կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 17:31
Առանց Կատեգորիա

Զինդատախազության բլեֆը

Զինդատախազության բլեֆը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն այսօր հայտարարություն են տարածել այն մասին, որ դադարեցնում են իրենց գործունեությունը զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբում: Հիշեցնենք, որ նման խումբ ստեղծելու նախաձեռնությամբ այս տարվա հունիսին հանդես էր եկել զինդատախազությունը, որին արձագանքել էին 5 հասարակական կազմակերպություններ:

 

Խումբը լքելու իրենց որոշումը վերոնշյալ երկու կազմակերպությունները պաշտոնապես բացատրել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանքով: Նրանց տարածած հայտարարության մեջ այս կապակցությամբ, մասնավորապես, նշվում է, թե նախաքննության փուլում պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 2-ին տեղի ուենցած արյունալի միջադեպի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, որը նրանք որակում են ապօրինի, ավելի է խորացնում հանրության անվստահությունը ի պաշտոնե վերահսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազության նկատմամբ: Այսպիսով` զինված ուժերում մահվան ելքով դեպքերի քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեությունը վտանգվում է, կարելի է ասել, դեռևս չսկսված:

 

Սակայն սա այն դեպքը չէ, երբ  դա կարելի է կապել, այսպես կոչված, գրանտակեր կազմակերպությունների` լավ նախաձեռնությունները տապալելու «կապրիզի» հետ: Պարզապես խումբն այլ ճակատագիր ունենալ չէր կարող, ինչը պայմանավորված էր երկու իրողությամբ: Նախ` որքան էլ այն տպավորությունը ստեղծվի, թե աշխատանքային խմբի գործունեությունը Լիսկայի առանձնատան մոտ կատարվածի և հարուցված քրեական գործի հետ որևէ կապ չունի, այդ կապն առավել քան ակնառու է և պայմանավորված է հենց նախաձեռնողի` զինվորական դատախազության նկատմամբ անվստահության գործոնով:

 

Պաշտպանության նախարարության քննչական ծառաության ՀԿԳ քննչական բաժնի կողմից Լիսկայի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` հունիսի 2-ի միջադեպին նրանց գործողությունները ակնհայտ ինքնապաշտպանության հատկանիշներին համապատասխանող ճանաչելու պատճառաբանությամբ: Այսինքն, ըստ նախաքննության մարմնի, միջադեպի ընթացքում Տիգրան Խաչատրյանը առանձնատան տարածքից հեռացող Ավետիք Բուդաղյանի թիկունից կրակել է` ինքնապաշտպանվելու համար: Թե այս եզրակացությանը հանգելիս քրեագիտական ինչ չափորոշիչներով է առաջնորդվել նախաքննության մարմինը, դժվար է անգամ երևակայել: Սակայն փաստն այն է, որ այդ հիմնավորումը ամբողջությամբ համապատասխանում է դեպքին անմիջապես հաջորդած օրերին, երբ դեռևս նոր միայն հարուցվել էր քրեական գործը, միջադեպի վերաբերյալ զինդատախազի կողմից տրված որակումներին: Հիշեցնենք` այն ժամանակ արդեն զինդատախազ Կոստանյանը հետևողականորեն զարգացնում էր միտքը, թե տեղի է ունեցել զինված հարձակում Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վրա: Դա անուղղակի հրահանգ էր առ այն, որ Լիսկայի ընտանիքի անդամների և թիկազորի գործողությունները պետք է դիտարկել հենց ինքնապաշտպանության համատեքստում: Այս գործով կալանավորված անձանց ազատ արձակելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ քննչական ծառայության կայացրած որոշումն ուղղակի բխում էր զինդատախազի այդ կանխակալ և, ըստ էության, ուղղորդող գնահատականներից: Հետևաբար, այդ որոշումը ոչ այնքան իրավական, որքան քաղաքական ենթատեքստ ունի, այսինքն` նախաքննությունն օբյեկտիվ չի ընթացել: Ընդ որում` տվյալ դեպքում անգամ որևէ նշանակություն էլ չունի` այն եղել է Լիսկայի՞ օգտին, թե՞ Բուդաղյանների:

 

Այս լույսի ներքո աշխատանքային խմբում ընդգրկված ՀԿ-ներից և ոչ մեկը չի կարող երաշխավորված լինել, որ իրենց ուսումնասիրման առարկան դառնալիք գործերի շրջանակներում զինդատախազությունը նույն գործելակերպը չի դրսևորելու: Այս որոշմանը հասնելով` զինդատախազությունը պարզապես հասարակության առջև խժռում է իր իսկ հեղհեղուկ վստահության ռեսուրսի մնացած չնչին պատառիկները`գրեթե անմիջականորեն հաստատելով, որ աշխատանքային խմբի ստեղծման նախաձեռության նպատակը ոչ թե բանակում արձանագրված մահվան ելքով գործերի անաչառ ուսումնասիրումն է, այլ պարզապես դրանում ընդգրկված ՀԿ-ների քողածածկույթի տակ այդ գործերի քննությունների արդյունքները լեգիտիմացնելը: Նման պայմաններում աշխատանքային խմբում ընդգրկված ՀԿ-ները պարզապես վերածվում են գործիքների, որոնց ձեռքերով զինդատախազությունն ուզում է իր համար կրակից շագանակներ հանել:

 

Աշխատանքային խմբի` ձախողման դատապարտվածության մյուս հիմնական պատճառը ինքնին նման աշխատանքային խմբի ձևավորումն է հենց այն մարմնի ներքո, որը ուղղակի վերահսկողություն է իրականացնում նախաքննության նկատմամբ: Ստացվում է, որ զինդատախազությունը ինքն իրեն հսկելու նախաձեռնություն է ցուցաբերում: Դրա անհեթեթությունն այն է, որ եթե, օրինակ, աշխատանքային խումբն իր ուսումնասիրման առարկան դարձող գործերի քննության մեջ էական խախտումներ ու ապօրինություններ է հայտնաբերում, նշանակում է` զինդատախազությունն այսքան ժամանակ զբաղված է եղել միայն հանցագործությունների պարտակմամբ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել: Սա էլ, իր հերթին, նշանակելու է, որ կասկածելի են ոչ միայն այդ, այլև բոլոր ժամանակներին զինդատախազության հսկողության ներքո քննված բոլոր գործերը: Միայն կատարյալ միամիտը կարող է հավատալ, որ զինդատախազությունն իրեն այդպիսի շռայլություն թույլ կտար: Հետևաբար, միակ եզրակացությունը, որ կարելի է անել, այն է, թե այս նախաձեռնության նպատակը իսկապես խնդրահարույց գործերի հետ կապված հասարակական դժգոհությունները լռեցնելն է, որտեղ ՀԿ-ներին, իբրև, բնականաբար, առանցքային դերակատարում է վերապահված:

 

Պատահական չէր, ի դեպ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս աշխատանքային խմբի գործունեությանը միանալու կոնկրետ նախապայմաններ առաջադրեց, որոնք զինդատախազությունն այդպես էլ անկատար թողեց: Իսկ օմբուդսմենը պահանջում էր նախ նախապես հստակեցնել, թե ինչ իրավական հետևանքներ են ունենալու աշխատանքային խմբի կայացրած որոշումները և ինչ չափով են հաշվի առնվելու հասարակական կազմակերպությունների փորձագետների կողմից կատարված առաջարկությունները, երկրորդ` ուսումնասիրման ենթակա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2001 թվականի հունվարի 1-ից հետո, այլ ոչ թե` 2011-ի, ինչպես նախատեսել էր զինդատախազությունը: Պաշտպանը պարզապես չցանկացավ մասնակցել արհեստականորեն զինդատախազության հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու` այս տիպիկ PR օպերացիային:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ