Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցը քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն է
- Պարոն Մելիք-Շահնազարյան, Դուք պարբերաբար քննադատում եք այս իշխանությանը: Մտածում եք, որ նրանք անկարո՞ղ են երկիրը բնական հունով առաջ տանել:
- Քննադատության պատճառներն իշխանությունների թույլ տված սխալներն են: Այսինքն` ես չեմ քննադատում հենց այնպես, քննադատում եմ իշխանությունների կոնկրետ գործողությունները, ոչ թե հենց բուն իշխանությանը, ցավոք սրտի, քննադատության առիթներ շատ են լինում: Խոստովանեմ, որ ոչ բոլոր առիթներով եմ քննադատում: Բայց երբ տեսնում եմ, որ իշխանությունները չեն գիտակցում տարածաշրջանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող պրոցեսների տրամաբանությունը, նրանց քայլերն ուղղված չեն այդ վտանգները կանխարգելելու, և ճիշտ հակառակը ինչ-որ հարցերում քայլեր են անում, որոնք հենց նման խնդիրներ են ստեղծում, ես փորձում այդ քննադատությունների միջոցով կանխել բացասական զարգացումները:
- Վարչապետին ամենաշատը քննադատում են արցախյան հիմնահարցի հետ կապված, չնայած նրան, որ նա անընդհատ հայտարարում է` նախկինում է կարգավորման գործընթացը փակուղի մտել և այլն, ո՞րն է Ձեր գնահատականը:
- Չէի ասի, որ ամենաշատը նրան արցախյան հիմնահարցի համար են քննադատում, բայց, իհարկե, իմ ուշադրության կենտրոնում Արցախն է: Նախ սկսենք նրանից, որ բանակցային գործընթացը փակուղի մտցնելը մեծ հաշվով սպասելի էր և բանակցության գործընթացը զարգացում, որպես այդպիսին, երբեք չէր էլ ունեցել: Այսինքն երեսուն տարի շարունակ փակուղային իրավիճակում է և դա է եղել պատերազմի պատճառը թե´ 90-ականների սկզբին, թե´ 2016 թ. ապրիլ ամսին:
Ամբողջ խնդիրն այն է, որ բանակցություններով խնդիրն ամբողջությամբ լուծելու հույս Հայաստանում որևէ իշխանություն կամ որևէ փորձագետ երբեք չի ունեցել: Բանակցությունները պետք են նրա համար, որպեսզի հայկական երկու պետությունները զարգանան և, խաղաղության ժամանակն օգտագործելով, այնքան պոտենցիալ կուտակեն, որը կբացառի խնդրի ռազմական լուծումը, հատկապես` ոչ հայանպաստ լուծումը: Այնուամենայնիվ, այդ բանակցային գործընթացին զուգընթաց, ստեղծվում էին այնպիսի գործիքներ, մեխանիզմներ, որոնք ապահովում էին խաղաղության այն մակարդակը, ինչ ունենք:
Հիմա՝ Փաշինյանի գործողություններն այդ մեխանիզմների չեզոքացման վտանգ են պարունակում: Օրինակ` մենք տեսանք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց շնորհիվ Ադրբեջանը պարտավորված էր թույլ տալ` վերահսկել իրավիճակը առաջնագծում, չեզոքացվեցին և փոխարինվեցին վերելակային պայմանավորվածություններով, որոնք որևէ փաստագրական հիմք և միջազգային ճանաչում, որպես այդպիսին, չունեն:
Վարչապետ Փաշինյանը խոսում է այն մասին, թե Արցախում կան դավադիր ուժեր, որոնք ուզում են պատերազմ հրահրել և այլն, դա թույլ է տալիս ադրբեջանական կողմին վերսկսել պատերազմ և հայտարարել, որ դա հետևանքն է ՀՀ վարչապետի նշած դավադիր գործողությունների, իսկ մենք գիտենք, որ Արցախում պատերազմ հրահրող դավդիր ուժեր չկան և չեն էլ կարող լինել: Եվ նմանատիպ երևույթները շատ են: Երբ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը Հայաստան և վերջ, նա դրանով առիթ է տալիս, որպեսզի միջնորդները մեղադրեն ՀՀ-ին` բանակցային պրոցեսները խոչընդտելու համար: Նման սխալները վարչապետի և նրա կառավարության չափազանց շատ են և, կարծում եմ, բնական է, որ այդ սխալները տեսնող մարդիկ մատնանշում են դրանք, նաև՝ քննադատում:
- Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան - Ալիև հանդիպումից հետո մի շարք քաղաագետներ հայտարարեցին, որ վարչապետը բանակցության այդ փուլը տանուլ տվեց, Դուք նու՞յնպես այդպես եք կարծում:
- Նախ՝ ֆիքսենք, որ դա բանակցային փուլ չէր, այլ` հանրային բաց քննարկում, որի ընթացքում, իհարկե, Ն. Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքն այդքան էլ չի տիրապետում Արցախյան հարցի էությանը և, ըստ էության, նա չի կարողանում ճիշտ ներկայացնել հայկական շահը հակառակորդի հետ շփումների ընթացքում: Ես չէի ասի, որ տանուլ տվեց, որովհետև դա շատ մեղմ բնութագիր է, տանուլ տվեց ոչ թե Ալիևի հետ բանավեճը, այլ, ընդհանրապես, լրջագույնս ձախողեց մեր շահերը միջազգային հանրության առջև պատշաճ ներկայացնելու կարևոր խնդիրը: Նույնիսկ ստեղծվեց մի իրավիճակ, երբ դահլիճում նստած մարդիկ հասկացան, որ հակամարտող կողմերը, գուցե կոպիտ հնչի, իրար արժեն, այսինքն` երկուսն էլ փորձում էին թույլ փաստագրական նյութերով մերկապարանոց մեղադրանքներ անել՝ փորձելով մեկը մյուսից ավելի արագ և շատ խոսել։ Արդյունքում որևէ քաղաքական լուծում, ցավոք սրտի, տեղի չունեցավ: Փաշինյանն այդ բանավեճի համար ուներ ստրատեգիա, բայց դա ընդհամենը մեկ զարգացման սցենար էր ենթադրում: Հենց առաջին պահից քննարկումը գնաց այլ սցենարով, արդյունքում եղավ այն խայտառակությունը, որի ականատեսը եղանք բոլորս:
- Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ, մինչև իշխանության գալը և դրանից հետո, անընդհատ հայտարարում էր, որ նախկին իշխանությունները թալանել են երկիրը, կոռումպացված են և այլն: Բայց իշխանության գալուց հետո, գոնե մինչ այս պահը, որևէ մեղադրանք չի կարողացել հաստատել: Ո՞րն եք համարում դրա պատճառը, այսինքն` նա պուպուլիզմի միջոցով փարձում էր գալ իշխանությա՞ն, թե բարի էր և ընթացք չտվեց:
- Բնականաբար՝ հասկանալի է, որ Փաշինյանի այդ մեղադրանքները, որպես այդպիսին, հիմնավորված չէին, և մեղադրանքների հնչեցման ձևն ու բովանդակությունը ցույց էին տալիս, որ նա զբաղված է պարզ պոպուլիզմով: Դա ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, եթե դու ընդդիմադիր ուժի ղեկավար ես և այլն, բայց միանգամայն մերժելի է, երբ պոպուլիզմով շարունակում է զբաղվել արդեն երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը: Այսինքն` իրեն չի անհանգստացնում, թե իր հայտարարությունների մասին որևէ ապացույց, փաստական հիմքեր եղե՞լ են, կա՞ն, թե՞ ոչ, միևնույն է, նա շարունակում է նույն մեղադրանքները հնչեցնել հիմա, երբ գործելու լիարժեք հնարավորություններ ունի: Ցավոք սրտի, անգամ դրանով հանդերձ նա շարունակում է անպատասխանատու հայտարարություններով հանդես գալ, և դա որևէ լուրջ գնահատականի հանրության կողմից դեռևս չի արժանանում:
- Քաղաքական այն սխեման, որը Նիկոլ Փաշինյանն ընտրել է իր և իր համակիրների համար, նրանց, որպես իշխանություն, մինչև ո՞ւր կտանի:
- Ես կարծում եմ, որ մինչև որտեղ պետք է տաներ այդ սխեման, արդեն տարել է, այսինքն` նրանց պոպուլյարության գագաթնակետն արդեն անցել է, և շատ հարցերում էլ այս իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք, որպես այդպիսին, արդեն վերջացել են և հաճախ հենվում են այն ռեսուրսների վրա, որոնք կային նախկինում։ Դրանք հիմա ոչ միայն չեն ավելանում, այլև սպառվում են, ամենակարևորը` սպառվում է հանրային վստահությունը, սպառվում են տեղական ապարատի կարողությունները և այլն, և այլն: Թե ինչքան կդիմանան այդ ռեսուրսները, մի փոքր դժվար կանխատեսելի հարց է, որովհետև լինում են ճգնաժամային իրավիճակներ և այլն, որոնք կարող են ժամանակ տալ և ժամանակ խլել: Բայց, որ այս իշխանությունը ռեսուրս չունեցող և արդեն սպառվող իշխանություն է, դա միանշանակ է:
- Չենք կարող չանդրադառնալ նաև այսօր մեր երկիրը պատուհասած համավարակին: Մեր իշխանությունների` համվարակը կանխարգելելուն ուղղված քայլերն ինչպես կգնահատեք: Գործողությունները որքանո՞վ էին ճիշտ և որքանո՞վ էին ժամանակին` սկսած հունվար-փետրվար ամիսներից, երբ արդեն հայտի էր, որ համավարակը Չինաստանով չի սահմանափակվելու:
- Ժամանակին անդրադառնալն ավելի կարևոր է: Մեր կառավարությունն անում է բազում ճիշտ քայլեր, բայց բոլորն անում է չափազանց ուշ: Երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է պանդեմիայի մասին, Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական ողջ թիմը շարունակում են քարոզարշավ իրականացնել, ցույցեր անել հանրապետության տարբեր բնակավայրերում՝ չպահպանելով անվտանգության ոչ մի միջոց: Աշխարհում հայտնում են հիվանդության մահացությունների թվի աճի մասին, մեր իշխանությունները հայտարարում են, թե` կորոնավիրուսն ում շունն է, կամ դա սովորական վիրուս է, և ոչ մի հատուկ բան պետք չէ անել: Այսինքն՝ իշխանությունները շատ անլուրջ են վերաբերվել վիրուսին, հասարակության անվտանգությունը ստորադասել են սահմանդարական հանրաքվե անցկացնելու իրենց քաղաքական շահին, պատրաստված չեն եղել նման զարգացումների և հիմա շատ անփույթ են իրականցում իրենց որոշումները: Օրինակ` հայտարարելով, որ չի կարելի 20 հոգուց ավելի հավաքներ կազմակերպել, բայց իրենք են կազմակերպում միջոցառումներ, որտեղ ավելի շատ մարդիկ են ներգրավված լինում: Այդ ամենը խոսում է այն մասին, որ իշխանությունը պատրաստ չէր նման մարտահրավերի` որևէ առումով, ոչ ինտելեկտուալ, ոչ կազմակերպչական, ոչ լոգիստիկ, որևէ պատրաստվածություն չկար: Դրա համար, եթե գնահատելու լինենք իշխանությունների քայլերը, կապված այս ընթացքի հետ, ապա շատ ցածր գնահատական պետք է տանք: Պարզապես խնդիրն այն է, որ հիմա դրա ժամանակը չէ, հիմա պետք է օգտագործվեն բոլոր առիթները` կոչ անելու հանրությանը՝ պահպանել անվտանգության կանոները, հետևել արտակարգ դրության ռեժիմի պահպանությանը, մնալ տանը, ինքնամեկուսանալ և այլն: Վիճակը հաղթահարելուց հետո կարելի է նորովի վերլուծել և գնահտականներ տալ թե´ իշխանությանը, թե´ սովորական քաղաքացուն:
- Զրույցը եզրափակենք գուցե մի փոքր տարօրինակ հարցով` ո՞ւմ եք Դուք տեսնում ՀՀ ղեկավարի պաշտոնում:
- Դժվար է պատասխանել այդ հարցին: Նիկոլ Փաշինյանի պես վարչապետ ունենալուց հետո չեմ բացառում ցանկացած մեկի հայտնվելն այդ դաշտում: Այսինքն, եթե նրա ներկայությունն ընկալելի է և հանդուրժելի, ուրեմն ցանկացած մեկը կարող է ընդունվել հանրության կողմից, բայց իմ կարծիքով այդ խնդիրը հիմա այդքան էլ ակտուալ չէ քննարկել, թե ով կարող է փոխարինել, որովհետև նորից եմ կրկնում, այս պահին ավելի օրհասական հարցեր ունենք: Բացի այդ` քաղաքական դաշտը վերակազմավորվելու, վերակազմակերպվելու, նոր լիդերներ առաջ բերելու անհրաժեշտություն ունի: Եվ, եթե խոսենք մեր ապագա վարչապետի կամ նախագահի մասին, ես կցանկանայի այդ պաշտոնում տեսնել երիտասարդ, թարմ մտքեր ունեցող, քաղաքական կարիերայի սկզբում գտնվող անհատների:
Գևորգ Գյուլումյան