«Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, Հայաստան արևադարձային մրգեր ներկրող «Tropica» ընկերության համահիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանն ու «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի տնօրեն Դավիթ Մկոյանը զրուցել են հայկական բիզնեսի վրա կորոնավիրուսի թողած և դեռ շարունակվող ազդեցությունների մասին։ Գործարար դաշտի ներկայացուցիչները նաև առաջարկներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը։
Զրույցի մասին Վահրամ Միրաքյանի գրառումը ստորև.
«Երեկ Դավիթի հետ հետաքրքիր վեբինար արեցինք: Վեբինարի ընթացքում միտք հնցեց, որ 2020 թվականին արդեն 2 ամիս է, ինչ Հայաստանի բիզնեսների մեծ մասը չեն գործում կամ գործում են մասամբ: Ընդհանրացված կարելի է ասել, որ միջինում տարվա 15 տոկոսն արդեն կորցրել ենք:
Իսկ ով բիզնեսից պատկերացում ունի, գիտի, որ Հայաստանում բիզնեսները տարվա կտրվածքով միջինում 15 տոկոս եկամտաբերություն ունեն: Այսինքն, եթե հիմա ավարտվի կառանտինն ու ամեն ինչ վերադառնա նախկին իրավիճակին (ինչն անհնար է), ապա միջինում հայկական բիզնեսները տարին կավարտեն 0-ով:
Բայց, քանի որ կառանտինը դեռ շարունակվում է, առնվազը մեկ ամիս, իսկ հետո էլ վերականգնվելն արագ չի լինելու (մի մարդը 5 անգամ ռեոտորան չի գնալու մեկ օրում, որ ռեստորանը լրացնի իր կորցրած ամիսների շահույթը), հետևաբար տարվա կտրվածքով 15 տոկոս շահույթի կորուստը գնալով մեծանալու է: Այսինքն, շատ բիզնեսներ տարին փակելու են վնասով, որոշներն էլ չեն հասնելու տարվա ավարտին:
Ստեղ կա պետական աջակցության, միջամտության հարցը, որը շատ կարևոր ու օգտակար է, բայց քանի որ այս պահին ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով է նախատեսվում (միջինում 15 տոկոսի փախարեն), ապա պետական աջակցությունն ընդհանուր շուկայի վրա վնասին համարժեք ազդեցություն չի ունենա:
Նաև վերոնշյալ պատճառով մենք, Մանթաշով գործարարների միությունով մի շարք առաջարկների հետ զուգահեռ երեկ առաջարկել ենք հետաձգել ապրիլի 20-ի շահութահարկի վճարումը: Քանի որ, ճիշտ է, դա անցյալ տարվա շահույթից կուտակված հարկն է, բայց անցյալ տարվա շահույթն արդեն մաշվել է, պլյուս այս տարի էլ շահույթով փակելու հույս առանձնապես չկա, որ ընթացիկ տարվա շահույթից վճարվի նախորդ տարվա շահութահարկը: