Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ պոեզիան սուբյեկտիվ ոլորտ է, ուստի որոշ իմաստով օրինաչափ կարելի է համարել, որ բանաստեղծի և բանաստեղծության հանրային ընկալումները լինեն բազմազան, նույնիսկ՝ իրարամերժ: Եվ որքան ինքնատիպ է բանաստեղծությունը, այնքան բարձր է նրա տարընկալման հավանականությունը: Սակայն ճշմարիտ տաղանդի, մասնավորապես՝ մեծ տաղանդի համար ընթերցողի դիմադրության հաղթահարումը միայն ժամանակի խնդիր է:
Ռազմիկ Դավոյանը, որին այսօր իրավամբ կարելի է համարել արդի հայ պոեզիայի նահապետը (կարդալով այս տողերը՝ Դավոյանը գուցե և մի քիչ սրտնեղի, որովհետև ինչպես որ ինքը, մենք ևս նրան միշտ ընկալել ենք իբրև մեր պոեզիայի հավերժ երիտասարդ ճամփորդը), իբրև շնորհաշատ և խոստումնալից բանաստեղծ՝ ժամանակի գրական մեծերի կողմից նկատվեց իր առաջին գրական քայլերից՝ «Իմ ներաշխարհը» (1963) և «Ստվերների միջով» (1967) ժողովածուներից, իսկ հաջորդող ժողովածուներով («Մեղրահաց» (1973), «Կեղևդ բաց արա» (1975), «Տաք սալեր» (1978), «Պոեմներ» (1980), «Պղնձե վարդ» (1983), «Քարե բարձ» (1989)) եկավ հայ բանաստեղծության հարուստ անդաստանում նվաճելու ի վերուստ իրեն վերապահված տեղը, որը իր մեծ նախորդը՝ Պարույր Սևակը, բնորոշել էր որպես «հանճարների դասակ»: Ռ. Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմը, որի առաջին մասը նույնպես բանաստեղծի գրական սկզբի արտահայտություններից է (1969 թ.), երևույթ էր ժամանակի հայ պոեզիայի մեջ և աննկատ չմնաց: Այդ պոեմին տրված գնահատականների մեջ առանձնանում է հատկապես Ս. Խանզադյանի խոսքը, որը, իբրև մուտքի յուրօրինակ այցեքարտ, լույս է տեսել պոեմի առաջին հրատարակության մեջ: «… Նորարարություն չէ ձևի առումով, նորություն է՝ մարդու ներաշխարհի ոլորտները թափանցելու կարողությամբ, մարդկային հույզերի, բռնկումների, հուսահատության և ընդվզումների բացահայտմամբ, որը և է իսկական արվեստ: // … Դավոյանի այս քերթության մեջ աստված է նստած: Սքանչելին այն է, որ մեջը աստված նստած այս արտը մշակել, ոսկևորել է գրեթե պատանի այս տաղանդը» (1):
Դեռևս խորհրդային տարիներին Ռ. Դավոյանն արդեն ընկալվում էր իբրև հայ գրականության կենդանի դասականներից մեկը, նրա գրքերը թարգմանվում և հրատարակվում էին տարբեր լեզուներով՝ ճանաչում ապահովելով ինչպես հեղինակին, այնպես էլ հայ գրականությանը:
Իր գրական գործունեության շուրջ վաթսունամյա ճանապարհին Ռ. Դավոյանն ստեղծագործել է գրական տարբեր ժանրերում` ստեղծելով և՛ փոքր, և՛ մեծ կտավի գործեր (բանաստեղծություն, պոեմ, չափածո դրամա («Ո՞ւր են մնացյալ դերասանները»), վիպակ, վեպ): Կասկածից վեր է, որ այդ բոլոր ժանրերում նրա ստեղծած երկերը կրում են դավոյանական շռայլ տաղանդի դրոշմը: Իհարկե, Ռ. Դավոյանը ամենից առաջ բանաստեղծ է: Նրա պոեզիան քննություն է բռնել ոչ միայն բանաստեղծական պայծառ տաղանդներով հարուստ բազմադարյան հայ պոեզիայի տիրույթում, այլև՝ նրա սահմաններից դուրս: Ասվածի վկայությունն է մեծանուն բանաստեղծի ընտրանու հրատարակումը միջազգային գրահրատարակչական ոլորտում հեղինակավոր բրիտանական Macmillan Publishers Limited կազմակերպության կողմից՝ տեքստերի անգլերեն-հայերեն զուգադրությամբ («Selected Poems», 2002):
Պոեզիան առհասարակ մարդակենտրոն երևույթ է, որովհետև, անկախ այն բանից, բանաստեղծի քննության նյութը մարդու հոգեկան աշխարհն է իր բամզաշերտ ծալքերով, բնությունը՝ իր անձեռակերտ գեղեցկությամբ, թե մարդկային պատմությունը՝ իր լուսավոր ու մութ էջերով, միևնույնն է, այդ ամենի կենտրոնում մարդն է, տիեզերքի ամենամեծ, միաժամանակ ամենաբարդ ստեղծագործությունը, որին իրենց մտքի և հոգու պրիզմայով փորձում են քննել ու հասկանալ բանաստեղծները: Եվ կան բանաստեղծներ, որոնց պոեզիան մարդակենտրոն է հատկապես: Մեր կարծիքով, այդպիսի բանաստեղծներից է Ռ. Դավոյանը: Նրա պոեզիան կարծես մի չընդհատվող զրույց է բանաստեղծի և աշխարհի միջև: Բարձրարվեստ գեղագիտական զրույց, որը մատուցվում է ինքնատիպ պատկերավորությամբ ու փիլիսոփայական խորքով: Զրույց բոլո՛ր ժամանակների մարդու հետ: Զրույց համամարդկայինի և ազգայինի ներդաշնակ համադրությամբ: Դավոյանի պոեզիան խորապես ազգային է և միաժամանակ համամարդկային («Կեսօրին սկսում իմ օրը, երեկոյան նորից եմ սկսում», «Օրվա հոգսերը թող օրը տանի», «Ահա մատներս կպչում են այնտեղ», «Ապրեցինք բողոքի անուրախ երգերով», «Հայոց աշխարհ – եկեղեցի», «Դրախտի երկիր», «Ազգն ու քարը», «Վա՜յ, Հայկ Նահապետ» և այլն): Նրա բանաստեղծական մտածողության այդ գիծը, որ տիրապետող է դառնում գրքից գիրք, ակնհայտ էր դեռևս «Ռեքվիեմի» առաջին՝ 1969-ին լույս տեսած տարբերակում (1988-1996 թթ. հեղինակը գրում է նաև «Ռեքվիեմի» երկրորդ մասը, իսկ ամբողջական տարբերակը լույս տեսավ 1997-ին):
Ռ. Դավոյանը ինչպես հոգեկան նուրբ ապրումների, այնպես էլ փիլիսոփայական անպարփակ ընդգրկումների բանաստեղծ է: Այլոց աչքերում առօրեական թվացող երևույթները նրա գրչի տակ ձեռք են բերում յուրահատուկ խորհուրդ և իմաստ՝ աղերսվելով մարդու հոգեկան ապրումներին ու հույզերին, առհասարակ մարդու՝ որպես հասարակական էակի հոգևոր և աշխարհիկ առնչություններին, որն էլ ճշմարիտ բանաստեղծության և բարձր արվեստի կարևոր պայմաններից է, եթե ոչ՝ ամենից կարևորը: Ասվածի վկայություններն են «Ձայները» բանաստեղծության հետևյալ տողերը.
Ձայները գուցե չե՛ն մեռնում բնավ,
Գուցե պահվում են ջրերի խորքում,
Գուցե մտնում են խեցիների մեջ
Մարգարտանալու տենչանքով զնգուն:
… Ձայները գուցե չե՛ն մեռնում բնավ,
Ձայները գուցե ծաղկում են անվերջ,
Երբ մենք բոլորս ձայնել ենք արդեն
Տիեզերական խաղաղության մեջ: (2)
Լեզվաբաններն ասում են՝ լեզվի՝ որպես հաղորդակցման միջոցի էությունը պայմանավորված է նրա քերականական կառուցվածքով ու համակարգային բնույթով, իսկ բառերը միայն այդ համակարգի ու կառուցվածքի բաղադրիչներ են, թեկուզև՝ ամենից կարևոր բաղադրիչները: Բանաստեղծի համար, սակայն, բառն անհամեմատ ավելին է, քան նրան տրվող լեզվաբանական բնորոշումները: Բառը ոչ միայն ինքը լեզուն է, այլև մարդն է, որովհետև գերազանցապես բառերի միջոցով են ինքնադրսևորվում մարդու էությունը, մարդկայինն ու անմարդկայինը, որոնք հաճախ այնպես ներդաշնակ համագոյակցում են ոչ միայն միևնույն հասարակության ներկայացուցիչների միջև, այլև միևնույն մարդու ներաշխարհում:
Զգացմունքների խեղդող ալիքից
Բառն ինքը, ահա,
Խոստովանանքի համար է ծնվում,
Ու թեև նրան մանրում են մարդիկ
Շահատակության շուկաների մեջ,
Սակայն ինչ-որ տեղ՝
Հոգու ծալքերում իմաստունների,
Ապրում է Բառը և անվերջ թրծվում:
… Եվ ինձ թվում է՝ նրա ստվերը
Բոլոր կողմերից
Քշում են վայրի ուրուրներ հազար.-
Գիշակերների՜, անտաղանդների՜ ստրուկն է Բառը,
Նա Հանճարին է միայն հավասար: (2)
Բարձրաժեք պոեզիան ոչ միայն տաղանդի, այլև խոր ապրումների արգասիք է: Ուստի ճշմարիտ է, որ իսկական բանաստեղծության երկունքը բուռն սիրո, մեծ վշտի, խոր հույզերի, իրերի ու երևույթների նորովի և խորքային ընկալումների արդյունք է: Եթե չկա նշված հանգամանքներից ոչ մեկը, որքան էլ մեծ լինի ստեղծագործական ձիրքը, միևնույնն է, իրեն կմատնի բանաստեղծության արհեստածին լինելը: Համաշխարհային պոեզիայի գագաթներից մեկի՝ Վ. Գյոթեի խոսքերով, եթե յոթ բանաստեղծությունից մեկը տաղանդավոր է, ուրեմն բանաստեղծը տաղանդավոր է: Բոլորվին էլ շնորհ արած չենք լինի, եթե ասենք, որ Ռ. Դավոյանի դեպքում այդ թիվը կարող է նվազել, քանզի գործ ունենք ոչ թե սովորական տաղանդի (հայ գրականությունը հարուստ է այդպիսի տաղանդներով), այլ մեծ տաղանդի հետ, որի ստեղծած պոեզիան իր ինքնատիպ խորքայնությամբ և արվեստի ուժով արդեն շուրջ հիսուն տարի համընթաց է համաշխարհային պոեզիային:
Ռ. Դավոյանը նաև մեծ կտավի գործերի, մասնավորապես՝ պոեմի վարպետ է: Եթե «Ռեքվիեմը», ըստ իս, հայ պոեմի մեծարժեք նվաճումներից է և որպես այդպիսին՝ իր մնայուն տեղն ունի հազարամյա հայ պոեզիայի պատմության մեջ, ապա արարման թափով, մտքի թռիչքներով և պատկերակերտման բարձր արվեստով, անշուշտ, տաղանդի աներկբա արտացոլումներ են նաև «Էպոս պատանության» («Տաք սալեր»), «Թորոս Ռոսլինի դատը» («Պղնձե վարդ»), «Երևանյան աշուն» («Քարե բարձ») պոեմները: Նշվածներից մենք կառանձնացնեինք հատկապես «Թորոս Ռոսլինի դատը», ուր հեղինակը, միջնադարի նշանավոր ծաղկողի կյանքի պատմության միջոցով անդրադառնալով ավատատիրական աշխարհի՝ մարդկային հույզերն ու ապրումները ճնշող բարքերին, որոնք մարդու մեջ սպանում են մարդուն, նորովի է արծարծում մարդկայինի, գեղեցիկի և ասպետականի թեմաները,- համամարդկային և հավերժական արժեքներ, որոնց ծառայել և հանուն որոնց պաշտպանության խաչ են բարձրացել միջնադարի արվեստի ու գրականության բազում երևելիներ: Այդ երևույթը Դավոյանը բանաձևում է պոեմը եզրափակող հետևյալ տողերով.
Եվ այդպես հեշտ, այդպես անմիտ,
ցնծության մեջ բորբ ու նախշուն,
հաղթած երկիրն ուրիշ մի տեղ
հաղթանակը ետ է բաշխում: (3)
Անշուշտ, Ռ. Դավոյանը նախ և առաջ բանաստեղծ է: Ասվածի վկայությունն է այն հաճելի երևույթը, որ, չնայած առաջացած տարիքին, բանաստեղծի միտքն ու սիրտը այսօր էլ շարունակում են ապրել նրբին հույզերի ու թրթիռների տիրույթում: Արդյունքը վերջերս լույս տեսած նոր բանաստեղծությունների ժողովածուն է, որոնք գրվել են անկախության տարիներին: Սակայն ոչ հազվադեպ գրողի կյանքում սկսվում է մի շրջան, երբ ասելիքը չի տեղավորվում պոեզիայի կաշկանդող շրջանակներում, երբ միտքը ձգտում է դրսևորման ավելի ընդարձակ տարածության: Գրականության մեջ այդ հնարավորությունն ընձեռում է գեղարվեստական արձակը, մասնավորապես՝ վեպի ժանրը: Ըստ ամենայնի դրանով է բացատրվում, որ ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրականության մեջ փոքր չէ այն բանաստեղծների թիվը, որոնք դիմել են նաև արձակի հնարավորություններին (Ա. Պուշկին, Մ. Լերմոնտով, Վ. Հյուգո, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ե. Չարենց, Պ. Սևակ և ուրիշներ): Եվ պիտի ասել, որ նրանցից ոմանց հաջողվել է մնայուն երկեր ստեղծել նաև արձակում: Ռ. Դավոյանի գրական կենսագրության մեջ այդպիսի շրջափուլ սկսվեց անկախության տարիներին՝ 1990-ականների վերջերից, թեպետև մինչ այդ էլ նա արձակում ստեղծագործելու փորձ ուներ. դեռևս խորհրդային տարիներին հրատարակել էր «Թորոս Ռոսլին» վիպակը (4): Եվ Դավոյանը, ձեռքը պահելով բանաստեղծության զարկերակին, զուգահեռաբար վեպի նյութ է դարձնում արցախյան շարժման, անկախ պետականության կազմավորման և անկախության տարիներին ազգային-պետական կյանքի կազմակերպման թեման՝ ստեղծելով «Եթե աստված կամենա» (2008) և «Գերդաստան» (2017) վեպերը, իսկ այդ վեպերի միջև ընկած ժամանակահատվածում՝ նաև «Ծովինար» վիպասքը (2015) (հեղինակի բնորոշումով՝ «հայոց հնագույն նախապատմական էպոսը»)՝ արձակի և պոեզիայի համադրությամբ ստեղծված խիստ յուրօրինակ մի գործ: Ավելի ստույգ՝ բանաստեղծական արձակով ստեղծված տաղանդավոր մի գործ: Հայ հին բանահյուսական նյութի օգտագործումով և այդ բանահյուսության ոճի ճաշակավոր կիրառումով նա շունչ ու ոգի հաղորդեց հայոց նախապատմական էպոսին՝ որպես հայի ինքնության հնագույն վկայության: Եթե Դավոյանի պոեզիան վաղուց է դարձել գրականագիտական ուսումնասիրությունների նյութ՝ արժանանալով բարձր գնահատականների և նվաճելով ընթերցողների ընդարձակ լսարաններ, ապա արձակը դեռևս սպասում է իր հետազոտողին:
Ռազմիկ Դավոյան գրողի, մտածողի, մշակութային ու հասարակական գործչի դիմանկարը նույնիսկ ուրվագծային ամբողջացում չի ստանա, եթե շրջանցվեն նրա «Կենսական էներգիայի ուսմունքը» (2000) խիստ ինքնատիպ աշխատությունը, որը գրողի կենսափիլիսոփայության հավատամքն է, ինչպես նաև գրական և հասարակական գործունեությունը մեր անկախ պետականության առաջին տասնամյակում՝ որպես գրական կյանքի կազմակերպիչ և ազգային արժեքների նախանձախնդիր պահապան: Ռ. Դավոյանը չի եղել ազգային-հանրային կյանքից կտրված, եսակենտրոն մտավորական: Այդպիսիք իրականում միայն ստեղծագործող անհատներ են, բայց ոչ մտավորականներ, քանզի իսկական մտավորականը պիտի լինի իր ժողովրդի առաջամարտիկը և իր ժամանակի խիղճը: Անկախության առաջին տարիներից ի վեր հայության առջև ծառացած դժվարություններն ու արհավիրքները Դավոյանն ընդունել է որպես իր անձնականը, ապրել է դրանցով և դրանց մեջ: Ուստի բացառված չէ, որ օրվա հևասպառ հոսքում նրա այս կամ այն դիրքորոշումը կարող էր նաև չընկալվել ոմանց կողմից, սակայն մեծ հաշվով կարևորը դա չէ, որովհետև միայն ժամանակն է ի զորու միմյանցից զատելու ճիշտն ու սխալը: Այսօր, երբ հայ բանաստեղծության ականավոր ներկայացուցիչներից և մեր ժամանակի Մեծ հայերից մեկը՝ Ռազմիկ Դավոյանը, բոլորել է իր ծննդյան 80-ամյակը, հետադարձ հայացք նետելով իր անցած ճանապարհին՝ կարող է վստահ լինել, որ իրեն ծնունդ տված ժողովրդի առջև պարտքը կատարել է անմնացորդ: Բնությունից իրեն շռայլորեն տրված տաղանդը նա բազմապատկելով է վերադարձրել ժողովրդին:
Ծանոթագրություններ
1) Ռազմիկ Դավոյան, Ռեքվիեմ, Եր., 1969, էջ 6:
2) Ռազմիկ Դավոյան, Կեղևդ բաց արա, Եր., 1975, էջ 145-149:
3) Նույն տեղում, էջ 132-133:
4) Ռազմիկ Դավոյան, Պղնձե վարդ, Եր., 1983, էջ 367:
5) Ռազմիկ Դավոյան, Հանճար և հիշողություն, Եր., 1986, էջ 3-142:
Վարդան Պետրոսյան
07. 07. 2020 թ.