Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լիբանանում ստեղծված ծանր իրավիճակի լուծման միակ իրատեսական ճանապարհը արտաքին հիմնական հովանավոր երկրների լայն աջակցությունը վայելող կառավարության ձևավորումն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Որովհետև առանց արտաքին լուրջ ֆինանսատնտեսական աջակցության և զուգահեռաբար ներքին, խորքային բարեփոխումների Լիբանանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հարթելն անհնար է»,-ասաց նա։
Նրա կանխատեսմամբ՝ տնտեսական և քաղաքական վիճակը այդ երկրում շարունակելու է վատթարանալ։
Լիբանանահայ համայնքը, նրա խոսքով, կրում է նույն զրկանքները, ինչ Լիբանանի ողջ բնակչությունը և՛ տնտեսական, և՛ առողջապահական, և՛ քաղաքական ու իրավական․ «Համայնքի վիճակը ևս, բնականաբար, մտահոգիչ է և դրա բարելավման հնարավորություններն ուղղակի պայմանավորված են ընդհանուր առմամբ Լիբանանի վիճակով»։
Լիբանանահայության զանգվածային ներգաղթ կազմակերպելը դեպի Հայաստան, արաբագետի դիտարկմամբ, բացասաբար կազդի հայ-լիբանանյան հարաբերությունների վրա, քանի որ լիբանանահայերը առաջին հերթին Լիբանան պետության քաղաքացիներ են, բայց Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտնի ընդունելու բոլոր ցանկացողներին, անհատական մակարդակով պետք է ցուցաբերվի աջակցություն, ինչը, ըստ նրա, մշտապես արվել է։
Լիբանան պետությանը տնետեսական օժանդակությունը Հայաստանը հազիվ թե կարողանա ցուցաբերել, նշեց արաբագետը, քանի որ Լիբանանի խնդիրները շատ խորն են և բավական մեծ ծավալի տնտեսական աջակցության մասին է խոսքը, որը համաշխարհային տնտեսական կազմակերպությունները կարող են տրամադրել։ Քաղաքական աջակցության մասով երկկողմ հարաբերությունները բավական բարձր մակարդակի են և դա գրավական է, որ ցանկացած պահի Հայաստանը բարեկամ Լիբանանի ժողովրդի և պետության կողքին է։
Համավարակի այս շրջանում Լիբանանում բողոքի գործողությունների կրկին սկսումը պայմանավորված է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակով, որն ավելի խորացավ կարոնավիրուսի համավարակի հետևանքով երկրի իշխանությունների մտցրած տնտեսական սահմանափակումներով՝ նշեց Արմեն Պետրոսյանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացումներով։
«Աշխարհում և Լիբանանում տնտեսական անկումը ավելի խորացրեց լիբանանցիների սոցիալ-տնտեսական վիճակը՝ մի քանի ամսում բնակչության շրջանում աղքատության մակարդակը կտրուկ իջեցնելով․ Լիբանանի բնակչության կեսից ավելիի կենսամակարդակը աղքատության շեմից ցածր է, ազգային արժույթը արժեզրկվել է 60 տոկոսով, իսկ սա նշանակում է երկրում գնաճ է արձանագրվել, որովհետև երկիրը դոլարիզացված է»,-ասաց Արմեն Պետրոսյանը։
Այս պարագայում շարքային լիբանանցին կանգնած էր երկընտրանքի առջև՝ շարունակել պայքարել համավարակի՞ տարածման դեմ, թե՞ սովի։ Շատ շրջաններում մոռացության տվեցին առողջապահական մարտահրավերը և գնացին սոցիալ-տնտեսական խնդիրները վեր հանելու ճանապարհով։
Կրկին ակտիվացած բողոքի գործողությունները նաև կողմնակի հրահրումների հետևանք են՝ նշեց Արմեն Պետրոսյանը։ Լիբանանի նախկին վարչապետ և «Ալ-Մուստաքբալ» սուննիական շարժման ղեկավար Սաադ Հարիրին երկրի նոր վարչապետ Հասան Դիաբի կառավարությանը մեղադրեց հեղաշրջում պլանավորելու համար: Անցյալ շաբաթ Հարիրին վերադարձել է Բեյրութ և նաև ընդդիմության առաջնորդի վերադարձով են պայմանավորում մայրաքաղաքում և այլ քաղաքներում հակակառավարական ցույցերի վերսկսումը: Նախկին վարչապետը, որը ստիպված էր հրաժարական տալ անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին՝ Լիբանանը ընդգրկած զանգվածային բողոքի ալիքի պատճառով, այժմ մեղադրանք է առաջադրում իր իրավահաջորդին: Նա պնդում է, որ Դիաբը և իր թիմը ժամանակին չեն մշակել հակաճգնաժամային ծրագրեր, հետևաբար մեղավոր են ֆինանսական դեֆոլտի համար:
«Ինչպես ցանկացած երկում, Լիբանանում էլ կանխատեսելի էր, որ ընդդիմադիրները կօգտագործեն համավարակի հետևանքները իշխանությունների դեմ քաղաքական պայքարի համար։ Անգամ անցյալ հոկտեմբեր-նոյեմբերի բողոքի ցույցերի կուլմինացիոն շրջանում Հարիրին պահպանում էր վարչապետի պաշտոնում մնալու հավանականությունը և նպատակները։ Միայն անհրաժեշտ էին շատ ավելի ազատ գործելու իրավաքաղաքական հիմքեր, բայց ցուցարանները չէին տալիս հնարավորություն՝ երկրի խնդիրների լուծման բանալին նաև անձերի փոփոխության մեջ տեսնելով»,-ասաց Արմեն Պետրոսյանը։
Նախկին վարչապետի վերադարձը իբրև հակակառավարական ցույցերի առաջնորդ, արաբագետը բացատրում է նաև Լիբանանի քաղաքական համակարգի և զուգակցված պետական կառավարման և տնտեսական համակարգի էությամբ․ «Լիբանանը համայնքային երկիր է և ինչպես առանձին անձինք, այնպես էլ կուսակցություններն ունեն հավատարիմ հետևորդներ։ Սունիական համայնքը կառավարության մեջ, որին ներակայացնում էր Հարիրին, ուներ հստակ ուղեգիծ և հավատարիմ կերպով շարունակում է աջակցել Հարիրիին։ Չնայած այս միասնության կառավարության ձևավորմանը, սունիական որոշ խմբեր չեն աջակցում այդ կառավարությանը և շարունակում են իրենց շահերը ներկայացնողների դերում տեսնել Հարիրիին»։
Դեռևս մարտին Լիբանանը հայտարարեց դեֆոլտի մասին. արտաքին պարտքը հասել էր ՀՆԱ-ի 170 տոկոսին։
«Սա նշանակում է, որ երկիրը վճարունակ չէ, էականորեն նվազեցվում է երկրի միջազգային տնտեսական հեղինակությունը։ Կանխատեսելի էր նման վիճակ դեռ անցյալ տարեվերջին, երբ սկսվել և մի քանի ամիս շարունակվում էին այս բողոքի գործողություները, երկրում խորացել էր համակարգային ճգնաժամը՝ այդ թվում տնտեսության մեջ։ 2-3 տասնամյակ վաղեմության խորքային խնդիրները խեղդել էին տնտեսությունը»,-նշեց Արմեն Պետրոսյանը։
Արաբագետի դիտարկմամբ՝ լուծման երկու ճանապարհ կար․ երկրի ներսում խորքային բարեփոխումները և զուգահեռ՝ արտաքին ֆինանսական աջակցությունը։
«Այս տարվա հունվարի վերջին կառավարությունը ուներ նման նպատակներ, բայց համավարակի տարածումը դանդաղեցրեց այդ գոծընթացը։ Իսկ արտաքին աջակցության հնարավորությունները նվազեցին երկու պատճառով՝ առաջին՝ համավարակ և երկրորդ՝ Լիբանանի նոր կառավարությունը չի վայելում ավանդական արտաքին հովանավորների՝ արաբական և եվրոպական երկրների աջակցությունը»,-պարզաբանեց Արմեն Պետրոսյանը։
Աննա Բալյան