կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 23:48
Տնտեսական

Միջին խավում գտնվող մարդիկ 2020թ. ընթացքում կորցրել են աշխատանքը, դադարեցրել բիզնեսը՝ համալրելով աղքատների խումբը. տնտեսագետ

Միջին խավում գտնվող մարդիկ 2020թ. ընթացքում կորցրել են աշխատանքը, դադարեցրել բիզնեսը՝ համալրելով աղքատների խումբը. տնտեսագետ

Աղքատությունը կրճատելու խոստումներին հակառակ՝ աղքատությունը երկրում աճում է: Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ 2020 թվականին աղքատության մակարդակը կազմել է 27 %: Նախորդ տարի այդ ցուցանիշը 26.4 % էր: Նույն ժամանակահատվածի համար աղքատության մակարդակը՝ ըստ աղքատության վերին գծի, 47.6 % է` նախորդող տարվա 43.8 %-ի փոխարեն, ծայրահեղ աղքատությունը՝ 0.7%՝ 1.4 %-ի փոխարեն, աղքատությունն ըստ ստորին գծի՝ 10.2 %՝ նախորդող 9.7%-ի պարագայում:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am հետ զրույցում հիշեցրեց, որ 2019 թվականից սկսած՝ ՀՀ-ում աղքատությունը հաշվարկվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատված 4-րդ մեթոդաբանությամբ, ըստ որի՝ տարբերակվում են աղքատության 4 շեմեր, ապա անդրադառնալով ցուցանիշներին՝ արձանագրեց. «2020 թվականի համաձայն՝ միջին աղքատությունը կազմել է 27 %՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 0.6 %-ով: Գուցե 0.6 %-ը քիչ է հնչում, բայց 0.6 %-ը հազարավոր մարդիկ են, հարյուրավոր ընտանիքներ, որոնք, ըստ էության, աղքատության մեջ են հայտնվել:

Եթե ուսումնասիրում ենք աղքատությունը բացված վիճակում, ապա կտեսնենք՝ ծայրահեղ աղքատությունը նվազել է 0.7 %-ով, ստորին աղքատությունը՝ 0.5 %-ով, իսկ վերին աղքատությւոնն ավելացել է 3.8 %-ով: Ստացվում է, որ միջին խավում գտնվող մարդիկ 2020 թվականի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը, դադարեցրել բիզնեսը և համալրել աղքատների խումբը, ինչը և նպաստել է, որ աղքատության շեմն աճի 0.6 %-ով»:

Տնտեսագետը նկատեց՝ թեև այս ցուցանիշներն ունեն օբյեկտիվ հիմքեր՝ պայմանավորված տնտեսական անկմամբ, համավարակով, պատերազմական իրավիճակով, սակայն խնդիրն այն է՝ «արդյո՞ք կառավարությունը հետևություններ արել է այս իրավիճակում և ի՞նչ փոփոխություններ է արել 2021 թվականի ընթացքում»:

«Ակնհայտ է, որ 2021 թվականի ընթացքում կառավարությունը ձախողել է իր ողջ սոցիալական քաղաքականությունը: Հաշվի առնելով 6.9 տոկոս գնաճը, ցածր տնտեսական ակտիվությունը և այլն՝ կարող ենք փաստել, որ աղքատությունն էլ ավելի է խորացել 2021 թվականի ընթացքում: Այսինքն՝ նրանք հետևություններ չեն արել:

Ավելին՝ 2022 թվականի պետբյուջեով նրանք չեն նախատեսում եկամուտների համաչափ աճ. առհասարակ, թոշակառուների ընդամենը 17 %-ի համար է եկամուտներն ավելանալու 2000-3000 դրամով, որը նույնիսկ այս տարվա գնաճը չի «փակում»: Ստացվում է՝ մեծ մասի համար եկամուտները մնալու են նույնը, մինչդեռ գնաճն ավելանալու է: Ասել է թե՝ 2020 թվականի իրենց աշխատավարձով կամ թոշակով մարդիկ ավելի շատ ապրանքներ կարող էին ձեռք բերել, քան այս կամ մյուս տարվա աշխատավարձով և թոշակով»,- հավելեց Սուրեն Պարսյանը:

Թե ինչի հաշվին է նվազել ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ այդ նվազման մեջ դերակատարում է ունեցել բազային կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացումը, մինչդեռ այս տարի, հաշվի առնելով գնաճային միտումները, կարձանագրվի ոչ միայն ծայրահեղ աղքատների թվի աճ, այլև բոլոր խմբերի աղքատության աճ: