կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 10:58
Քաղաքական

Սա բանակի արժեզրկմանն ուղղված միտումնավոր քայլ էր. Արթուր Եղիազարյան

Սա բանակի արժեզրկմանն ուղղված միտումնավոր քայլ էր. Արթուր Եղիազարյան

«Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի հետ՝ օրերս համացանցում տարածում գտած Հայոց բանակի համազգեստով պարող ԼԳԲՏ անձի տեսանյութի ու լուսանկարների թեմայի շուրջ։

Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

«Համացանցը ողողված է մի ԼԳԲՏ-ականի տեսնյութով ու լուսանկարներովորտեղ վերջինս պարում է ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայոց բանակի համազգեստով: Եվ մինչ ողջ հանրությունը քննադատում է այս երեւույթը, ի պաշտպանություն վերոնշյալի՝ հանդես եկավ հայտնի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը ժամանակին նաեւ ԱԺ ամբիոնից էր ելույթ ունեցել: Նա ուղակիորեն կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե՝ «հանգիստ նստեք տեղներդ»: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցեց ռազմական փորձագետ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ:

- Պարոն Եղիազարյան, ըստ Ձեզ, սա բանակի դեմ ուղղված միտումնավո՞ր քայլ էր:

- Միանշանակ միտումնավոր քայլ էր, որովհետեւ չեմ կարծում, որ կա այն աստիճանի դեբիլ, որը չի հասկանում, թե ինչ ռեակցիա սա կարող է առաջացնել: Իսկ գիտակցելով անել նման քայլ՝ նշանակում է, որ կազմակերպված էր: Իհարկե, չեմ կարող հստակ ասել, թե կոնկրետ ինչ շրջանակի կողմից, բայց այն, որ համազգեստի հանդեպ նման ծաղրանքն ուղղված էր բանակի արժեզրկմանը, միանշանակ կարող եմ պնդել, ընդ որում՝ ոչ թե ակամա, այլ գիտակցված քայլ էր:

- Թե որ շրջանակի կողմից էր կազմակերպված, կամաց-կամաց ուրվագծվում է: Արդեն երեւույթին իր աջակցությունն է հայտնել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը: Չե՞ք կարծում, որ սա հետեւանքն է նրա, որ ԱԺ ամբիոնից թույլ տրվեց, որպեսզի տրանսգենդեր ելույթ ունենա:

- Այո, այդ նույն շրջանակն է, որոնք այլ «արժեքային» համակարգի փոփոխություններ են ուզում բերել Հայաստան: Նրանք հանրության չնչին փոքրամասնությունն են կազմում, նույնիսկ մեկ-երկու տոկոսի չի հասնում այդ շերտը, բայց իրենց բարձրացրած աղմուկներով, մոտեցումներով այնպիսի տպավորություն են թողնում, թե իրենք հասարակության լուրջ, ակտիվ եւ քանակային ինչ-որ տեսակ են եւ պետք է հարգվեն իրենց իրավունքները՝ այն դեպքում, երբ անգամ իրենց ապրելակերպը, տեսակը ոչ մեկին չի էլ հետաքրքրում: Մինչդեռ նրանք հրապարակայնացնելով իրենց կյանքը՝ փորձում են դրանով իրենց առկայությունը դարձնել ավելի ընդունելի հանրության համար:

- Իրավական առումով՝ սա դատապարտելի արարք չէ՞, թե խնդիրը զուտ բարոյական տիրույթում է:

- Եթե մտածենք, որ սա ընդամենը հագուստ է, ապա իրավական կամ այլ առումով դատապարտելի չէ: Բայց ցանկացած համազգեստ, հատկապես ուժայինների, նաեւ տվյալ համակարգի պատիվն է հանդիսանում: Խնդիրն այն է, որ եթե բանակում ծառայող զինվորականը համազգեստն ապօրինի կրեր կամ խախտում թույլ տար, ապա նման դեպքերի համար ոչ թե քրեական կամ վարչական օրենսգրքով, այլ զինվորական կանոնագրքերով հստակ կան տույժեր, պատիժներ սահմանված: Իսկ երբ գործ ունենք քաղաքացիական անձի հետ, որը նման վերաբերմունք է դրսեւորում, պետք է հասկանանք, որ ամեն մարդ կարող է կրել զինվորական համազգեստ, բայց իրավական պատասխանատվության չենթարկվել: Զինվորական համազգեստի տեսակները ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են կրում: Եթե այսօր մեկը հագնի 90-ականներին ընդունված ինչ-որ համազգեստ, սա չի դիտվում, որպես զինվորական համազգեստ: Այնպես որ, զինվորական տարրեր պարունակող, կամուֆլյաժային կտորներից քաղաքացիական հագուստ կարելի է հագնել, որոնք զինվորական համազգեստներ չեն: Բայց խնդիրն այս մասին չէ, այլ հենց այս պահին բանակում կիրառվող զինվորական համազգեստի մասին է:

- Եվ փաստացի այսօր ցանկացած ոք կարող է ձեռք բերել ու կրել բանակում կիրառվող զինվորական համազգե՞ստ:

- Նախկինում արգելված էր գործող բանակի համազգեստի անգամ վաճառքը: Այն միայն պետք է ստանար ծառայողն՝ իր ծառայության ընթացքում, որոշակի պարբերականությամբ: Փորձեցի ճշտել այս հարցը պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից եւ պարզվեց, որ այսօր թույլատրվում է զինվորական համազգեստի վաճառքը, ինչն ինձ զարմանք պատճառեց: Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ իմ որդիները ծառայում էին, եւ ծառայության ընթացքում քանի որ պարբերություն կա համազգեստի ստացման եւ մինչեւ մյուս համազգեստ ստանալու ժամանակահատվածը մաշվում էր, գունաթափվում համազգեստը, փորձում էինք այն ձեռք բերել, որը գրեթե չէր ստացվում: Պատկերացրեք, որ անգամ Վերնիսաժում վախենում էին վաճառել եւ երբ մարդուն չէին ճանաչում, ասում էին՝ չունենք: Զինվորական համազգեստը հրապարակային չէր վաճառվում, որովհետեւ անօրինական էր: Մինչդեռ հիմա թույլատրվում է: Բայց չի կարելի վաճառել այն, որովհետեւ սա առաջինը հենց բանակում կոռուպցիայի տեղիք է տալու: Շատ դեպքերում համազգեստը կարող են ուշացնել եւ ուղորդել, ծնողների միջոցով ասել, թե ձեռք բերեք, որովհետեւ վաճառքում կա եւ այլն: Զինվորական համազգեստը պետք է զինվորականը ստանա  իր ծառայության ընթացքում, խելամիտ հաշվարկով սահմանված ժամկետում, եւ սա պետք է պետությունն ապահովի, ինչպես ապահովում է սնունդը եւ զինվորականի այլ կարիքները: Հարց է առաջանում՝ եթե վաճառում են, ո՞ւմ համար են վաճառում:

- Ըստ Ձեզ, պետք է օրենքով արգելե՞լ զինվորական համազգեստի վաճառքը:

- Մի տարբերակ կարող եմ միայն ասել, որ կարող են զինվորական համապատասխան խանութներում վաճառել, բայց միայն զինվորականներին, որոնք համապատասխան վկայական ցույց տալուց հետո՝ կարող են ձեռք բերել այն: Հնարավոր է, որ զինվորականը ինչ-ինչ պայմաններում իր մեղքով վնասել է համազգեստը եւ դեռ ժամկետը չի լրացել ստանալու: Այդ դեպքում տույժ ու տուգանքից ազատվելու համար զինվորականին հնարավորություն պետք է տրվի իր հագով համազգեստ ձեռք բերել եւ վերականգնել պատճառած վնասը: Մնացած դեպքերում կարծում եմ՝ պետք է արգելվի: Ինչո՞ւ պետք է քաղաքացիական անձը կրի գործող բանակի զինվորական համազգեստ, ի՞նչ նպատակով:

- Ամեն դեպքում, կան մարդիկ, որոնք պարզապես սիրում են այն կրել…

- Օրինակ՝ ես զինվորական համազգեստային տարրեր պարունակող հագուստի մեջ ավելի լավ եմ ինձ զգում: Բայց այն պետք է այդ պահին գործող բանակի համազգեստ չլինի: Կարելի է թույլատրել նման բան, բայց ոչ գործող բանակի համազգեստ, նույնիսկ եթե այն առանց տարբերանշանի է: Իսկ այն թույլատրելը կարող է միայն չարամտորեն նպատակների ծառայել կամ բանակի հանդեպ հանրության վերաբերմուքը  բացասական դարձնել: Շատ դեպքերում հանրությունը չի տարբերակում նման համազգեստ կրողը զինվորակա՞ն է, թե քաղաքացիական անձ: Կարող է, օրինակ, զինվորական համազգեստ հագած, ոչ պատշաճ մեկը ապուշություններ թույլ տալ եւ հանրությունը մտածի՝ էս չե՞ն զինվորականները: Զինվորական համազգեստը զինվորականի անքաքտելի մասը պետք է լինի, եւ այն տեսնելով՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք զինվորականի հետ: Սա տարբերանշան է, ինչը նշանակում է, որ այլ մարդ չպետք է կրի:

- Վերադառնալով վերոնշյալ դեպքին՝ չե՞ք կարծում, որ այդուհանդերձ պաշտպանության նախարարությունը որեւէ կերպ պետք է արձագանքի եւ քայլեր ձեռնարկի:

- Էլի եմ ասում՝ ցավոք, ո՛չ վարչական, ո՛չ քրեական օրենսգրքով ոչ մի պատիժ չկա սահմանված՝ զինվորական համազգեստն այլ անձանց կողմից կրելու համար: Կարծում եմ՝ այստեղ անելիք կա, որ պետք է իրավական առումով կարգավորել եւ պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր ծաղրանքի կամ ոչ պատշաճ վերաբերմուք են դրսեւորում զինվորական համազգեստի կրման հանդեպ: Ամեն դեպքում, պաշտպանության նախարարությունից ինքս էլ հետաքրքրվեցի, թե իրենց չի՞ մտահոգում այս խնդիրը եւ ինչ-որ քայլեր չե՞ն ձեռնարկելու ու որոշակի իրավասու անձի կողմից տեղեկացա, որ դիմել են ռազմական ոստիկանությանը՝ կոնկրետ այս տրանսգենդերի կողմից զինվորական համազգեստ կրելու հետ կապված: Չնայած՝ հենց ՊՆ-ից էլ մտահոգություն ունեն, որ արդյունքի չեն հասնի, որովհետեւ նրա օգտին որոշ իրավապաշտպաններ կկանգնեն, իսկ իրավական կարգավորումներով, դրա համար, իսկապես, լուրջ պատիժներ չկան սահմանված:

- Խնդիրը, ըստ էության, օրենսդրական բա՞ցն է:

- Զինվորական կանոնագրքերում գրված է, որ զինվորական համազգեստը, բացի զինվորականից, նաեւ կրելու իրավունք ունեն երկար տարիներ զինվորական ծառայություն անցած եւ թոշակի անցած անձինք՝ պատշաճ կերպով այն կրելու դեպքում: Այսինքն՝ ինչ-որ շրջանակ կարգավորված է, ասվում է, թե ով կարող է այն կրել, ինչը նաեւ նշանակում է, որ այլ մարդիկ՝ չեն կարող: Իսկ եթե չեն կարող, ինչո՞ւ չկա դրա կարգավորումը, թե նման խախտումների դեպքում ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ, որոնց իրավունք չի տրված զինվորական ծառայությունից դուրս զինվորական համազգեստ կրել: Սա կարեւոր հարց է: Փողոցում ցանկացած զինվորի, երբ տեսնում ենք, նրանով լավ կամ վատ պատկերացում ենք կազմում բանակի մասին: Երբ մետրոյի մեջ տարիքով մարդ է կանգնած լինում, ու պատշաճ հագնված  ինվորը տեղից վեր է կենում եւ տեղ է տալիս, միանգամից դրական ասոցիացիաներ են առաջանում: Ասում ես՝ ինչքան լավն է մեր բանակր, կարգապահ, դաստրարակված են մեր զինվորները: Բայց նաեւ զինվորական համազգեստ կրող հարբած, կռիվ անող, հանցագործություն թույլ տվող, խարդախություն անող մարդիկ են հանդիպում, եւ հանրությունը շատ դեպքում չի հասկանում, որ նա զինվորական չէ: Իսկ դրանով նաեւ կարծիք է ձեւավորելու բանակի մասին: Հետեւաբար, սա թույլ չտալու համար պետք է անպայման երկու օրենսգրքով՝ վարչական եւ քրեականով՝ կախված արարքի տեսակից սահմանել որոշակի պատիժներ: Եթե մեկը պարզապես զինվորական համազգեստ է կրել եւ ոչ մի խախտում, վարկաբեկիչ քայլ իրեն թույլ չի տվել, կարելի է բավարարվել վարչական պատասխանատվության ենթարկելով: Բայց եթե զինվորական համազգեստ կրելով՝ նաեւ չարամիտ արարքներ է կամա, թե ակամա հանգեցրել այդ համազգեստի կրելը, ապա այն կարող է ազդել բանակի վարկանիշի վրա, թյուրիմացություն ստեղծել: Օրինակ, մեկը կարող է զորամասում ընկերոջը տեսնելու համար զինվորական համազգեստ հագնել եւ ինչ-որ ձեւով ներթափանցել ներս: Սա արդեն չարամտություն է, թեկուզ եթե որեւէ լուրջ վնաս չտա: Լսել եմ նաեւ խարդախության դեպքերի մասին, որտեղ զինվորական համազգեստ հագած անձը ներկայանում էտարբեր տեղեր, որպես վիրավոր, առողջական խնդիրներ ունեցող եւ դրամաշորթման դրսեւորումներ է իրեն թույլ տալիս: Այս ամենից ձերբազատվելու համար, պետք է շատ խստացնել հարցը եւ կարգավորել քրեական օրենսգրքով: