կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 11:56
Իրավական

Ճանապարհային ծածուկ ծառայություն իրականացնող ոստիկանները համազգեստով են, վկայականով և կրծքանշանով

Ճանապարհային ծածուկ ծառայություն իրականացնող ոստիկանները համազգեստով են, վկայականով և կրծքանշանով

Ճանապարհային ոստիկանությունը ծածուկ ծառայությունը իրականացնում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող ՀՀ ոստիկանությանը հատկացված հաշվառման համարանիշով ծառայողական ավտոմոբիլներով, որում գտնվող ծառայողները ծառայությունն իրականացնում են համազգեստով, ծառայողական վկայականով և կրծքանշանով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մանրամասներ ներկայացնելով ծածուկ ծառայության մասին։

«Ոստիկանների կողմից իրավախախտում հայտնաբերելու դեպքում տրանսպորտային միջոցը կանգնեցվում է՝ ավտոմոբիլի առկայծող փարոսիկը միացված վիճակում կամ մոտակայքում գունագրաֆիկ երանգավորում ունեցող ծառայողական ավտոմոբիլով ծառայություն իրականացնող այլ կարգախմբի կողմից:

Միաժամանակ հայտնում ենք, որ կանգնեցվող տրանսպորտային միջոցի վարորդը, առանց բացառությունների, պարտավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ուղղությամբ»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը իրականացնում է ծածուկ ծառայություն։ Այն ենթադրում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին և, համաձայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։