կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-09 18:58
Արցախ

Հավերժ ճամփորդը. Արցախ Բունիաթյանի հիշատակին

Հավերժ ճամփորդը. Արցախ  Բունիաթյանի հիշատակին

10 տարի առաջ տոնեցինք Արցախ (Դալտոն) Բունիաթյանի ծննդյան 70 ամյակը: Ողջ էր մեծ մարդը՝ փառավոր բազմած բեմում՝ իրեն հատկացված բազկաթոռին և գովասանվում էր իր շնորհների համար: Այսօր բժիշկ, հասարակական գործիչ, զինվոր ու բարություն կրող կերպար, գրող ու հրապարակախոս, իր ժողովրդի հաջողություններով ուրախացող և ցավերով տառապող հայը ֆիզիկապես մեզ հետ չէ: 2012 թվականի հուլիսի 20-ին նրա մարմինն ամփոփվեց Եռաբլուրում, որտեղ բազում են նվիրյալները, որոնցից շատերը՝ Արցախի մարտական ընկերները: Այժմ նրա մեծադիր լուսանկարն է բեմում՝ մշտաժպիտ ու բարի դեմքով, էկրանին նրա մասին ֆիլմ է ցուցադրվում, լուսանկարներն են՝ ռազմական տարիներից սկսած մինչև կյանքի վերջը: Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Դավիթ Իշխանյանը, Էրիկ Հարությունյանը (ընտրված թիվ 10 ընտրատարածքում՝ Քաշաթաղի և Շուշիի շրջաններ), Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, շրջանի բնակիչներ՝ մի շարք բնակավայրերից, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր: Բժիշկ Արցախ Բունիաթյանի 80-ամյա տարեդարձին նվիրված ցերեկույթի բացումը հայտարարեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը՝ ասելով. «Կյանքը մարդուն լքում է, բայց նրա առաքինի և բարի գործերի փառքը հիշվում է հավերժ: Այդպիսին էր ցեղաճանաչ և անանձնյա Արցախ Բունիաթյան մեծագույն հայը… Նա լուսակիր էր էությամբ, «խենթ»՝ տեսակով, անհատ՝ աշխարհ եկած հատուկ առաքելությամբ»: Շնորհալու «Առավոտ լուսոյ» տաղի հնչյունների ներքո բեմ բարձրացան ցերեկույթի հերոսները՝ բերձորցի դպրոցականները:

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

 Արա Գևորգյանի գործիքավորած «Մուշ» երաժշտության հնչյուններին զուգահեռ՝ ասմունքում է դպրոցական Սոսե Ավանեսյանը,

 -Բարև, օ՛ր, որքա՜ն բարի ես ու պայծառ, այսօր ժամերդ ծիծաղ են հորդում… 

 Ալեքսանդր-Վանն ընթերցեց Արցախին նվիրված այս տողերը.  «Բարև,  մարդ Աստծո, հրաշք անհուն, ճամփորդ հավերժի, երկնի անդորրից դադար առ մի պահ, գեթ մի ակնթարթ երթդ հաշտեցրու կյանքի հետ անցվոր,  ու թող ողջունենք ծնունդդ բարի…»...

 Այնուհետև դպրոցականները ներկայացրեցին Արցախ Բունիաթյանի կենսագրականը, որը հարուստ է և երանելի: Իրենց պապի օրագրից հատվածներ ընթերցեցին Նարե և Ավետիս թոռները: Ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, 1939թ. մարտի 2-ին: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1950թ. ընտանիքը տեղափոխվել է ՀՀ Արմավիր (նախկին Հոկտեմբերյան) քաղաք: Հայրը` Ասլան Բունիաթյանը, Աշտարակի շրջանի Կոշ գյուղից էր:
1956թ. ավարտել է Արմավիրի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1959-65թթ. ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական բաժնում:
1965-68թթ. աշխատել է Ցելինոգրադի մարզի Ադբասարի քաղաքային հիվանդանոցում, որպես վիրաբույժ: Հայրենիք վերադառնալուց հետո աշխատել է Լենինականի երկաթգծի հիվանդանոցում: 1968թ. աշխատանքի է անցել Աբովյանի շրջանային հիվանդանոցում: 1983 թվականին, մինչ Արցախյան շարժումը, Ա. Բունիաթյանն այն եզակիներից էր, ով մասնակից եղավ Նժդեհի շիրիմը ՌԴ Վլադիմիր քաղաքից գաղտնի տեղափոխելուն և Զանգեզուրի Սպիտակավոր եկեղեցու բակում ամփոփելուն: Ինչպես ցանկացել էր մեծ զորավարը՝ նրա նշխարներից ողն ամփոփվեց Խուստուփ լեռան լանջին  (դառնալով սրբավայր): Այս մեծ գործի մասնակիցները հիշարժան օրը երդվել էին՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 6-7-ին այցելել իրենց հիմնած սրբավայր: Ունեին կարգախոս՝ «Եթե չգանք, ուրեմն չկանք..»: Այսինքն՝ արդեն հավերժի ճամփորդն են: 1988թ. Արցախյան շարժման Աբովյան քաղաքի ակտիվ անդամներից էր: 1990-ից՝ ՀՅԴ շարքերում: 1992թ. սկզբներից մինչև 1995թ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում, որպես վիրաբույժ, մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին: 1996-2008թթ. Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի (նախկին Լաչին) բուժմիավորման գլխավոր բժիշկն էր: Մահացել է 2012 թ. հուլիսի 18-ին: 1994թ. մայիսին պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով, 1998թ. մայիսին ՀՀ Նախագահի հրամանագրով՝ «Մխիթար Հերացի» մեդալով: 2000թ. ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2004թ. պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», 2008թ. ապրիլի 4-ին՝ «Վազգեն Սարգսյան» մեդալներով: 2008թ. ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի, 2016-ին՝ Բերձորի ավագանու որոշմամբ՝ Բերձորի պատվավոր քաղաքացու կոչումների: Վիրաբուժությանը, ինչպես նաև հիվանդների հոգեկանի կարգավորմանը նվիրված մի քանի տասնյակ գիտական-մասնագիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: 2007թ. դեկտեմբերից՝ Հայաստանի գրողների միության անդամ: Այնուհետև դպրոցականներն ընթերցեցին Արցախի նամակը՝ ուղղված կնոջը՝ Սոնային: Շատ են նամակները, որոնք համեմված են կարոտի ցավով, պատերազմի մասին լուրերով, պատմում են Արցախ աշխարհի, վիրավոր ու մահացող զինվորների մասին: Մեծ սիրով դպրոցականները ներկայացրեցին գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանին: 1981թ. լույս են տեսնում «Յոթ անուն», 1986-ին «Տարեգիրք»  բանաստեղծությունների ժողովածուները: «Նժդեհի վերադարձը»  գրքույկը հրապարակվեց 2 անգամ՝ 1999-ին և 2011-ին: Շատ կարևոր տեղեկություններ են պարունակում Արցախյան գոյամարտի և նրա մասնակիցների մասին «Արյունոտ օրեր»-ի 7 հատորները, որոնք լույս տեսան 2000-2011 թվականներին և դրանց շարունակությունը՝ «Հուշագրություն»-ը՝ 2014 թվականին: Աշակերտներն ընթերցեցին հատվածներ այս գործերից: «Հրանոթների համազարկից հողը դղրդյունով տնքաց ոտքերիս տակ: Ցավ զգացի: Թվաց, թե արկը սրտիս դիպավ:  Ի՞նչ տարբերություն՝ հողին կպավ արկը, թե՞ ինձ: Չէ որ մարմինս էլ հողի շարունակությունն  է…»: Եղան ելույթներ Արցախի կուսակցական ու մարտական, աշխատանքային ընկերների կողմից: ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Ալյոշա Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ իր և Արցախի մտերմությանը՝ պատերազմի տարիներին: Բարձր գնահատեց Արցախի դերն այդ տարիներին՝ որպես հոսպիտալային բժիշկ ու զինվոր: Նշեց՝ Արցախը բժիշկների այն խմբից էր, ովքեր եկան Արցախ 3 ամսով ու հետ գնացին, իսկ Արցախը մնաց և ծառայեց զինվորներին ու բնակչությանը նաև պատերազմի ավարտից հետո:  Քաշաթաղի «Արցախ Բունիաթյանի անվան բուժմիավորում» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանն անդրադարձավ հոբելյարի՝ շրջանային բուժմիավորման հիմնադրման պատմությանը՝ ասելով. «Նրա աշխատած ժամանակաշրջանում՝ մինչև 2009 թվականը, հիվանդանոցային պայմաններն անմխիթար վիճակում են եղել, սակայն դա չի խանգարել՝ այդ սուղ պայմաններում, կատարելու անհնարինը: Լինելով վիրաբույժ՝ բազմաթիվ վիրահատություններ է կատարել, նաև նրա մասնագիտական կարողությունների շնորհիվ լույս աշխարհ են եկել բազմաթիվ նորածիններ, ովքեր, բժշկի հորդորով, հայկական անուններով էին անվանակոչվում»: Բերձորի քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանը, ով ժամանակին աշխատում էր հիվանդանոցում, որպես բուժքույր, բժշկի մասին ասաց. «Մարդու հանդեպ սերը նրան բերեց Քաշաթաղ, որտեղ բժիշկն իր կյանքը նվիրեց քաշաթաղցիներին: Եվ դա է պատճառը, որ նա սիրված է շրջանի ազգաբնակչության կողմից: Հիվանդները հավատում էին նրան, իսկ հավատն ամենամեծ սպեղանին է: Համատեղ աշխատանքում դժվարություններ շատ են եղել, բայց դրանք Արցախ բժշկի համար չէին»: Արցախի կուսակցական ընկեր, ՀՅԴ Քաշաթաղի «Միջնաբերդ» կոմիտեի ներկայացուցիչ Արին-Վոլոդյա Գալստյանը, ով Արցախյան շարժման առաջին օրերից է ճանաչում բժշկին, իր ելույթում ասաց. «Այսօր ինձ պատիվ է վերապահված երախտիքի խոսք ասել կուսակցական ընկերոջս մասին, և դա կարծես մտերմիկ զրույց ունենալու հնարավորություն է: Որպես մարդ և որպես բժիշկ Արցախի մարդկային և մասնագիտական համբավն անգերազանցելի է եղել ոչ միայն Աբովյանի շրջանում, այլև ողջ հանրապետությունում, արտերկրում: «Բժիշկ Արցախ Բունիաթյան» անձնավորության բնութագրիչ հատկանիշները մշտապես եղել են բարությունը, մարդկայնությունը, հոգատարությունը, վստահելիությունը…» Այնուհետև բանախոսն անդրադարցավ Արցախի դերին՝ որպես հասարակական ու պայքարող գործչի՝ խորհրդային շրջանում, Արցախյան շարժման և պատերազմական տարիներին: Ելույթի վերջում Ա. Գալստյանն իր երախտիքի խոսքն ուղղեց Արցախի կնոջը՝ Սոնա Հովեյանին, նրա զավակներին. «Հայի Արցախ տեսակը ի զորու է եղել ապրել, պայքարել, ստեղծագործել և միաժամանակ բնության կողմից տրված շռայլ շնորհները ծառայեցնել հարազատ ժողովրդին: Բժիշկն ի զորու է եղել բռնել ժամանակների քննությունը՝ թիկունքում ունենալով Ձեր զինակցությունը, ընտանեկան օջախի ջերմությունը»: Ցերեկույթի ընթացքում Արցախ Բունիաթյանի «Արյունոտ օրեր» գրքի հատորները նվիրվեցին ներկաներին: Բժշկի այրին՝ Սոնա Հովեյանը նշեց՝ կյանքի վերջին օրերին Արցախը հորդորել է, որ մարդիկ միմյանց նկատմամբ լինեն սիրով: Հավելել է նաև, որ իր կյանքի կարևոր գործերից են՝ Նժդեհի մասունքները տեղափոխելուն աջակցելը, Արցախյան գոյամարտին մասնակցելը, Քաշաթաղի բուժմիավորման ստեղծելը: Հանդիսավոր մասից հետո կայացավ տոնական համերգ: Ներկաների առջև ռազմահայրենասիրական երգ ու պարով հանդես եկավ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» համույթը: 2 հեղինակային երգով ելույթ ունեցավ բերձորցի Վարդան Գալստյանը, ով Երևանից եկել էր բժշկի հոբելյանին մասնակցելու նպատակով: Դպրոցի միջանցքում ներկայացված է Արցախի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես:

Զոհրաբ Ըռքոյան