կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-14 20:05
Քաղաքական

Ինչո՞վ են պայմանավորված նախագահի աշխատակազմում տեղի ունեցող պաշտոնանկությունները

Ինչո՞վ են պայմանավորված նախագահի աշխատակազմում տեղի ունեցող պաշտոնանկությունները

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմում տեղի ունեցող պաշտոնանկություններին, նշեց, որ նախագահը հայտարարել է, որ, նախագահի աշխատակազմից սկսած, բոլոր համակարգերում պետք է լինեն գլոբալ փոփոխություններ: «Հիմա կատարվում է այդ փոփոխությունների պրոցեսը, տեղի է ունենում այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք նրանք վատ են կատարել իրենց պարտականությունները, դրա համար են հեռացվել աշխատանքից, Բաղդասարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր փոփոխության հետ կապված` նման մեկնաբանություններ պետք է լինեն, կարող են լինել տեղաշարժեր, կարող են լինել փոփոխություններ: Բնականաբար, ավելի նպատակահարմար տեղեր պետք է աշխատեն և ավելի արդյունավետ»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ ասաց, որ այդ պաշտոնանկությունները բարեփոխումների հետ են կապված, և որ բոլոր բնագավառներում էլ բարեփոխումներ լինելու են: «Եթե չեմ սխալվում` այդ մասին նախագահը դեռ փետրվար ամսին էր հայտարարել»,- նշեց նա` հավելելով, որ բարեփոխումները պայմանավորված չեն այդ մարդկանց` իրենց պարտականությունները թերի կատարելու հանգամանքով:

«Պաշտոնանկությունները, որ կատարվում են, պայմանավորված չեն պարտականությունների թերացումով, այլ կատարվում են կառավարման կատարելագործման համար»,- ասաց պատգամավորը և ավելացրեց` կարող են ավելի ունակ ուժեր գալ, դա արդեն տեսանելի է, հատկապես` նախագահի համար:

Հիշեցնենք, որ մամուլը գրել է նախագահի օգնական Սեւակ Լալայանի եւ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանի պաշտոնանկության մասին: