կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 16:13
Առանց Կատեգորիա

Հայաստանում ստեղծվում է COVID-19-ի ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ

Հայաստանում ստեղծվում է COVID-19-ի ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ

Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան հունիսի 9-ին անցկացրել է Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի և Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության  ոլորտների  առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, Հայաստանը խորհրդում ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային կենսաբանության և վիրոսաբանության լաբորատորիայի ղեկավար Զավեն Կարալյանը: Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է միավորել ջանքերը կարևորագույն գիտական խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու, փորձի փոխանակման և կադրերի պատրաստման գործում:

Նիստի ընթացքում Վիրուսաբանության գիտական խորհրդի համանախագահներ են  ընտրվել Ռուսաստանի Ի. Մեչնիկովի անվան պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Զվերևը, Չինաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրեն Գաո Ֆուն, Բելառուսի Գիտությունների ազզգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Կիլչևսկին:

COVID-19 համավարակի խնդիրը ճանաչվել է Վիրուսաբանության գիտական խորհրդի գործունեության օրակարգային հարց: «Մենք պետք է համակարգենք բոլոր գիտնականների և մասնագետների ջանքերը: Պետք է հաշվի առնենք արդեն իսկ ունեցած փորձը` հետագայում տարբեր համաճարակների ալիքների դեպքում պատրաստ լինելու և համարժեք քայլեր ձեռնարկելու համար»,- ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը:

«Ներկայումս շատ կարևոր է, որ մասնագետները` վիրուսաբանները, համաճարակաբանները, միավորվում են միջազգային և ազգային մակարդակով, և մենք արդեն տեսնում ենք խնդրի նկատմամբ գիտական կենտրոնացում»,- նշել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:

Հայաստանում ստեղծվում է COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ, որում ընդգրկվում են ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԲՈՒՀ-երի մասնագետներ: