Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սուրբ Սոֆիան վերստին մզկիթի վերածելու Էրդողանի հրամանագիրը անշուշտ տարբեր թիրախներ հարվածելու նպատակ է հետապնդում։ Եթե ներքին սպառման համար Անկարայի ղեկավարը դիրքեր ամրապնդելու, ուժ ցուցադրելու եւ համաթուրքական տարածականությամբ վարկանիշի մրցանշային կետեր է ուզում ապահովել, ապա համիսլամական աշխարհում եւ իսլամ զանգվածների առաջնորդը հանդիսանալու հավակնոտ քայլ է առնում:
Առաջին անգամ չէ, որ Սուրբ Սոֆիայի ուղղությամբ նման ոտնձգություններ են կատարվում: Սրանից առաջ եւս իսլամական արարողություններ կատարելու, եկեղեցին մզկիթի եւ ապա թանգարանի վերափոխելու կամ ընդհանրապես դրա բյուզանդական պատկանելիությունը նենգափոխելու բազմաթիվ պետական փորձեր են արվել։
Համաքրիստոնեական քաղաքակրթական արժեք ներկայացնող այս կոթողի միջազգային ուշադրությունը առավելաբար ՅՈՒՆԵՍԿՈ-ի դիտանկյունից է եղել է իբրեւ մշակութային կոթող: Հիմա հստակ ոտնահարում է տեղի ունենում դեպի միջազգային ընտանիք: Նախ, իհարկե, նկատի ունենալով ՅՈՒՆԵՍԿՈ-ի նպատակային ֆինանսավորումը ժողովուրդների միջեւ համակեցության խորհրդանիշ-կառուցվածքին:
Համաքրիստոնեական դատապարտումների մեծ ալիք չպետք է ակնկալել Էրդողանի ստորագրած հրամանագրի դիմաց: Թե՛ հրամանագիրը եւ թե՛ հակազդեցության ալիքը քաղաքական դրդապատճառներ ունեն: Օրինակ` քրիստոնեական մշակույթով հատկանշված եվրոպական երկու երկրներ կարող են բոլորովին տարբեր հակազդեցություններ ունենալ: Լիբիայում թուրքական շահերի հետ սուր բախում ունեցող Ֆրանսիան ծանր մեղադրանքներ կարող է հնչեցնել, մինչ աշխարհագրական նույն տարածքում շահերի համատեղման կարգով Իտալիան ավելի կրավորական դիրք որդեգրել: Անկախ ներդավանական տարաձայնություններից, ուղղափառ եկեղեցու մայր կենտրոնը հանդիսացած Սուրբ Սոֆիայի մզկիթի վերածումը կարող է շատ չխռովել Մոսկվայի պետական շրջանակները, ովքեր գիտակցում են, թե դեռեւս Անկարայի հետ ռազմաքաղաքական գործողություններ համակարգելու առիթ եւ տեղ ունեն:
Նույն տրամաբանությունն է դրսեւորվում իսլամական աշխարհում: Թուրքիայի հետ մրցակցային հարաբերությունների եւ հակառակ դիրքերի վրա գտնվող Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտեցին Թուրքիայի նախագահի ձեռնակած քայլը:
Կան իհարկե հայկական առնչություններ Տրդատ եւ Սինան ճարտարապետների հետ կապված ինչպես նաեւ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի որմնանկարը կամ Փորթա Արմենիսին (Հայկականդուռ), Բյուզանդիոնի ծագումով հայ կայսրերի եւ կայսրուհիների թագադրման արարողություններին: Այս առնչությունները անշուշտ որեւէ կապ կամ ազդեցություն չունեն քաղաքական մղումներով ստորագրվող հրամանագրերի կամ հակազդեցությունների վրա: Քաղաքական հեռավոր զուգահեռ հայկական առնչության հետ կարող է գծվել Ախթամարի Սուրբ Խաչի ուղղությամբ, թե՛ միջազգային մշակույթի կենտրոնների ներգրավվածությունը եւ թե՛ եկեղեցու վերանորոգման եւ մանավանդ այնտեղ կատարվելիք եկեղեցական արարողությունների թույլտվութեան կամ առհասարակ եկեղեցի-թանգարան կամ իսլամական արարողության օգտագործման վայրի պահանջները նկատի ունենալով: Բոլորը վկայում են ո՛չ միայն հակաքաղաքակրթական վարքագծի, այլ նաեւ ոչ թուրք պատկանելիություն ունեցող մշակութային արժեքները թուրքացնելու համապետական որոշումների մասին:
Ահա այստեղ է, որ հրամանագրի առանցքային կետն ընդգծվում է։ Բյուզանդիոնի ժառանգորդը Հունաստանն է. հատկապես քաղաքակրթական, մշակութային ընկալումներով. մասնավորաբար Պոլիսով. այս պարագային` Կոստանդնուպոլիսով:
Կոստանդնուպոլիս անվան օգտագործումն անգամ ջղագառություն էր սկսել մատնել Անկարայի պետական շրջանակներին: Վերջերս լարվածության բարձր աստիճանաչափով ուշադրություն էին գրավում թուրք-հունական հարաբերությունները: Սպառնալիքներ, մեղադրանքներ եւ աննախադեպ խստացումով հռետորություն, Անկարայի կողմից Հունաստանի օդային տարածքի ուղղությամբ կատարվող ոտնձգություններ, հունական կղզիների թրքական պատկանելիության մասին հայտարարություններ` Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ նախապատերազմական մթնոլորտ առաջացրել էին եւ անշուշտ Հունաստանի դեմ Թուրքիայի հարձակման որոշման փաստաթղթի «գաղտնազերծում»:
Պատահական չէ, որ Հունաստանի պետական շրջանակներից հնչում էին կոչեր` հյուսիսային Հունաստանում գտնվող Աթաթուրքի տունը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի թանգարանի վերածելու մասին:
Ընդամենը մի ամիս առաջ Անկարայում տեղի էր ունենում Էրդողանի գլխավորությամբ խորհրդատվական բարձրագույն մարմնի հինգժամյա նիստ` հատկացված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պետական պայքարին: Լոբբիստական խմբավորումների դեմ Անկարայի պայքարը թիրախավորում է նաեւ հունական լոբբին: Տարբեր ձեւաչափերում Հունաստանն ու Հայաստանը, նաեւ Կիպրոսը ներառելով, ռազմավարական գործընկերություններեն ստորագրել եւ համագործակցում են միջազգային ընտանիքի տարբեր կառույցներում: Այս բոլորը հայտնաբար մաս են կազմել բարձրագույն մարմնի օրակարգի կետերին:
Սուրբ Սոֆիայից լսելի նամազը ազդանշան է, որ Անկարան հունական տարածքների ուղղությամբ առայժմ քաղաքական գործողություններ կձեռնարկի։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր