կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 17:11
Տարածաշրջան

Ո՞վ է կազմակերպում արտահոսք Թուրքիայի ԳՇ-ից, ո՞ւմ է հարկավոր Հայաստանի և Հունաստանի վրա հարձակումների պլանների հրապարակումը

Ո՞վ է կազմակերպում արտահոսք Թուրքիայի ԳՇ-ից, ո՞ւմ է հարկավոր Հայաստանի և Հունաստանի վրա հարձակումների պլանների հրապարակումը

Երբ անցյալ տարվա դեկտեմբերի առաջին օրերին շվեդական Nordic Monitor կայքում, որը Nordic Research and Monitoring Network-ի լրատվական ռեսուրսն է, հրապարակվեց «գաղտնի փաստաթուղթ» Հայաստանի վրա Թուրքիայի հնարավոր հարձակման մասին, Regnum-ը դրանում տեսավ ինչ-որ հատուկ ծառայության կողմից իրականացվող օպերատիվ տեղեկատվական գործողության կանխանշաններ. տեղեկացնում է yekir.am-ը:

Հոդվածը ստորագրել էր թուրք հայտնի լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը, որը  Եվրոպայում աղմուկ հանած «Ընդհատված Թուրքիա» գրքի հեղինակն է: Նա 2016 թվականի հուլիսին չհաջողված պետական հեղաշրջումից հետո իշխանությունների կողմից փակված Today’s Zaman օրաթերթի Անկարայի գրասենյակի ղեկավարն էր: Պարբերականին մեղադրել էին, իշխանությունների պնդմամբ, հեղաշրջմանն առնչություն ունեցող թուրք հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ: Ինչ վերաբերում է Բոզքուրտին, ապա թուրքական լրագրողական և վերլուծական հանրությունը նրան համարում է ամենատեղեկացված ընդդիմադիր գործիչներից, որն ինսայդերական տեղեկատվություն է ստանում նաև թուրքական ուժային կառույցներից և հատուկ ծառայություններից: Պնդումներ կան, որ հենց Բոզքուրտն էր Today's Zaman-ին տվյալներ հաղորդում նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի շրջապատում կոռուպցիայի մասին, տպագրում նախագահի և նրա մերձավորների հեռախոսազրույցների սղագրությունները, հաստատում, որ նրանք կապեր ունեն ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում` «Ալ Քաիդա»-ի ու ԻՊ-ի հետ, պատմում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործում նրանց դերի մասին:

Today’s Zaman-ի խմբագրությունում ամեն ինչ ջարդուփշուր արվեց, աշխատակիցների մի մասը հայտնվեց ճաղավանդակների հետևում, Բոզքուրտին հաջողվեց փախչել Շվեդիա:

Regnum-ին հաջողվել է, կապ հաստատելով ներկայումս Բելգիայում ապրող` Today’s Zaman-ի նախկին աշխատակիցներից մեկի հետ, պարզել, որ Բոզքուրտն իր գործընկեր Լևենտ Քենեզի և ԵԱՀԿ փորձագետ Մուրատ Ջեթիների հետ հասարակական հիմունքներով ղեկավարում է Ստոկհոլմի ազատության կենտրոնը, իսկ, ընդհանրապես, ապրում է պատահական աշխատանքներով:

Խոսելով Հայաստանի վրա Թուրքիայի հավանական հարձակման վերաբերյալ փաստաթղթի հրապարակման մասին` Regnum-ի զրուցակիցը հարկ է համարել ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքներին. Oğuztürk Hava Harekât Planı-ը («Օդային գործողությունների Oğuztürk պլան»), որով նախատեսվում էր Հայաստանի ռմբակոծությունը (Altay գործողություն` 1920-ականների թուրք գեներալի անունով) հայտնաբերվել է ոչ թե Աքընջը ավիաբազայում հրամատարության կողմից Վերահսկման ենթակա փաստաթղթերի բյուրոյում պլանների համեմատության ընթացքում, ինչպես ավելի վաղ ասվում էր, այլ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող` թուրքական Գլխավոր շտաբի սպաներից մեկի կայքում: Ավելին` հարձակման պլանը նախապատրաստվել էր ոչ թե հեղաշրջման կազմակերպման ընթացքում, այլ դեռևս 2001-ի հուլիսի 13-ին: Այդ պատճառով 2016-ի հուլիսի հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող սպաների բազմաթիվ դատավարությունների ընթացքում իշխանությունները նույնիսկ նրանց քաղաքականապես վարկաբեկելու մեծ ցանկության պարագայում էլ մեղադրական դոսյեում չեն ներառել Altay գործողությունը:

Սա մանրամասնելը, ըստ Regnum-ի, կարևոր է այն պատճառով, որ վերջերս նույն Nordic Monitor  կայքում ի հայտ եկան այլ փաստաթղթեր, որոնց համաձայն`Անկարան ունեցել է Հունաստանի և Հայաստանի վրա հարձակման գաղտնի ծրագիր: Նշվում է, որ «Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի գաղտնի փաստաթուղթը «սխալմամբ» է ներառված եղել քննիչի կողմից» 2016-ի հեղաշրջման փորձի դատական գործի մեջ, երբ առգրավել են ԳՇ աշխատակիցների համակարգիչների նյութերը: Ճշգրտվում է կարևոր մանրամասնություն` Altay գործողությունը (Հայաստանի վրա հարձակման ) փոփոխության չի ենթարկվել 2001-ի հուլիսի 13-ից ի վեր: Միաժամանակ, Հունաստան ներխուժելու պլանը, որը ստացել է «Չաքա բեյ» անվանումը (ի պատիվ սելջուկյան ամիրա Չաքա բեյի, որի նավատորմը XI դարում գրավել է Էգեյան ծովի Լեսբոս, Խիոս, Սամոս և Հռոդոս կղզիները), մշակվել է ոչ թե 2016-ի հուլիսի հեղաշրջման փորձի նախապատրաստության ընթացքում, այլ 2014-ի հունիսի 13-ին:

«Հրապարակված փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքը Թուրքիայի ԳՇ-ի` տարածաշրջանում իրավիճակի սրման պարագայում  իրադարձությունների ենթադրյալ ընթացքի սցենարներ և հրամատարության միջև փոխգործակցությունը մշակելու ստանդարտ աշխատանքի մասին է: Դա գործողությունների գործնական ուղեցույց չէ: Այդ պատճառով հրապարակված փաստաթղթերը հետաքրքիր են թուրքական ռազմական ղեկավարության` զուտ աշխարհաքաղաքական հորիզոնների տեսանկյունից: Ի դեպ, փորձագետները պնդում են, որ  Թուրքիայի ԳՇ-ն նմանատիպ մշակումներ ունի նաև  Իրանի հետ կապված` Պարսից ծոցում հարաբերությունների սրման համար: Ռազմական ծրագրման տեսանկյունից` դա տիպային է աշխարհի ցանկացած երկրի ԳՇ-ի համար: Բայց Թուրքիան հատուկ դեպք է: Ինչ էլ հիմա չեն ասում ու գրում հույն և հայ փորձագետները, «արտահոսած» փաստաթղթերի հիման վրա հայտարարելով Թուրքիայի` հայերի ու հույների հանդեպ հավերժական թշնամության մասին, խնդիրը, նախևառաջ, կարևոր փաստաթղթերի արտահոսքի մեջ է, որը կարող էր տեղի ունենալ կա՛մ ԳՇ-ից, կա՛մ հեղաշրջման գործը քննող քննչական մարմինների կողմից, ընդ որում` գործը  թուրքական հետախուզության և հակահետախուզության վերահսկողության տակ է: Չէ՞ որ այդպիսի տեղեկությունը «հույժ գաղտնի» մակրագրությամբ է և  փոխանցվում է  ոչ թե համացանցով, այլ միայն կապի հատուկ համակարգերով:

Ուշագրավ է, որ թուրքական ԳՇ բազմաթիվ սցենարային մշակումներից չեն ջնջվել միայն երկուսը` Հայաստան և Հունաստան ներխուժելու պլանները, երկրներ, որոնց հետ Անկարան ներկայումս բարդ հարաբերություններ ունի»,- նշում է Regnum-ը և հավելում, որ, սակայն, ներկա պահին Թուրքիային օբյեկտիվորեն ձեռնտու չէ ավելի շատ ռազմական հակամարտություններ սկսել, քան արդեն սանձազերծել է կամ մասնակցում է:

Ըստ The Independent-ի`Էրդողանը խնդիրներ ունի զինվորականների հետ, որոնց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկու խոշոր դատական գործընթացների արդյունքում բաժանեց երկու մասի` նախկինների` մեղադրելով հեղաշրջման փորձի մեջ ու դատապարտելով ազատազրկման, և ներկաների` թվում է, թե լոյալ, բայց որոնց կաշկանդում են` ներգրավելով միաժամանակ մի քանի ռազմական գործողություններում  Սիրիայում, Լիբիայում և Հյուսիսային Իրաքում: «Ուրեմն ինչո՞ւ հենց հիմա Թուրքիայի որոշակի ուժեր որոշեցին հրապարակել թուրքական ԳՇ-ի տեսական մշակումները: Արդյո՞ք դա կապված է Հյուսիսային Կիպրոսում մզկիթի վրա հարձակումների հետ, որոնք թուրքական Daily Sabah թերթը մեկնաբանում է որպես «Հունաստանի հետ էթնիկ և կրոնական տարաձայնությունները խորացնելու փորձ»: Այն բանի հե՞տ, որ Լառնակայում Թուզլա մզկիթի վրա բարձրացվել էր բյուզանդական դրոշ, երբ հայտարարվեց Սբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու  որոշման մասին:

Թուրքական ԶԼՄ-ները դեռևս տեղեկացնում են որոշ թուրք գեներալների` գաղտնի տեղեկատվության արտահոսքի կապակցությամբ անհանգստության մասին և տագնապով հայտարարում քաղաքական ու աշխարհաքաղաքական հետևանքների մասին: Այդ կապակցությամբ հանրության շրջանում հասունանում է ինչ-որ փոփոխությունների կամ ցնցումների զգացում: Թուրքիան ինչ-որ բանի է պատրաստվում: Բայց ինչի՞»,- եզրափակում է Regnum-ը: