կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 18:31
Քաղաքական

26 տարի առաջ այս օրը ուժի մեջ մտավ Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը

26 տարի առաջ այս օրը ուժի մեջ մտավ Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը

1994 թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ եւ ԱԳՆ նախաձեռնությամբ Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցավ հանդիպում, որի արդյունքում Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը:

Փաստաթղթով, որին, ի դեպ, Ադրբեջանը միացավ 3 օր անց՝ մայիսի 8-ին (Աֆիադին Ջալիլովը` Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը, Բիշքեկում չմիացավ արձանագրության ստորագրմանը: Բիշքեկյան արձանագրությունը մայիսի 8-ին Բաքվում ստորագրեց Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ռասուլ Գուլիևը՝ մի կողմից Վլ. Կազիմիրովի, մյուս կողմից՝ Բրյուսելից վերադարձած Հ. Ալիևի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության միջև տեղի ունեցած թեժ քննարկումներից և բանավեճերից հետո), կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994 թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Միջնորդ կողմը ցանկանում էր մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, օգտագործել խաղաղության հաստատման համար:

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը Բաքվում նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: Բաքվից Մոսկվա վերադարձած Վլ. Կազիմիրովը 1994 թ. մայիսի 10-ին Երեւանից ստանում է համաձայնագրի տեքստը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ստորագրությամբ: Համաձայնագրի տեքստը մայիսի 11-ին ֆաքսով ստացվում է նաև Ստեփանակերտից` ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի ստորագրությամբ: Այս պատճառով է, որ ոչ թե գոյություն ունի համաձայնագրի մեկ միասնական բնօրինակ կամ երեք բնօրինակներ՝ երեք կողմերի ստորագրությամբ, այլ երեք օրինակներ՝ կողմերի առանձին ստորագրություններով:

Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Փաստաթղթում ասվում է. «Արձագանքելով Բիշքեքում 1994 թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված` կրակը դադարեցնելու մասին կոչին եւ հիմք ընդունելով 1994 թ. փետրվարի 18-ի արձանագրությունը, հակամարտող կողմերը պայմանավորվել են հետեւյալի մասին`

1. Ապահովել հրադադար եւ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994 թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակը դադարեցնելու մասին համապատասխան հրամանները կտրվեն ու կհասցվեն զինված կազմավորումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց կատարման համար, ոչ ուշ, քան 1994 թ. մայիսի 11-ին:

Մայիսի 12-ին մինչեւ 23.00-ն կողմերը կփոխանակեն կրակը դադարեցնելու մասին հրամանների տեքստերը հետագայում այն լրացնելու եւ նմանատիպ փաստաղթերի հիմնական դրույթները ունիֆիկացիայի ենթարկելու նպատակով:

2. Խնդրել ՌԴ պաշտպանության նախարարին` մայիսի 12-ից ոչ ուշ հրատապ խորհրդակցություն հրավիրել Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջեւ` նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի տարանջատման սահմանները, ռազմատեխնիկական այլ հրատապ հարցերն ու նախապատրաստելով միջազգային դիտորդների առաջատար խմբի ծավալումը:

3. Այս պայմանավորվածությունը կօգտագործվի բանակցությունները 10 օրվա ընթացքում ավարտելու եւ մայիսի 22-ից ոչ ուշ Ռազմական հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար:

4. Սույն պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այն բանից անմիջապես հետո, երբ Միջնորդը կիրազեկի, որ հակամարտող կողմերից ստացել է լիովին համարժեք փաստաթղթեր` ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից»: