կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 17:12
Տնտեսական

Դեռ ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբում ենք. պետք չէ հանրությանը սին հույսեր տալ. Ս.Պարսյան

Դեռ ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբում ենք. պետք չէ հանրությանը սին հույսեր տալ. Ս.Պարսյան

Ապրիլին փակվել է 71 հազար 471 աշխատատեղ, իսկ մայիս ամսվա եկամտային հարկի տվյալների ուսումնասիրությունը թույլ է տվել իշխանությանը պարզել, որ «լոքդաունը» չշարունակելու պայմաններում 50 094 աշխատատեղ վերականգնվել է: Հիմք ընդունելով նաև այս տվյալները՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է վերականգնման գործընթացի մեկնարկի մասին: Անդրադառնալով նշված տվյալներին՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց.

«Այս պահի դրությամբ մենք մայիսի վիճակագրությունը չունենք, վերոնշյալ մասով չկա նաև ապրիլի վիճակագրությունը: Հրապարակվել է ներքին աշխատանքային տեղեկատվություն, որը ստուգելը այս պահին գրեթե անհնար է:

Վարչապետը (և ոչ միայն նա) հաճախակի է հայտնում նման տվյալներ, որոնք պաշտոնական այլ աղբյուրների հետ համեմատելու հնարավորություն չկա: Իսկ իրողությունն այն է, որ մենք, ընդհանուր առմամբ, դեռ ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբում ենք: Մոտակա մեկ տարում ունենալու ենք թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալական լուրջ խնդիրներ: Եվ պետք չէ հանրությանը այդ առումով սին հույսեր տալ:

Պետությունը թե՛ հանրությանը, թե՛ բիզնեսին ճիշտ ազդակներ պետք է փոխանցի առ այն, որ առաջիկա մեկ տարում ֆինանսատնտեսական ճգնաժամ է լինելու, որ բիզնեսը և հանրությունը իրենց քայլերի մեջ ավելի զգույշ լինեն»:

Այս առումով տնտեսագետը մատնանշեց հատկապես խնայողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին. «Մոտակա ամիսներին ունենալու ենք նաև վարկային մեծ ճգնաժամ: Երկարաձգումների ժամկետներն ավարտվում են, և բիզնեսն ու հանրությունը միանգամից մի քանի ամսվա վարկ պետք է վճարեն, ինչը ևս մեծ խնդիր է:

Սա իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև բիզնեսի մասով. բիզնեսները դադարեցնելու են գործունեությունը, իսկ մարդկանցից շատերը ոչ միայն կորցնելու են իրենց աշխատատեղերը, այլև իրենց գույքը, որը գրավադրել են այս կամ այն վարկը ձեռք բերելիս: Սա ևս լուրջ մարտահրավեր է: Ու պարզապես զուտ մի քանի թվով հայտարարություններ անելը, մարդկանց սխալ ազդակներ փոխանցելը ճիշտ չէ»:

Ս. Պարսյանը շեշտեց՝ շփվելով ՓՄՁ ներկայացուցիչների հետ՝ մի միտում է նկատել. «Կան բիզնեսներ, որոնք ցանկանում են դադարեցնել գործունեությունը, որպեսզի մոտակա ամիսներին հարկ չվճարեն:

Այս միտումը կա վերջին շաբաթների ընթացքում և կշարունակվի նաև առաջիկայում: Ամռան ամիսները մեզ համար բավականին բարդ ու ճգնաժամային են լինելու: Նշվածի վառ ապացույցը նաև ֆինանսների նախարարի հայտարարությունն է, ըստ որի՝ նախատեսվածից 169 մլրդ դրամ ավելի քիչ ենք հարկեր հավաքագրելու:

Եթե, ինչպես վարչապետն է պնդում, ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է հարկային մուտքերի նման վերանայում իրականացվում, ու ավելացվում է նաև արտաքին պարտքը: Ի դեպ, մենք արդեն երկու խոշոր վարկային փաթեթներ ենք վերցրել Արժույթի միջազգային հիմնադրամից»:

Ինչ վերաբերում է տնտեսության վերականգնման գործընթացի հնարավորությանն ու այդ առումով տարվող քաղաքականությանը, Ս. Պարսյանը շեշտեց.

«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները չեն տիրապետում տնտեսական խնդիրներին և այն առաջնահերթություններին, որոնք պետք է հաշվի առնվեին այս ճգնաժամի պայմաններում: Դրա վառ օրինակը նրանց կողմից հաստատված ճգնաժամի հետևանքները վերացնելու փաթեթներն էին, որոնք ունեն ցածր արդյունավետություն, իսկ առանձին դեպքերում արդյունավետությունը 0-ական է:

Այսուհանդերձ, այդ փաթեթների շրջանակներում ծախսվեցին ու շարունակում են ծախսվել միլիարդավոր դրամներ: Սա ամենասխալ տարբերակն էր, որը որդեգրեց իշխանությունը: Այն «զոհողությունը», որ մարտ-ապրիլ ամիսներին եղավ, այսինքն, բնակչությունը և բիզնեսը նստեց տանն ու չաշխատեց, ըստ էության, ապարդյուն էր:

Վարակը մայիսին շատ արագ տարածվեց, ու տարածման տեմպերն անվերահսկելի դարձան: Սա վկայում է հատվածական քաղաքականության մասին, նրանց այն որոշումների մասին, որոնք կարճաժամկետ են ու վերաբերում են առանձին երևույթներին ու խնդիրներին:

Նրանց մոտ բացակայում է առհասարակ ռազմավարական մտածելակերպը, քաղաքականությունը: Չեմ ասում մեկ տարվա համար, բայց գոնե մի քանի ամսվա համար չունեն այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան շտկել իրավիճակը»:

Տնտեսագետն ընդգծեց իրավիճակից ելնելով որոշումներ կայացնելու խնդրի մասին. «Քանի դեռ նման ձևով են մտածում և գործում, ավելի վատ ցուցանիշներ կունենանք: Իսկ եղած ռեսուրսները ուղղակի մսխում ու փոշիացնում ենք, մինչդեռ այդ գումարները կարող էինք ավելի արդյունավետ ծախսել՝ հաշվի առնելով այս տարվա վատ վիճակը: Մենք այս ու այն կողմ բաժանելու, փոշիացնելու գումարներ չունեինք:

Մենք այդ գումարների կարիքը խիստ ենք զգալու այս տարվա ընթացքում, բայց կառավարությունն արդեն 105 մլրդ դրամի՝ մոտ 210 մլն դոլարի չափով գումարը նման ծրագրերով փոշիացրել է:

Մեծ հաշվով, կառավարման որակի խնդիր ունենք: Այս իշխանություններն ի վիճակի չեն կառավարման այդ որակն ապահովել, քանի որ չունեն համապատասխան թիմ, նաև մտածելակերպ:

Ցավով եմ արձանագրում, որ, այսքան խնդիրներով հանդերձ, իշխանությունը և հատկապես տնտեսական բլոկի ներկայացուցիչները դիմակներ բաժանելու, PR ակցիաներ իրականացնելու ժամանակ են գտնում»:

Նա հավելեց, որ տնտեսության վերականգնման մասին դեռ վաղ է խոսել.

«Տնտեսական անկումը հաջորդ ամիսների ընթացքում ավելի է խորանալու, ինչը կապված է ոչ միայն մեր տնտեսության հետ, այլև մեր հիմնական գործընկերներից մեկի՝ ՌԴ տնտեսության հետ. իրենց մոտ ռեցեսիան շարունակվում է, ինչն ուղղակիորեն ազդելու է նաև մեր տնտեսության վրա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ