կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-03-27 22:03
Հասարակություն

Թավիշից՝ թագավարակ. հայի էվոլուցիան

Թավիշից՝ թագավարակ. հայի էվոլուցիան

Հաճախ հայը հայի հաջողությունից տառապում է:

                                               Կոստան Զարյան

 

Հային այսպիսի բնութագիր է տվել մեծանուն հայը՝ Կոստան Զարյանը: Նրա խոսքի ճշմարտացի լինելը մենք ինքներս՝ հայերս, հաճախ ենք ապացուցում, ինչպես ներկա ժամանակներում:

Նախկին իշխանությունը, երևի թե, չէր իրականացնում այն կտրուկ փոփոխությունները, չէր ապահովում այն անհրաժեշտ առաջընթացը, ինչն ակնկնալում էր հանրությունը։ Հուսանք, որ իրոք այդպես էր, և փորձենք հասկանալ մեր ազգին՝ անցյալի արգեսիվության համար և ներողամիտ լինենք միմյանց նկատմամբ:

Եկավ «փրկարար» 2018 թվականի ապրիլը. ածականը իհարկե, «հպարտ» քաղաքացիների համար է, մենք՝ «չհպարտ» ենք։ Ինչևէ, առաջ անցնեք:

Քայլելով, գոռալով, փողոց փակելով, մերժելով՝ տուն ճանապարհեցինք նախկիններին. հպարտների համար՝ սևերին: Այդ օրերին հայ ժողովուրդը՝ մեծ, փոքր, անգամ այն տիկնայք, ովքեր ներկայումս սոցիալական հարթակներում բազմաշերտ ու բազմաբովանդակ հայոյանքներ են գրում իրենց երեխայի կամ թոռան հասակակից մարդկանց հրապարակումների մեկնաբանություններում, չլսված ու չտեսնված սիրով, բարությամբ, ներողամտությամբ էին լցվել իրար հանդեպ, վարորդները միմյանց ազդանշաններով չէին վիրավորում, ընդհակառակը, ժպտալով ճանապարհ էին զիջում: Իհարկե, աննկարագրելի հաճելի էր այդ մթնոլորտը, երբ այն մարդը, ում փողոցով անցնելիս պատահմամբ կդիպչեիր ու նա դրանից տհաճ պատմություն կսարքեր, այդ օրերին կժպտար ու կասեր՝ ոչինչ, հանգիստ եղեք: Ամեն տեղ ժպիտով էին դիմավորում ու ճանապարհում: Թե ինչով էր պայմանավորված այս բարեկամական մթնոլորտը, դժվար է միանշանակ պատասխան տալ, մանավանդ, որ այդ մթնոլորտը ինչ-որ ժամանակ հետո իր տեղը փոխարինեց նախկին «տառապեցնող» մթնոլորտին:

Գանք մեր չարաբաստիկ օրեր, երբ ամբողջ աշխարհը թագավարակի դեմ կռիվ է տալիս, ցավոք, մարդկային կորուստներով:

Ու՞ր եք կորել իրար ժպտացող հայեր, իրար օգնող հայեր, որտե՞ղ եք: Հիմա ավելի շատ ունենք ձեր կարիքը: Ի՞նչ եղավ ձեզ, ո՞վ սպանեց ձեր մեջ այդ բարությունը, իրար օգնելու ցանկությունը, ժպիտը ո՞վ սպանեց: Սրան նույպես դժվար է միանշանակ պատասխան տալը:
Այս օրերին, արտակարգ իրավիճակով պայմանավորված, շատերը աշխատանքի չեն գնում ու ծախսեցին իրենց վերջին խնայողությունները՝ պարենային ապրանքներ գնելու համար, ոմանք, դրանք էլ չկարողացան գնել ու հիմա հաց չունեն ուտելու: Օրերս լուսանկար էր հայտնվել ֆեյսբուքում, որտեղ մի մեծ տոպրակ հաց քաղաքացին նետել էր աղբը՝ այն դեպքում, երբ դրա կարիքը ունեն շատ ընտանիքներ, բոլորիս հարևանների մեջ էլ կգտնվեն նման ընտանիքներ: Նրանք այդ հացով մի քանի օր կապրեն, երեխաները կուշտ կքնեին: Հետաքրքիր է այդ մարդը, ով հացը աղբն է նետել, նման ընտանիքներ տեսնելիս ի՞նչ է մտածում, ի՞նչ է զգում:

Սա էլ է պատերազմ, հարգելինե՛րս, ու ինչպես մեր ազգն է համախմբվում, երբ մեկը փորձում է իր երկրի սահմաններին մոտենալ: Այս չարիքն արդեն բավականին ժամանակ մեր երկրում է, եկե՛ք համախմբվենք, օգնենք իրար՝ սահմանված նորմերով ու կհաղթենք այս «թշնամուն»:

 Լայնախոհություն բոլորիս:

Առողջ լինեք:

Հ.Գ. Ցավոք, ՀՀ-ում առաջին մահվան դեպքը գրանցվեց: Համբերություն մահացածի հարազատներին: Հիվանդներին՝ շուտափութ լավացում:

Իշխան Թովմասյան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող