կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 14:07
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պավլիկ Մանուկյանը բերման է ենթարկվել դատարանի հարակից այգուց․ նիստը հետաձգվեց

ՊՊԾ գնդի գրավման գործով  «Սասնա ծռերի» դատական նիստի սկզբում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր  Մեսրոպ Մակյանը հորդորեց ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանին դիմակը կրել սահմանված կարգով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Դատավորն զգուշացրեց, որ դիմակ կրելու կանոնները խախտելը կարող են դիտարկել  ամբաստանյալի վարքագծով պայմանավորված գործի քննությանը խոչընդոտում, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և կիրառել դատական սանկցիա։

Ամբաստանյալ Մանուկյանը, սակայն, հակաճառեց դատավորին, ինչի համար Մեսրոպ Մակյանը նախազգուշացում հայտարարեց դատական նիստերի դահլիճում ոչ պատշաճ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։

Դատավորը նշեց, որ հաջորդ անգամ դատարանը կարող է առավել խիստ դատական սանկցիա կիրառել՝ չբացառելով դատական նիստերի դահլիճից հեռացում։

Բանը, սակայն, հաջորդ անգամվան չհասավ․ դատական նիստի ընդմիջմանը Շենգավիթի նստավայրի հարակից այգուց Պավլիկ Մանուկյանին բերման ենթարկեցին Ոստիկանություն՝ դիմակ չկրելու պատճառով։

Այդ մասին հայտնեց նիստը նախագահող դատավորը․ «Պավել Մանուկյանը դատարանի շենքից դուրս գալով եւ հարակից այգում քայլելու ընթացքում դիմակ չկրելու պատճառով արժանացել է ծառայություն իրականացնող ոստիկանների դիտողությանը։ Նա չի կատարել ոստիկանների պահանջը եւ բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին»։

Այս պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 17-ը, ժամը 11։00-ն։

Պարզվեց, Մանուկյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 հիմքով, որը սահմանում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով շարունակում են կալանքի տակ մնալ «Սասնա ծռեր» խմբի անդամներից ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության համար: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավլիկ Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

Մանրամասն՝ տեսանյութում․