Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Past.am-ը գրում է, որ Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի գնի հետ կապված հայտարարությունը թեկուզ դիվանագիտական լեզվով, սակայն բավականին կոշտ էր՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Գազի գնի հարցը նոր չէ եւ պարբերաբար բարձրացվում է: Ավելին, այն վաղուց տնտեսականից զատ ունի նաեւ քաղաքական բաղադրիչ: Միեւնույն ժամանակ, սա ընդհանուր միջպետական հարաբերությունների միայն մի կողմն է:
Իրականում անցած երկու տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, բավականին մշուշոտ են, եթե չասենք ավելին:
Փաստը մնում է փաստ, որ ռուսաստանցի գործընկերների կողմից մեր իշխանությունների նկատմամբ գնալով խորանում է անվստահությունը, ավելի ու ավելի են բարդանում փոխադարձ հարաբերությունները:
Ու եթե սկզբնական շրջանում նոր իշխանությունները հավաստիացնում էին, թե Ռուսաստանի հետ առկա են հրաշալի գործընկերային հարաբերություններ, ավելին, Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ ինքն էլ իբր ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, ապա հիմա արդեն թե՛ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, թե՛ հենց վարչապետը խոստովանում են, որ խնդիրներ իրոք կան:
Իհարկե, դրանք ներկայացվում են որպես «աշխատանքային», սակայն ակնհայտ է, որ իրավիճակն առավել բարդ է, ու «ամեն ինչ նորմալ» չէ, ինչպես փորձում է ներկայացնել Փաշինյանը: Խնդիրներն առանց խոստովանելու էլ ակնհայտ են, ինչի մասին են վկայում մի շարք երեւույթներ եւ իրադարձություններ:
Հենց թեկուզ 2019 թվականի հոկտեմբերին Երեւանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում Պուտինի այցն իր բոլոր «նրբերանգներով», այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ եւ որդու հետ հանդիպումով, Փաշինյանի կողմից կրկնակի ճանապարհելու փաստով եւ այլն, ինքնին բավականին խոսուն էր:
Վերջերս էլ մի քանի հայտարարություններ արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված:
Մեկ շաբաթ առաջ վերջինս հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Նույն օրը լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հեռախոսազանգի առանցքում եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հարցը:
Ու թեկուզ ԱԳ մամուլի քարտուղարը հերքեց այս տեղեկությունը, սակայն ուշագրավ է, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը հերթական անգամ մերժելու հենց հաջորդ օրը:
Ոչ պակաս ուշագրավ է այն հանգամանքը, որ հենց դատի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի միջեւ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ռուսական կողմի նախաձեռնությամբ»:
Հետաքրքիր է, որ հաղորդագրությունը տարածվել է հաջորդ օրը՝ մայիսի 14-ին, ինչից կարելի է ենթադրել, որ զրույցը եղել է երեկոյան: «Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: Հաղթանակի օրվանից 4 օր անց:
Անշուշտ, հազվադեպ պատահող երեւույթ է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց որեւէ տոնի հետ կապված շնորհավորեն օրեր անց: Տեղեկություններ կան, որ այս զրույցի ժամանակ եւս չի շրջանցվել Ռոբերտ Քոչարյանի թեման:
Մի խոսքով, ստացվում է մի վիճակ, երբ ռուսաստանցի պաշտոնյաները դիվանագիտական «մեսիջներից» աստիճանաբար անցնում են ուղիղ, ճակատային «զրույցների»՝ հասկացնելով իրենց վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունների նկատմամբ:
Եթե սրան գումարենք նաեւ այն հանգամանքը, որ Հաղթանակի օրը Պուտինի եւ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց չի եղել, եւ բավարարվել են միայն շնորհավորական ուղերձներով, պատկերն առավել հստակ է դառնում: Առավել եւս, երբ Փաշինյանը նման մեկնաբանություն է տալիս այդ փաստին.
«Ինչ վերաբերում է Մայիսի 9-ին, ապա գիտեք, որ այդ ժամանակ ես գտնվել եմ Արցախի Հանրապետությունում, ընդ որում, արդեն 3 տարի շարունակ Մայիսի 9-ը դիմավորում եմ Ստեփանակերտում»: 21-րդ դարում:
Հեռախոսազրույց չի եղել, որովհետեւ վարչապետը ոչ թե Երեւանում՝ իր կաբինետում է եղել, այլ Արցախում: Ու պատահական չէ, որ փորձագետներն ու մամուլը նման արդարացումը գնահատեցին, մեղմ ասած, ոչ համոզիչ:
Մի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների խութերը գնալով նորանոր «երանգավորում» են ստանում, ինչն արդեն ռուսական կոմղը չի էլ թաքցնում:
Ու պատահական չէ, որ գնալով ավելի ու ավելի շատ են կոշտ հրապարակումներ հայտնվում ռուսական լրատվամիջոցներում, որոնք իրենց տողատակերում ու հենց «տողավերեւներում» հստակ ցույց են տալիս Փաշինյանի ու իր թիմի մերձավոր հատվածի հանդեպ խիստ բացասական վերաբերմունքը: