կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 19:43
Քաղաքական

Մարտի 31-ը իշխանության յուրացման և Սահմանադրական կարգի տապալման օ՞ր

Մարտի 31-ը իշխանության յուրացման և Սահմանադրական կարգի տապալման օ՞ր

Այսօր Ազգային ժողովում քվորումի բացակայության պատճառով (ընդդիմության ներկայացուցիչները չմասնակցեցին քվեարկությանը) 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով  տապալվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որով թույլատրվում է արտակարգ դրության ժամանակ, եթե այն պայմանավորված է համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակով, միջամտել անձնական տվյալների պաշտպանությանը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։

Խիստ վիճահարույց օրենսդրական փաթեթը, որն առաջացրեց ողջ հասարակության բուռն դժգոհությունը, այնքան սկզբունքային էր իշխանության համար, որ իրենք կարծես թե դիմել են հակաօրինական քայլերի։ Այսօր երեկոյան Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ վերոհիշյալ փաթեթը հերթական անգամ առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։

Կառավարության կայքում զետեղված են Կառավարության՝ մարտի 31-ով թվագրված որոշումներ, որոնք վերաբերում են ԱԺ-ի՝ սույն արտահերթ նիստը հրավիրելու նախաձեռնությանը։ Այնինչ, այսօր Կառավարության նիստ տեղի չի ունեցել։   

Հետևաբար՝ այս ամենը նշանակում է, որ տեղի է ունեցել իշխանության յուրացում մի խումբ անձանց կողմից։ Թե ովքե՞ր են ընդգրկված եղել սույն ապօրինության մեջ՝ Ռ. Բադասյա՞նը, վարչապե՞տը, ԱԺ ղեկավարությու՞նը, թե՞ այլ անձինք, կարող է պարզել միայն անաչառ քննությունը։

Բայց միանշանակ է մի բան, որ մենք գործ ունենք պետական ծանր հանցագործության, այն է՝ իշխանության յուրացման և Սահմանադրական կարգի տապալման հետ։