կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 18:47
Քաղաքական

Հանգիստ եղեք, շարժումը շարունակվելու է. Նաիրա Զոհրաբյան

Հանգիստ եղեք, շարժումը շարունակվելու է. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի նկատամամբ տեղի ունեցող գործընթացները և նրան պատգամավորական մանդատից զրկելը միանշանակ քաղաքական գործընթաց է՝ որևէ իրավական գործընթաց չկա:

«Առաջին պահից այս ամենը եղել է քաղաքական հետապնդում, վենդետա, հաշվեհարդար, ինչը շատ վատ տեղ է տանելու երկիրը: Մենք ապրում ենք 21-րդ դարում, և որևէ իշխանություն չի կարող Հայաստանին բլոկադայի ենթարկել՝ հավերժ երկարացնելու արտակարգ ռեժիմը, և մարդկանց արգելել իրենց բողոքը ազատորեն արտահայտելու իրավունքը: Կարծում եմ՝ այս ամենը շատ կարճ ժամանակ հետո ավարտվելու է: Պարզապես իմ հորդորն է Գլխավոր դատախազին՝ չդնել իր մասնագիտական և բարոյական վերջակետը  խորհրդարանում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա վստահեցրեց, որ որևէ փաստ չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ընտրակաշառք է տվել՝ նման փաստ Գլխավոր դատախազը չի ներկայացրել:

«Այս ամենը ծիծաղելի է, երբ երկիրը գնում է ռեպրեսիաների ճանապարհով, երկար չի կարող այդպես գնալ: Այսօր մենք տեսնում ենք սուտ, համատարած ձախողում բոլոր ոլորտներում: Հիմա պետք է տեղի ունենա առողջ ուժերի կոնսոլիդացիա, և մենք մեր երկրում պետք է ունենանք օրենքի իշխանություն: Գագիկ Ծառուկյանն էլ ասաց, որ հետ նահանջելու տեղ չունի, որովհետև թիկունքում ՀՀ քաղաքացին է, այո, Հայաստանը ռեալ կորցնելու վտանգն է»,- հավելեց նա:

Հարցին, եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, ո՞վ է ստանձնելու կուսակցության ղեկավարի պաշտոնը, և ովքե՞ր են ընդգրկված կուսակցության կազմկոմիտեում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ կազմկոմիտեում կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. «Կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին խոսք չկա, որովհետև հույս ունեմ, որ նման բան չի լինի, եթե գնա այդ վատատեսական սցենարով, մեզանից յուրաքանչյուրն իր անելիքը գիտի: Այս պահին ես չեմ ցանկանում հրապարակել մեր կուսակցության և այլ կուսակցությունների հետ քննարկումների բովանդակությունը, հանգիստ եղեք, շարժումը շարունակվելու է»: