Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սա կյանքեր փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություն մտցնելու գործիք է դառնալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-ում՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։
Նա համաձայն չէ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պնդման հետ, թե նման սահմանափակումները թույլատրելի են, եթե ընտրում ենք մարդու իրավունքների և կյանքի ու առողջության միջև։
«Բերված նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու․ որևէ կերպ մարդու շփման շրջանակը ո՛չ ֆիզիկապես, այլ հեռախոսի միջոցով շփման շրջանակը մեզ չի տալու այն մարդկանց ցուցակը, ում հետ ֆիզիկապես մարդը շփվել է»,-ասաց նա։
Նա շատ վատ ֆիլտր որակեց այս մեխանիզմը՝ չընդունելով կառավարության փաստարկը, թե չկան բավարար միջոցներ, որ մարդու ֆիզիկապես գտնվելու վայրը համեմատվի մյուս 3 միլիոն քաղաքացիների գտնվելու վայրերի հետ և գտնվեն համընկնումներ։
«Ձեր բերած նախագիծը համաչափ լուծում չէ ստեղծված խնդրին։ Այո, մենք պնդում ենք, որ սա ուշացած է՝ ունենալով 400-ից ավելի դեպք, չենք կարողանալու կազմակերպել այս մեխանիզմով այդ բոլոր շփված քաղաքացիների հայտնաբերումը, արդեն ուշ է այս ամենը ներդնելու համար»,-ասաց Գևորգ Գորգիսյանը։
Նա նաև մտագոհություն հայտնեց, որ ունենալով նման օրենսդրություն՝ կառավարությունը կարող է այսուհետ դիմել Ֆեյսբուք սոցիալակն ցանցին, Վայբերին, Վոթս ափին և նմանատիպ այլ ընկերությոնների՝ հղում անելով ներքին օրենսդրության վրա և նաև այնտեղից ստանալու տվյալներ՝ ում են զանգել, երբ են զանգել․ «Այդ ամենը պահվում են նրանց մոտ, Ֆեյսբուքն իր կանոնադրությամբ տրամադրում է բոլոր տվյալները նրանց, ովքեր կդիմեն և ովքեր ունեն ներքին օրենսդրություն՝ դա ապահովելու համար»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով թույլատրվում է արտակարգ դրության ժամանակ, եթե այն պայմանավորված է համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակով, միջամտել անձնական տվյալների պաշտպանությանը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ արտահայտվեցին օրինագծին։ Հանրային շրջանակները ևս դատապարտեցին օրինագիծը՝ այն համարելով մարդկանց վերահսկելու մեխանիզմ։
Առաջինից երկրորդ ընթերցում օրինագծում որոշակի փոփոխություններ կատարվեցին։
Մանրամասն՝ տեսանյութում․