կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 21:55
Հասարակություն

Ամառային զորակոչը՝ մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը

Ամառային զորակոչը՝  մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը

Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ից։ Ըստ Yerkir.am-ի՝ որոշումը ներառված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Որոշումը ամբողջությամբ՝ ստորև.

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին  լրանում  է մինչև 2020 թվականի  հունիսի 30-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:

2. 2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել  օրենքով սահմանված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2020 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետա­կան զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Պաշտպանության նախարարին`

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրաքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ.

2) 2020 թվականի ամառային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարատից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ.

3) Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2020 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։

7. Առաջարկել Գլխավոր դատախազին` շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) հայտարարված զորակոչին Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա ստորաբաժանումներ:

9. Առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստա­նյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

10. Արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա ստորաբաժանումներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

11. Ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

12. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականցնող կազմակերպությունների ցանկը` <> օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

13. Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում`  մինչև 2020 թվականի հունիսի 25-ը,

բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը.

2) մինչև 2020 թվականի հունիսի 1-ը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելութ­յան քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

3) մինչև 2020 թվականի հուլիսի 14-ը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության  բարձրագույն  կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն տարածքային ստորաբաժանումների.

4) Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն տարածքային ստորաբաժանումների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զոակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: