կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-13 13:03
Քաղաքական

«Ընտրական» տուրիզմի բլեֆը

«Ընտրական» տուրիզմի բլեֆը

Մեր պաշտոնյաները սիրում են փչել տարբեր քարոզչական փուչիկներ, ուրախանում այդ փուչիկներով և կերակրում դրանցով մեր հանրությանը։ Եվ բոլորովին էլ կարևոր չէ, որ այդ փուչիկը դատարկ է։ Նույնկերպ՝ արդեն զարմանալի էլ չէ, որ բոլորը սկսում են ամեն մի անլրջություն քննարկել կամ քննադատել դեմքի ամենալուրջ արտահայտությամբ։

Վերջին քարոզչական փուչիկներից էր «ընտրական» տուրիզմի վերաբերյալ վարչապետի հնչեցրած թեզը։ Այստեղ կա՛մ գործ ունենք հերթական քարոզչական պարզունակ հնարքի, կա՛մ մաթեմատիկայի գիտելիքների տարրական պակասի հետ։

Վարչապետը արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին կոչ էր անում ՀՀ մուտք գործած էժան ավիաընկերություններով մի քանի օրով ժամանել և մասնակցել հանրաքվեին։ Կողմ դնենք առաջարկի բոլոր կողմերը և պարզապես փորձենք հասկանալ նման «տուրիզմի» զարգացման հնարավորությունը։ 

Եթե ընդունենք, որ քվեարկության են գալու նախորդող շաբաթվա չվերթներով, և համարենք, որ այդ չվերթներում չկան օտարերկրացիներ, չկան ՀՀ-ում մշտապես բնակվող և մի քանի օրով Եվրոպա մեկնած քաղաքացիներ, և բոլորը Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիներ են, ապա տաս չվերթի դեպքում Հայաստան ժամանողների թիվը 150 ուղևորով ինքնաթիռների դեպքում կկազմի 1500 մարդ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ նման չվերթներով թռչում են նաև այլ ուղևորներ, ապա «ընտրական» տուրիզմի շրջանակներում ժամանած քաղաքացիների թիվը պարզապես ծիծաղելի կլինի։

Հետաքրքիր է՝ նման հայտարարություն անելուց վարչապետը գոնե տարրական մաթեմատիկական հաշվարկ արե՞լ է։ Թե՞ սա այն դեպքն է, երբ քարոզչական փուչիկը պայթում է հենց փչելու ժամանակ։

Ի դեպ՝ մի կարեւոր հաստատում. եթե հայտարարվեց, որ ժամանելու են տասնյակ հազարավոր ուղևորներ, ինչը պարզապես հնարավոր չէ, ապա գործ ունենք հանրաքվեի կեղծման համար պարարտ հող ստեղծելու հետ։ Հուսանք սա այդպես էլ կմնա որպես կասկած։