Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ Արցախում, հատկապես դիրքերում սկսվել էին խուճապային տրամադրությունները, արձանագրվել էին առանց օբյեկտիվ պատճառների դիրքերը թողնելու դեպքեր, երկրի քաղաքական ղեկավարության կողմից իսկապես հայտնվեց կասկած, մտահոգություն, որ այդ երևույթները կարող են ունենալ կազմակերպված, համակարգված բնույթ, ղեկավարվել նախկին քաղաքական, զինվորական շրջանակների կողմից` նույնիսկ այդ գնով գործող իշխանություններին վարկաբեկելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ մենք 44-օրյա պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում գործել է 5-րդ շարասյուն:
«Այսինքն` կար կասկած, որ գործում էր վարչապետի ասուլիսում և ձեր հարցում նշված հինգերորդ շարասյունը: Ասեմ, որ քաղաքական ղեկավարության կողմից հայտնված վերոհիշյալ կասկածն իսկապես ողջամիտ էր, քանի որ, կրկնում եմ, դիրքերը թողնվել էին առանց օբյեկտիվ պատճառների: Հետևաբար մենք պարտավոր էինք անմիջապես իրականացնել ստուգողական գործողություններ:
Արցախի մեր գործընկերների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հնարավորինս պարզաբանվեցին դիրքերը թողնելու, խուճապային տրամադրություններ առաջացնելու հանգամանքները, որոնց այժմ չեմ անդրադառնա, սակայն այն, որ խուճապը տարածվում էր կազմակերպված, ուներ համակարգված բնույթ և դա վերոհիշյալ դիտավորությամբ անում էին նախկին իշխանությունների հետ կապված անձինք, որևէ կերպ չէր հաստատվում, ինչի մասին բնականաբար զեկուցվել է քաղաքական ղեկավարությանը: Եթե նման տվյալներ ստացվեին, անմիջապես կնախաձեռնվեին քրեական վարույթներ»,-ասաց նա:
ԱԱԾ նախկին տնօրենը չբացառեց, որ այսօր քննվող քրեական գործերով կարող են ստացվել նոր տվյալներ. «Պետք է հաշվի առել, որ դեպքերից անցել է շուրջ երեք տարի, և իրավապահ մարմինները բնականաբար շատ ավելի մեծ ժամանակ ունեին խորությամբ զբաղվելու այս հարցով:
Վարչապետն իր վերոհիշյալ ասուլիսում փաստեց, որ առաջիկայում կհրապարակվեն համապատասխան տվյալներ, և հինգերորդ շարասյան գոյության մասին իր հայտարարությունը տարօրինակ չի թվա: Ըստ իս դա շատ կարևոր է, որ հինգերորդ շարասյան մասին վարչապետի հայտարարած տվյալները ժխտվեն կամ հաստատվեն, քանի որ դրա գոյությունը, ինչպես այն ժամանակ, այնպես և հիմա խիստ վտանգավորություն է ներկայացնում երկրի համար:
ԱԱԾ պահեստազորի սպաների կողմից հրատարակվելիք գրքում, որն ի վերջո, հուսանք, մայիսին լույս կտեսնի, ես իմ հուշերում անդրադարձել եմ նաև վերը նշված փաստերին: Ուստի` մանրամասները գրքում»,-ընդգծեց նա:
Աղբյուրը՝ NEWS.am