կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-14 17:18
Հասարակություն

Այսօրվա ֆինանսատնտեսական վիճակում ուսման վարձը բարձրացնելը շատ կոպիտ սխալ է․ Սոֆյա Հովսեփյան

Այսօրվա ֆինանսատնտեսական վիճակում ուսման վարձը բարձրացնելը շատ կոպիտ սխալ է․ Սոֆյա Հովսեփյան

Կրթական պրոցեսը լիարժեք չի վերականգնվում, որքան էլ մենք դրա ցանկությունն ունենանք և քայլեր անենք. Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Միայն այն հանգամանքը, որ երեխաները չեն ունենալու դասամիջոցներ, դասաժամերը սեղմ են լինելու, արդեն փաստում է, որ դասերի լիարժեք վերականգման մասին խոսք լինել չի կարող։ Կրթության մեջ տարիքային առանձնահատկություններ գոյություն ունեն, որտեղ հեռավար կրթությունն այդքան որակական հատկություններ չունի, մասնավորապես՝ մեր դեպքում, երբ հեռավար կրթությունը, որպես այդպիսին, կայացած չէ»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ ստացիոնար դասերին վերադառնալու որոշումը բխում է երեխայի կրթության լավագույն շահից։

Ըստ Հովսեփյանի՝ չի բացառվում, որ այս ընթացքում իմունիտետ ձևավորված լինի: «Ամենամեծ պատասխանատվությունն, այդ առումով, առողջապահության նախարարությանը պիտի լինի։ Կարծում եմ՝ նրանք գնահատել են ռիսկերը և ըստ այդմ բացման գնացել»,- ասաց նա։

Անդրադառնալով դպրոցներին անհրաժեշտ միջոցներով չապահովելու խնդրին՝ պատգամավորը նշեց, որ նախարարությունը պիտի ի սկզբանե ուսումնասիրեր դպրոցների խնդիրները և նոր կայացներ որոշում՝ նրանց գումար տրամադրելու կամ չտրամադրելու մասին։

«Ցավոք, այդ ուսումնասիրությունը վաղ չի արվել։ 6-7 հարյուր հոգանոց դպրոցն ամսական նվազագույնը 1 -1,5 մլն դրամի ծախս պիտի անի, եթե ախտահանման միջոցներ, դիմակներ և այլ իրեր ձեռք բերի։ Սա լուրջ ֆինանսական խնդրի առաջ է կանգնեցնելու դպրոցին։ Ամենախոշոր դպրոցն անգամ խնդրի առաջ է կանգնելու»,- ասաց Հովսեփյանը։

Պատգամավորը նշեց՝ ճիշտ չի գնահատվել նաև դասաժամերի վեցօրյա կազմակերպումը, քանի որ փոքր դպրոցները, քիչ աշակերտներ ունենալու պատճառով, չունեն կիսվող դասարաններ, հետևաբար՝ հնգօրյա ռեժիմն ամբողջությամբ բավարար է դասի ծավալը կազմակերպելու համար։ «Այս մասին փոխնախարարի հետ խոսել եմ։ Խոստացավ քայլեր ձեռնարկել, ու հույս ունեմ, որ առաջիկայում այդ խնդիներին կանդրադառնան»,- հայտնեց Հովսեփյանը։

Հարցին, թե որքանո՞վ է համաչափ ԵՊՀ-ում վարձավճարների բարձրացումն այս պայմաններում, այն էլ այն դեպքում, երբ ուսանողները ոչ լիարժեք են դասի հաճախում, պատգամավորը պատասխանեց. «Բացարձակ համաչափ չեմ համարում, ավելին՝ սա համարում եմ շատ կոպիտ սխալ, որովհետև երկրի այսօրվա ֆինանսատնտեսական վիճակում բարձրացնել ուսման վարձը, երբ շատ ուսանողներ ֆիզիկապես ի վիճակի չեն վարձը վճարել, ճիշտ չէ։ Բուհերն ունեն աշխատավարձերի վճարման խնդիր, և ուսանողների հաշվին սա անելը շատ կոպիտ մոտեցում է ու երեխաների իրավունքների ոտնահարում, հատկապես՝ հեռավար կրթության պայմաններում։ Շատ երկրներում հեռավար կրթությունը որակյալ կրթություն է համարվում, բայց մեր երկիրն այդ առումով դեռ կայացած չէ, այդ թվում՝ նաև այն բուհերը, որոնք վաղուց էին անցել հեռավարի։ Որքան էլ համալսարանները պնդեն, որ իրենց հեռավար կրթությունը շատ որակով է անցել, ես կասկածի տակ եմ դնում, որովհետև դասախոսներից մեկն էլ ես եմ ու կարող եմ ասել՝ հեռավարի ժամանակ չի լինում այն արդյունավետությունը, ինչը կարող էր լինել դասընթացների ժամանակ։ Կարծում եմ, որ սա, երկրի ճգնաժամային իրավիճակն ու ուսանողների ֆինանսական վիճակը հաշվի չառնելով, շատ կտրուկ կազմակերպված քայլ է»։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն նախընտրել է ուսուցման հիբրիդային տարբերակը, այսինքն՝ յուրաքանչյուր ուսանողի համար շաբաթական առավելագույն դասաժամերը կազմելու են 2 օր՝ օրական 3 ժամ։ Լսարաններում 30 ուսանողից ավելի չպիտի լինի, իսկ մեկ մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը։

ԵՊՀ ուսխորհուրդը նախատեսել է ստորագրահավաք, որպեսզի դիմի ՀՀ կառավարությանը՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում:

 

Վարդուհի Ստեփանյան