կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-19 17:54
Քաղաքական

Ինչի համար է ստեղծվում բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով. քննարկում` ԱԺ-ում

Ինչի համար է ստեղծվում բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով. քննարկում` ԱԺ-ում

ԱԺ-ն քննարկում է «Բարեգործության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններով:

Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում են ՀՀ վարչապետի որոշմամբ:

Հովհաննիսյանն ասաց, որ բարեգործության շրջանակները չեն փոխվում, բարեգործների համար նախագծի ընդունումը խոչընդոտ և որևիցե նոր պարտականություն չի առաջացնում: Ըստ նրա՝ հանձնաժողովն այն բանի համար է, որ ով ցանկանում է ՀՀ նախագահից ստանալ կոչումներ, հարկային արտոնություն, պետությունը ևս կաջակցի ֆինանսապես, որ բարեգործություն իրականացնի, այսինքն` այդ դեպքում միայն կարող է դիմել այս մարմնին:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հստակեցրեց. «Մենք պետք է հստակ ամրագրենք այն դրույթը, որ եթե իրականացվում է բարեգործություն, բաց բարեգործը չի ակնկալում ո'չ կոչում, ո'չ աջակցություն, որևէ գործ չի ունենա կառավարության այդ կառույցի հետ»: Ըստ նրա` որպեսզի ցածր մակարդակի մեկնաբանություններ չլինեն, հարկավոր է հստակեցնել, որ առանց ակնկալիքի բարեգործությունը գործ չունի այդ մարմնի հետ:

«Որևիցե կապ չունի այն բարեգործների և այն բարեգործական մարմինների հետ, որոնք չեն ակնկալում նշված խնդիրները: Այդ հարցը հստակ է դրված, և կարդացողը կարող է հասկանալ` ինչ կապ կարող է ունենալ բարեգործության հետ այդ մարմինը»,- հստակեցրեց փոխնախարարը: