կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 22:38
Քաղաքական

Կալանավայրի կրթական կարծրատիպերը կոտրողը․ ՔԿՀ-ից՝ ԲՈՒՀ

«Ցմփոր քյաչալ չէի տեսել, հա, հա, հա»․ Ագնեսային (անունը փոխված է) այս խոսքերով ներս թողեցին խցակից կանայք։

Առանց այդ էլ չէր հասցրել ուշքի գալ երկար սև գանգուրները բանտային ածելուն հանձնելու գործողությունից։ Էժանագին ածելին գլխի մաշկը տեղ-տեղ պատռել էր․ լարվածությունից ցավ չէր զգում։

Ագնեսային վերևի նառը բաժին հասավ․ «լավ տեղերը» զբաղված էին, իսկ հղին այդ հասարակությունում արտոնություն չուներ։

Ոտքը դրեց «տմբուչկային», մյուս ոտքով փորձեց բարձրանալ ու վեր տանել փորը․․․ մի պահ հավասարակշռությունը կորցրեց, բայց արագ հավաքեց իրեն։

12 տարվա ազատազրկում՝ «ավազակային հարձակում» հոդվածով։ Միտքը հրաժարվում էր ընդունել, որ նոր մարդ է լույս աշխարհ բերելու ու միանգամից այդ միջավայրում։ Նորածնին իր հոր անունով՝ Դավիթ պիտի կոչեր, բայց փոխեց միտքը։

««Գուրգեն» լատիներենից թարգմանած նշանակում է «գայլի ձագ», կենդանի, որը գուցեև ձագ է, բայց ինքնուրույն է։ Մտածեցի, սա այն իրավիճակը չէ, որ պապայիս անունը լինի, դրեցի «Գուրգեն»։ Իրականում, խորհրդանշական է, դա նաև իր կյանքի ընթացքն է՝ ինքը մենակ պիտի պայքարի ինչքան էլ ես կողքից օգնեմ»,-Yerkir.am-ին պատմեց Ագնեսան։

Տիկին Ժասմինան կալանավայր բերեց կավը մշակելու դազգահը, խառնիչն ու թրծելու հնոցը։ Կավանյութն էլ էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կոնտրոն» ՊՈԱԿ-ը տրամադրում։ Արվեստի այս տեսակը Ագնեսայի համար նորություն էր, թեև 8 տարեկանից սովորել էր Հենրիկ Իգիթյանի դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջում և ավարտել կարմիր դիպլոմով։

«Ագնեսկա, էսօր ի՞նչ ենք սարքում, ասում եմ՝ դե մի բան կսարքենք, ասում է՝ դե հա, ես գիտեմ, քեզ բան չեմ ասում․․․ մի 5 րոպե հետո պատրաստ էր։ Էս նոր արեցի՞ր, էդ ինչ արագությամբ ես անում, մի քիչ դանդաղ աշխատիր․․․ կավը մշակեցի՞ր, գրտնակեցի՞ր, ասում եմ՝ հա․․․ Ես գնահատում էի ժամանակը»,-հիշեց Ագնեսան։

Ժամանակի վրա շատ էր դողում, որովհետև կավագործության դասը շաբաթվա մեջ ընդամենը  մեկ ու կես ժամ էր, իսկ ինքը շատ բան ուներ սովորելու, կնախընտրեր, որ գոնե մի քանի օր լիներ։

Կավագործությունը յուրացնելուց հետո Ագնեսան զարմանալի մի պարադոքսի մեջ ընկավ․ երբ արդեն պատիժը կրել, վերջացրել էր ու դուրս եկել ՔԿՀ-ից, ցանկություն հայտնեց, որ ինքը ևս կավագործություն դասավանդի կալանավայրերում։ Մտածում էր՝ արդյունավետ կլինի, որ ազատազրկման վայրում նոր բան սովորածն ինքը ազատվելուց հետո սեփական դրական փորձը փոխանցեր կալանավորներին։ Բայց արի ու տես, որ ՊՈԱԿ-ը մերժեց, ասաց՝ դու դատվածություն ունես․․․ փաստորեն, դատապարտյալների սոցիալականացման ուղղությամբ աշխատող ՊՈԱԿ-ը մի կողմից մերժեց նախկին դատապարտյալին՝ աշխատանք գտնելու հարցում, մյուս կողմից՝ զրկեց պատիժը կրողներին՝ հաջողության պատմությամբ ոգեշնչվելուց։ Տիկին Ժասմինայի հետ բանտից դուրս գալուց հետո էլ մտերմություն են անում։

ՔԿՀ-ում Ագնեսան արդեն ցույց էր տվել իր տաղանդն ու որոշ ժամանակ աշխատել իբրև գորգագործության արտադրամասի ղեկավար․ 12 աղջկա սովորեցնում էր նախագծել պատկերն ու գործել գորգը, որը վաճառքի էր հանվում։ Դրա դիմաց ստացած աշխատավարձով Ագնեսան գոնե հեռախոսով խոսելու քարտեր էր գնում։ Բայց, ցավոք, արտադրամասը փակվեց։

Երբ Ագնեսայի բալիկը ծնվեց, բանտախցում լրացուցիչ գույք, ասենք՝ օրորոց կամ ծալովի մահճակալ, չավելացրին․ պետք է գետնին ամրացված լիներ, այլ կերպ չէր կարելի։ Նորածին տղան երկրորդ հարկի նեղլիկ նառին՝ մայրիկի կողքին պառկեց։ Նրան լրացուցիչ սնունդ չէր հասնում․ մայրիկի առավոտյան մեկ կտոր հացն ու երկու գդալ շաքարավազը պետք է կիսեին, երբ սնունդի անցներ։ Փոքրիկ տղային լողացնել կարող էր միայն շաբաթը մեկ օր՝ ընդհանուր բաղնիքի օրը՝ դույլով ջուրը խուց բերելով․․․ մեկ ու կես տարուց Ագնեսան բալիկին ծնողների տուն ուղարկեց։ Տեսակցություն թույլատրվում էր միայն տարվա մեջ մեկ անգամ․․․ տարիների հետ 3 անգամ դարձավ․․․ տղան մայրիկին մեկ էլ 10 տարեկանում միացավ։

Որդուն տուն ուղարկած 23 տարեկան աղջիկը ազատ անկման զգացողություն ուներ․․․ սկսեց դիմումներ գրել տարբեր բուհերի ռեկտորատներ՝ խնդրելով թույլ տալ հեռակա կարգով մասնակցել արվեստի բաժնի ընդունելության քննություններին։ ԵՊՀ-ն մերժեց, Մանկավարժական համալսարանը մերժեց․․․ ասացին՝ դատապարտյալի ուսումնառության փորձ երբեք չեն ունեցել, ուստի այդ հարցը ենթակա է մերժման։ Միայն մեկ բուհ համաձայնեց՝ Մաշտոցի անվան համալսարանը․ ասացին՝ եթե կարողանաս ընդունվել, խնդրեմ։

Ընդունվել կարողացավ․․․ բայց 500 հազար դրամ ուսման վարձի խնդիրը մնաց առկախ․ պետական օժանդակության ծրագիր չկա, ծնողների համար էլ դա մեծ գումար էր։ Բայց դա նահանջի պատճառ չդարձավ․ բանտի տնօրինությունից խնդրեց իրեն վճարովի աշխատանք տրամադրել։

«Ու ընդունվեցի հավաքարար․․․ բանտի տարածքի փողոցներն էի ավլում։ Աշխատավարձս՝ ամսական 25 500 դրամ, փոխանցում էի համալսարանի հաշվեհամարին, որպես իմ ուսման վարձ, որ կուտակվի տարեկան վարձս լրանա»,-պատմեց Ագնեսան։

Լինում էր՝ օրը մի քանի անգամ նրա ծնողը կտրում էր բանտից համալսարան ու հակառակ ուղղությամբ ճամփան․ իր գրած աշխատանքն էր տանում՝ ներկայացնում, շտկումները բերում, որ լրացումները կատարի, նորից հետ տանում, որ գնահատվի։ Երբեմն դասախոսները հեռախոսահամար էին տալիս, որ զանգի՝ հեռախոսով դասախոսություն վարեն։

Նվազագույն պայմաններ անգամ չկային․ ինտերնետից օգտվելն արգելված էր, բանտի գրադարանում մասնագիտական գրականություն, արվեստի մասին գրքեր չէին էլ եղել։ Բայց զավեշտը հասավ գագաթնակետին, երբ պետք եկան նկարչական պարագաները։

«Ասենք, նկարչության դաս է՝ կոմպոզիցիա, ներկեր չի թույլատրվում, քանի որ քիմիական բաղադրության են, գունանկար անելու համար կտավ չի կարելի, քանի որ կտավի համար պետք են յուղաներկեր՝ յուղաներկը բացարձակ սուր հոտ ունի՝ կալանավայրերի միջավայրում արգելված է․․․ Այնքան խնդիրներ եմ ունեցել․․․ Անցնում էինք փայտի փորագրություն, պետք են գործիքներ, որոնք սուր կտրող-ծակող են, որոնք այդ համակարգում միանշանակ արգելված են։ Ասում էին՝ որ քեզ տանք, մյուներին չենք կարող չտալ»,-պատմեց Ագնեսան։

Այս ամենը նրան տալու համար լուծում կարող էր լինել առանձին՝ «ուսումնական» խուց հատկացնելը, բայց դրա համար պետք էր տրամադրել առանձին հսկիչ և «ռեժիմից դուրս» իրավիճակ, ինչի նախադեպը ևս չկար։ Ագնեսան, փաստորեն, չտրորված ճանապարհով էր գնում ու գնում էր համառորեն․․․

«Լավ հիշում եմ, որ գնացի բանտապետի մոտ, ասացի՝ ուզում եմ համալսարան սովորել, ասաց՝ ի՞նչ ես ուզում, ասացի՝ դե որ լավ սովորեմ, պարոն գնդապետ, կարմիր դիպլոմ ստանամ, ասաց՝ էս քեզ դպրոց՝ էնտեղ դպրոց կար, էս քեզ տանիք, էս էլ քեզ կարմիր սերտիֆիկատ, էլ ի՞նչ ես ուզում, գնա էլի, կալանքդ կրի, եկել ես ստեղ գիտունիկ դառնա՞ս»,-այսպիսին էր վերաբերմունքը։

Ամենամեծ պատմությունը դարձավ ավարտական՝ պետական, քննությունը, որը մեկ ու կես տարի տևեց։

ՔԿՀ-ի տնօրինությունն արգելեց Ագնեսային դուրս գալ տարածքից ու բուհի հանձնաժողովի առջև ներկայացնել ավարտական աշխատանքը։ Ծնողները փորձեցին հանձնաժողովականներին բերել կալանավայր․ խոստացան մեքենա տրամադրել, անգամ վճարել անհանգստության դիմաց, միայն թե գերազանց սովորող աղջիկն ավարտեր։ Չհամաձայնեցին։ Ագնեսան նամակ-խնդրագրեր գրեց Կրթության և գիտության նախարարություն ու Քրեակատարողական ծառայություն․․․ անօգուտ։ Միակ փրկօղակը դարձավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջամտությունը։

«Նախարարություններին գրում էի՝ ի վերջո 5 տարի բացարձակ գերազանց եմ սովորել 12 առարկա, հավաքարար եմ աշխատել՝ առավոտ 7-ին զարթնել եմ ու լապատկեքով սառույցը ջարդել՝ սաղ ձեռքերս մազոլ, ասում էին՝ չէ․․․ ի՞նչ կլինես։ Մեկ տարի անցավ․․․ եթե չդիմեի պրն․ Թաթոյանին, ոչ մի բան չէր ստացվի։ Պրն․ Թաթոյանը կազմակերպեց, երկու նախարարություններ ընդհանուր հայտարարի եկան, որ գոնե դասախոսները գան, որովհետև դասախոսներից ոչ մեկը համաձայն չէր, անձամբ էի նամակ գրել բոլորին։ Վերջում այդ հանձնաժողովի անդամները եկան, պրն․ Թաթոյանն անձամբ երկու անգամ եկավ ՔԿՀ, հանդիպեց տեղի ղեկավարության հետ, նաև Կրթության և գիտության նախարարության հետ։ Եթե այդ մարդը այդքան հետևողական չլիներ, ամեն տեղ կմերժեին․ բացատրությունը մեկն էր՝ նախադեպ չկա, օրինակ չի եղել, չենք կարող որևիցե օրենքի վրա հիմնվել»,-ասաց Ագնեսան։

Ավարտեց՝ կարմիր դիպլոմով։ Երբ խցակից աղջիներն ասում էին՝ մի սկսիր, չես կարողանալու ավարտել, ինչ ես գլուխդ մտցել, ասում էր՝ դուրս գամ, պիտի դրանով աշխատեմ։

Այդպես էլ արեց․ այժմ արվեստի դպրոցներում նկարչություն, կավագործություն է դասավանդում։ Ավելի ճիշտ՝ դասավանդում էր մինչև կորոնավիրուսի համավարակը․․․ դրանից հետո մնաց տանը նստած՝ անորոշ ժամանակով։

Այդ աշխատանքն էլ մի կերպ էր ճարել․․․ անգամ սուպերմարկետում վաճառողուհի ընդունել մերժում էին․․․ դատվածություն ունես։ Փորձեց Վերնիսաժում վաճառել գործերը․ անիմաստ, առևտուր չկար։ Օնլայն վաճառքը ևս չարդարացրեց։

Մինչև ազատազրկումը Ագնեսան Կարմիր խաչի կոմիտեի Հայաստանի մասնաճյուղում կամավոր էր։ Նաև «Օրրանում» խնամում էր փոքրիկներին։ Այժմ հայտ է ներկայացրել Կարմիր խաչի կոմիտե, սպասում է պատասխանի։

Ազատազրկման վայրում Ագնեսան մի որդնած, կիսամեռ ծիրանի ծառ էր «որդեգրել» ու մտադրվել բերքի հասցնել։ Ոչ մեկը չէր հավատում։ Այնքան խնամեց, տակը փորեց, սնուցեց, որ վրան ամենալավ ծիրաններն աճեցին։ Բոլորին ասում էր՝ առաջին պտուղը տղայինս է, մինչև չպոկեմ, ոչ մեկդ ձեռք չտաք․ առաջին հասածը պոկում էր որդու համար ու հրավիրում մյուսներին։ Ամեն առավոտ տակը նստում էր ու սուրճը ձեռքին կարդում որևէ գիրք։

Տարվա մեջ մեկ օր՝ ճիշտ այդ օրը, Ագնեսան գնում էր կալանավայրի մատուռն ու խունկ ծխում այն մարդու հոգու հանգստության համար, որի սպանությունը իր ու ամուսնու ազատազրկման պատճառն էր դարձել․ ամուսնուն՝ ցմահ, իրեն՝ մեկ տասնյակ տարի։

Ագնեսան վաղաժամ ազատվեց՝ 2 տարի շուտ։ Դատավարության ժամանակ 8 հոգի դեմ էին՝ այդ թվում դատախազը․․․ իրեն հանրային պաշտպան էին տրամադրել, որը դատին չէր էլ ներկայացել, ստիպված անձամբ ինքն իրեն պաշտպանեց․ և միայն դատավորի անաչառ մոտեցման շնորհիվ դատարանի դահլիճից տուն գնաց։

ՔԿՀ-ի պատերին Ագնեսայի որմնանկարներն են։ Բանտապետի սենյակում մի երեկո միայնակ ծնկեց դատարկ պատի առջև, աղոթեց գործի հաջողության համար, ու սկսեց Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները փոխադել պատին։

Իր բանտախուցը հիշելիս, հիշում է նաև կին դատապարտյալների կռիվը խոհանոցում․ ինքը նստած նկարում էր, թուղթը փոխեց, սկսեց այդ կռիվը նկարել։ Հետո ժամանակ անցավ, նկարը կախեց խցի պատից։ Կանայք իրար անցան՝ խայտառակ ե՞ս, էս ի՞նչ ես արել, ամոթ է, հանիր։ Ասաց՝ ձեզ նայեք կողքից, կաթսան ճաշով թափվում է, երբ կողքի մարդը ուտելիք չունի․․․սա դեռ նկար է, բա որ կողքը ձեր հայհոյանքները գրեի․․․ կանայք ձեռքը թափ տվին՝ դե լավ, հա, եկել ես ինստիտուտ պրեկրասնիխ դիվի՞ց։

Կավագործության դասի ժամանակ տիկին Ժասմինան սովորեցրել էր նաև հատուկ ներկերով կտավի վրա նկարել։ Ագնեսան իր ու հարազատների զգեստների վրա հաճախ այսպես նկարում է ու քթի տակ նվագում ինչ-որ մեղեդի․

Աննա Բալյան