Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այս պահին Շիրակի մարզի համար շարունակում է մնալ կորոնավիրուսային հիվանդության բուժման միակ մասնագիտացված հիվանդանոցը: Այս պահին երկրորդ նման հիվանդանոցն ունենալու խնդիր չկա, իսկ անհրաժեշտության դեպքում որպես այդպիսին կարող է ծառայել նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը: Այս մասին է խոսել Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը:
«Այս հնարավորության մասին առողջապահության նախարարությանը ներկայացվել է: Եկել, նայել են: Շենքը բավական լավ վիճակում է: Շատ քիչ գումար է պետք ծախսել ու, եթե կարիքը լինի, այն կարելի է օգտագործել, բայց այս պահին այդ հարցը չի քննարկվում, խնդիր չկա»,- մանրամասնել է նա:
Մայիսի 24-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Ի դեպ, մայիսի 22-ին գրանցված առավելագույն 99 պացիենտի թվի նվազումը Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կապում է թեթև և անախտանիշ հիվանդների տնային հսկողության ուղարկելու որոշման հետ:
«1-2 օրերի ընթացքում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում իրականացվեց դեպքերի, այսպես ասած, «տեսակավորում» և անախտանիշ ու թեթև դեպքերն ուղարկվեցին իրենց մարզեր՝ տնային հսկողության: Այս դեպքերը գնում են տվյալ մարզի առաջնային օղակի հսկողության տակ»,-նշել է պատասխանատուն:
Նշենք, որ մարզում հիվանդության դեպքերի գրանցման առաջին օրից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 241 պացիենտ, որոնցից 163-ը մարզի բնակիչ է։ 31 հիվանդ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Այս ընթացքում արձանագրվել է մահվան 7 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1797 նմուշառում։
Անդրադառնալով շիրակցիների կողմից իրականացվող կանխարգելիչ քայլերին, Լեյլա Ասլանյանը նշել է՝ շատերը պահպանում են, բայց կարգազանց քաղաքացիներ ևս կան:
«Հիմնականում պահպանում են: Ես օգտվում եմ տաքսիներից և հաճելիորեն զարմացած եմ ու ուրախացում եմ, որ վարորդները դիմակներով են: Չեմ ասի, որ բոլորը հարյուր տոկոսով պահպանում են, բայց մենք էլ անում ենք այնպես, որ հնարավորինս քաղաքացիները հետևեն կանոններին: Ես ապավինում եմ մեր ազգաբնակչության ինքնագիտակցությանը»,- հավելել է պատասխանատուն։