող սարքերի կատարելագործման համար։ ԱԹՍ-ներ, որոշակի առումով, կիրառվել են նաև 2016-ի ապրիլյան մարտական գործողություններին, դրանից հետո, նաև մենք էինք կիրառել սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Ժամանակի ընթացքում մենք էլ տեխնոլոգիական առումով առաջընթացը անընդհատ պետք է կարողանանք ապահովել՝ ներդրումներ անելով ռազմական տեխնոլոգիաներում, և մեզ համար ապահովենք անվտանգային այնպիսի համակարգ, որը մեզ թույլ կտա շատ ավելի էֆեկտիվ հակազդելու Ադրբեջանի գործադրած միջոցներին»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ մարտերը, թվում է՝ մարդը սենյակում նստած կառավարում է, բայց նաև պետք է դիտարկել, որ նա նաև շատ ավելի թիրախավորված է, քան սրանից 15-20 տարի առաջ՝ նկատեց նա։ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, սա զարգացման միտում ունի։ Եթե այսօր խոսում ենք անօդաչուների կիրառման մասին, ապա աշխարհում փորձարկվում, գործում են առանց մարդկային միջամտության, ծրագրային հեռավար կառավարմամբ նաև այլ զինատեսակներ։
«Աշխարհը գնում է նոր տեխնոլոգիաների ճանապարհով և ակնհայտ է, որ մենք էլ, հատկապես որպես պատերազմի մեջ գտնվող երկիր, անընդհատ պետք է կատարելագործենք մեր մասնագիտական հնարավորությունները, որպեսզի այս ընդհանուր դինամիկային համահունչ քայլենք և պատերազմի տարբեր դրվագներում ավելի էֆեկտիվ հակազդեցություն ունենանք»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ադրբեջանի ներկա հարձակումը նա առաջին հերթին պայմանավորում է բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով։
«Դեռևս մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ իրենք քննարկում են նպատակահարմարությունը տարբեր ֆորմատներով հանդիպելու, ինչը, ըստ էության, նշանակում էր, որ բանակցային գործընթացում փակուղի է, կամ այդպես ուզում է ներկայացնել Ադրբեջանը։ Դեռ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը անոնսել էր, որ իրադարձությունները քաղաքական մակարդակից տեղափոխվելու էին սահման»,-նշեց նա։
Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ թեև Ադրբեջանը նախագահի մակարդակով այս մասին ուղիղ տեքստով խոսեց մեկ շաբաթ առաջ, բայց իրադարձությունները այս տրամաբանությամբ զարգանում էին արդեն 2019 թ-ի օգոստոսից, երբ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում էր, որ իրենց համբերության բաժակը լցվել է։
«Դա պայմանավորված էր նրանով, որ դեռևս 2018 թ-ի աշնանը, երբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Դուշանբեում հայտնի պայմանավորվածությունն եղավ, որից հետո հրադադարի ռեժիմի խախատումներն էապես նվազեցին, դրանից 10 ամիս հետո Ադրբեջանը համարեց, որ արդեն ժամանակն է գործընթացով լուրջ զբաղվելու։ Այդ ընթացքում չստացավ այն, ինչ փորձում էր ստանալ, իսկ դա միակողմանի զիջումներն էին և այդ գործընթացի արագ հանգուցալուծումը։ Սա բարդ կոնֆլիկտ է, բնականաբար, արագ հանգուցալուծում չէր կարող լինել, սրա նպատակը պետք է լիներ միակողմանի զիջումները, չստացվեց և Ադրբեջանը անցավ իր ավանդական գործելաոճին՝ այն է՝ սահմանային ակտիվություն»,-մեկնաբանեց Տիգրան Աբրահամյանը։
Ակտիվությունը, Ադրբեջանի կարծիքով թե՛ ճնշում էր և թե՛ ուղերձ միջազգային հանրությանը, որ իրենք չեն պատրաստվում երկար սպասել։
Ինչպե՞ս ստացվեց, որ այս անգամ ՀՀ սահմանային դիրքի ուղղությամբ էր հարձակումը, ոչ թե Արցախի Հանրապետության, Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ տարբերություն չկա։
«Սահմանային տեղամասը էական չէ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միևնույն անվտանգային համակարգում են՝ մեկ, երկրորդը՝ վերհիշենք 2014-15 թթ իրադարձությունները, երբ Ադրբեջանը Արցախին զուգահեռ նաև բավականին ակտիվ էր Տավուշի ուղղությամբ, նույնիսկ քաղաքացիական անձինք զոհվեցին 2015 թ-ի սեպտեմբերին, մինչև այդ և դիվերսիոն բավականին ակտիվ փուլ էր, և հրետանի էր աշխատում, հրթիռային համակարգեր էր թուրքական արտադրության աշխատում և այլն։ Այսինք, այն լարվածությունը, ագրեսիան, որ դրսևորվում է Տավուշի նկամամբ դեռ չի նշանակում, որ հարձակման գլխավոր ուղղությունը արդեն փոխվել է և դա Տավուշն է»,-նկատեց նա։
Նա հիշեցրեց, որ 2015 թ-ին եղավ փուլ, երբ Ադրբեջանը նախ՝ ակտիվություն դրսևորվեց Տավուշում, ապա՝ 6-7 ամիս հետո, ռազմական գործողություններ սկսեց Արցախում։
«Այսինքն, դա իր մեջ ինչ-որ մոլորեցնող բան ունի և պետք չէ շատ ֆիքսվել, թե ինչո՞ւ այս կամ մյուս ֆրոնտում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
ՀԱՊԿ հայտարարությամբ կոչ էր արվում պահպանել հրադադարի համաձայնագիրը․ Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ 1994 թ-ի համաձայնագիրը ոչ թե Արցախի Հանրապետության, այլ Հայաստանի Հանրապետության սահմանի խախտման պարագայում հիշեցնելը բացատրվում է նրանով, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ու ԱՀ-ն դիտարկում են ընդհանուր անվտանգային համակարգի մեջ։
«Իրականում նրանք հասկանում են, որ այսօր, մեկ տարի, երկու տարի հետո գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, Արցախում, միմյանց հետ փոխկապակցված են։ Դրանով է պայմանավորված, որ հղում են անում 1994 թ-ի հայտնի համաձայնագրին»,-ասաց նա։
Տիգրան Աբրահամյանի սպասելիքները ՀԱՊԿ-ից ավելի շատ ուղիղ հասցեական քննադատություն կամ ճնշումներ ուղղելն էր Ադրբեջանին, բայց այդպես չեղավ և նրա համար արդեն հասկանալի է, որ դա պայմանավորված էր Ադրբեջանի հարաբերությունների բավական բարձր մակարդակով ՀԱՊԿ անդամ Բելառուսի, Ղազախստանի, ինչու չէ նաև Ռուսաստանի հետ․ հայտարարությունը այդպիսի ոճայնության մեջ էր։
«Կարծում եմ, ՀԱՊԿ-ից մեր սպասելիքները չպետք է դրսևորել զուտ հայտարարությունների ձևով, ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները բազմաշերտ են։ Դրանք սկսվում են այդ կառույցում Ռուսաստանի առաջատար դերով, որպես նաև Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից և վերջանում են մի շարք զսպող մեխանիզմների ներդրմամբ, որոնք վերաբերում են այն երկրներին, որոնք բարձր մակարդակի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Պետք նկատի ունենալ նաև այդ հանգամանքը, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքները բացի ռազմական բաղադրիչից ունեն նաև քաղաքական ուժեղ կոմպոնենտ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հուլիսի 12-ից ադրբեջանական տարբեր քաղաքներում սկիզբ առած ռազմահայրենասիրական աակցիաները, նրա դիտարկմամբ, ավելի շատ քարոզչական բնույթ ունեն։
«Փորձում են այդ ոգին օգտագործել՝ անհրաժեշտության դեպքում այլ ռեսուրսներ դեպի սահման ներգրավելու համար։ Երկրորդը՝ դրանք քաղաքական նշանակություն ունեն․ միջազգային հանրությանը ցույց տալու, որ, տեսե՛ք, մեր հանրությունը պահանջում է ռազմական գործողություն, մենք այլևս չենք կարողանում պահել մեր հանրությանը և ստիպված ենք գնում այդպիսի քայլերի»,-նկատեց Տիգրան Աբրահամյանը։
Նա, սակայն, նշեց, որ ժամանակի ընթացքում գործընթացը դուրս եկավ վերահսկողությունից՝ պայմանավորված Ադրբեջանի սոցիալ-տնտեսական բավականին սուր իրավիճակով, նաև սահմանին ռազմական գործողությունների ոչ ադրբեջանանպաստ ընթացքով։ Այս ամենի պատճառով ակցիաներին միացան նաև այլ քաղաքացիների խմբեր, որոնք դժգոհ լինելով տարբեր իրավիճակներից՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, սոցիալ-տնտեսական վիճակ և այլն, այս ակցիային տվեցին նոր էներգետիկա։
«Եթե նույնիսկ սա մարի, ցույց է տալու, որ Ադրբեջանում կա մեծ զանգված, որը դժգոհ է իշխանությունների քաղաքականությունից։ Սա, ըստ էության, ցույց է տալիս, որ ռազմական գործողությունները, որքան էլ Ադրբեջանը փորձի քարոզչական քողի ներքո մեծ թվով զոհեր, ավերածություններ ներկայացնել, ադրբեջանական հասարակության վրա չազդեց և նրա համար նորանոր խնդիրներ ստեղծեց»,-նկատեց նա։
Ադրբեջանն այս անգամ աննախադեպ թափանցիկ էր սեփական կորուստները ներկայացնելիս։ Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ նախ՝ տեղեկատվական այս դարաշրջանում բավականին բարդացել է զոհեր թաքցնելը, երկրորդ՝ նկատելի էր, որ իշխանությունը փորձում էր ռազմահայրենասիրական ակցիաներին զուգահեռ նաև գրգռել հանրությանը, տրամադրել առավել մասշտաբային պատերազմի։
«Այն կադրերը, որոնք անընդհատ շրջանառվում էին ադրբեջանական մամուլում, ըստ էության, գրգռող և մարդկանց ավելի ակտիվ գործողությունների մղող կադրեր էին։ Այս երկու գործոնն էլ պետք է դիտարկել»,-նշեց նա։
Տավուշյան սրացմանը աննախադեպ բաց տեքստով և ագրեսիվ արձագանքեց նաև Թուրքիան՝ սատարելով Ադրբեջանին։ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Թուրքիայից եկող սպառնալիքը շատ ավելի վտանգավոր է՝ մի քանի անգամ ավելի վտանգավոր, քան այն սպառնալիքները, որոնք գալիս են Ադրբեջանից։
«Ուղղակի հանրությունը ենթագիտակցաբար մեզ համար առաջնային սպառնալիք է դիտարկում այն պետությանը, որի հետ ունենք չավարտված պատերազմ և տպավորություն է ստեղծվում, որ մեր թիվ մեկ սպառնալիքը Ադրբեջանն է։ Իրականում, Թուրքիան շատ ավելի մեծ վտանագավորություն է ներկայացնում որպես դեստրուկտիվ էլեմենտ տարածաշրջանում, ում շահերը անմիջականորեն տրորում են հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի շահերը։ Այս տեսանկյունից, թուրքական գործոնը երբեք չպետք է երկրորդ պլան մղել։ Մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունները զուտ Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը չէ, ավելին, ճանաչման միջազգային գործընթացը ընդգրկում է առհասարակ Թուրքիայի հետ համընդհանուր հարաբերությունները։ Որովհետև Թուրքիան որևէ ձևով չի թաքցնում իր թշնամական վերաբերմունքը, որը նաև միջազգային տարբեր հարթակներում է արտահայտում»,-նշեց նա։
Այս տեսանկյունից, Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս որպես Ադրբեջանի առանցքային դաշնակից և հայտնում իր աջակցությունը, այլև նա հանդես է գալիս որպես այս տարածաշրջանում առաջնային խաղացողի թեկնածու, որին, բնականաբար, ամեն ձևով հակազդում են Իրանն ու Ռուսատանը։ Եվ Թուրքիան բոլոր առումներով խնդիր ունի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գոյության հետ։
Աննա Բալյան