կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-25 21:02
Տնտեսական

Դոլարի փոխարժեքը հասել է 500 դրամի, ինչ հետեւանքներ կունենա այն մեր կյանքում

Դոլարի փոխարժեքը հասել է 500 դրամի, ինչ հետեւանքներ կունենա այն մեր կյանքում

Երևանի փոխանակման կետերում այսօր դոլարի փոխարժեքը հասել էր 500 դրամի։ Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ փոխարժեքի արժեզրկումը հիմնական պայմանավորված է կորոնավիրուսի ազդեցությամբ։ «Մինչև կորոնավիրուսի ազդեցությունը մեր տնտեսության վրա՝ մենք ունեցել ենք ազգային արժույթի արժեվորում 2018-19 թթ-ին, միաժամանակ ունեցել ենք գնաճի ավելի ցածր մակարդակ, քան միջազգային ցուցանիշն է եղել»։

Անդրադառնալով արտաքին գործոններին՝ նա ընդգծեց, որ մեծ է ռուբլու արժեզրկումը, քանի որ մեր արտահանումների մեծ մասը ՌԴ է, օտարերկրյա տրանսֆերներն են կրճատվում, աշխատանքային միգրանտների մեծ մասը չի մեկնել ՌԴ աշխատանքի և հոսքերի էական նվազում ունենք։ «Հաջորդը մեր տնտեսության սպասումներն են։ Սահմանափակումները վերաբերում են մեր տնտեսվարողներին և նրանց սպասումները բացասական են։ Իսկ հայ իրականության մեջ սպասումները շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան որևէ այլ հասարակության վրա։ Սա հանգեցնում է նրան, որ մենք ունենում ենք սպեկուլյատիվ պահանջարկ, որը տնտեսապես չհիմնավորված է, մարդիկ սկսում են իրենց դրամով արտահայտված միջոցները դարձնել դոլարով արտահայտված»։

Անդրադառնալով դրամի արժեզրկման հետևանքներին՝ նա նշեց, որ եթե արժեզրկումը շարունակվի, ապա սա կարող է հանգեցնել ազգային արժութային շուկայի ճգնաժամի։ Սա իրական տնտեսության և տնտեսական աճի վրա իր բացասական հետևանքները կունենա։ «Հուսամ այս սցենարը չի լինի և ԿԲ-ն իր գործիքներով համարժեք կարգավորումներ կիրականացնի և կկարգավորի արժութային շուկան, խոսքը ինտերվենցիաների՝ արժութային ներխուժումների մասին է։ Օրվա իշխանություները հայտնում են, որ 500 մլն դոլարով ավելացրել են պահուստները, սա նշանակում է, որ ինտերվենցիաների համար միջոցներ կան։ Գործիքներից մեկն էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն է»։ Ավետիսյանն ընդգծեց նաև, որ դրամի արժեզրկումը ազդելու է գրեթե բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ «Առաջին բացասական ազդեցությունը ներմուծվող ապրանքների թանկացումն է։ Սա միանշանակ գնաճային ճնշում է, կթանկանան ոչ միայն ներմուծող ապրանքները, այլև ներմուծման կոմպոնենտ ունեցող արտադրությունները։ Պետք է հաշվի առնել, որ մի շարք ապրանքներ մենք 100 տոկոսվ ներմուծում ենք արտերկրից։ Հնարավոր են նաև էներգակիրների թանկացումներ»։

Դրական ազդեցությունն այն է, որ արտահանվող ապրանքները կէժանանան, սակայն այստեղ էլ տնտեսագետը վերապահումներ ունի։ «Նախ՝ քանակի ավելացումը չի նշանակում, որ դրանից հասույթի աճ կլինի, որովհետև արտահանման հասույթի դեպքում ոչ միայն քանակն է կարևոր, այլև միավորի գինը։ Հնարավոր է նաև, որ արտահանումից հասույթը կրճատվի, քանի որ կորոնավիրուսի հետ կապված արտահանվող ապրանքների սահմանափակումներ են եղել։ Վերապահումներից մեկն էլ լոգիստիկ խնդիրներին են վերաբերում, որոնք այսօր ակնառու են և որոշ դեպքերում կարող են անգամ արգելակել արտահանումը»,-ասաց Ավետիսյանը։