կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 15:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում պաշտոնանկությունները հետևություններից ընդամենը մեկն էր․ ՊՆ փոխնախարար

Բանակում պաշտոնանկությունները հետևություններից ընդամենը մեկն էր, շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ԱԺ-ում՝ լրագորղների հետ ճեպազրույցում։

«Հետևությունները բազմաթիվ են․ իրավակարգավորումներին պետք է ավելի խիստ հետևել, դրանք կան, խնդիրը իրավակիրառության մեջ է։ Այն պաշտոնատար անձինք, որոնք իրավասու էին գնահատական տալու որոշ գործողությունների, ենթադրում եմ, որ անբավարար են գնահատել, դրա համար ազատումներ են եղել»,-ասաց նա։

Բալայանն ասաց, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է եղել, որ այդ դեպքերը եղել են, որովհետև հստակ կանոնակարգեր կան, այդ թվում՝ զենքի օգտագործման կանոնակարգեր, այդ թվում՝ բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված կարգավորումներ․ «Պարզ է, որ եթե դրանք պահպանվեին, դեպքերը չէին լինի։ Մենք չենք հավատում, որ թերացում չի եղել, բայց մահեր են եղել, եթե կանոնադրությամբ հստակ գրված համալիր գործառույթները պահպանվեին, մահեր չէին լինի»։

Նա ընդգծեց, որ զինված ուժերում մահերը որևիցե ձևով ներելի չեն, բայց գործ ունեք կենդանի մարդկանց հետ և մեկ արտահայտություն կամ նախադեպ, եթե ճիշտ չմեկնաբանվի, հնարավոր է՝ ճակատագրեր խեղի։

«Հիմա հարց եք տալիս՝ հեռացված պաշտոնյաները ուղղակի ազդեցություն ունեցե՞լ են դրա վրա, թե՞ չէ․ նախաքննությունը հենց դրա համար է՝ պարզելու, ո՛ր պաշտոնյան է, որի մեղքով այդ դեպքերը տեղի են ունեցել»,-ասաց նա։

Բալայանը նաև ասաց, որ ինքնասպանության կանխված դեպքերով ևս քրեական գործեր հարուցվել են։

Պաշտպանության նախարարությունը նաև տեղեկատվություն ունի, որ որոշ իրավապաշտպանններ միտումնավոր կոնկերտ քայքայիչ գործողություններ են իրականացնում բանակում։

«Ես այդ իրավապաշտպաններին համարում եմ չակերտավոր իրավապաշտպաններ։ Նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպք բանակում։ Փորձում են գնալ, տեղում հրահրել հարազատներին որոշակի գործողությունների։ Դռնից հանում են՝ լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են՝ դռնեց են փորձում մտնել»,-ասաց նա։

Պաշտպանության փոխնախարարը չբացառեց, որ շուտով իրավապահ մարմինները սկսեն զբաղվել այդ «իրավապաշտպաններով», որովհետև, ըստ նրա, վիշտ ունեցող մարդուն փորձում են հրահրել, ակնհայտ սուտ տեղեկություներ հորինել, տարածել, այդ թվում՝ փաստաբանի լիցենզիայով «իրավապաշտպանները»։

«Վերջին դեպքերով մի քանի տուն գնացել են, զանգահարել են։ Փորձում են ֆինանսական միջոցներից խոսել, ասում են՝ հանկարծ չթողնեք, որ այսպիսի ձևակերպում տան, թե չէ՝ փող չեք ստանա։ Ես չգիտեմ՝ ով է ֆինանսավորում, ինչի համար է ֆինանսավորում, ես ենթադրում եմ, որ իրավապաշտպանները փող են ստանում ամեն դեպքի համար»,-ասաց Գաբրիել Բալայանը։

Մանրամասն՝ տեսանյութում․