Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը Sputnik Armenia-ի հետ հարզազրույցում անդրադարձել է ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի համար հատկացված գումարի չափին՝ մանրամասնելով, թե ինչպես կարելի էր առավել արդյունավետ տնօրինել այն:
Yerkir.am-ը ներկայացնում է տնտեսագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ.
«Անթույլատրելի է պետական անարդյունավետ ծախսեր կատարել, երբ բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ կան երկրում։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման համար տրամադրած գումարով կարող էին սոցիալական մի շարք խնդիրներ լուծել։ Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով կառավարության փետրվար 20-ի որոշմանը։
2020–ի ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացվի 3 մլրդ 447 մլն դրամ (մոտ 7 մլն դոլար)։
«Սոցիալական մի շարք խնդիրներ ունենք, որոնք շարունակվում ու խորանում են, և 7 մլն դոլարը բավականաչափ գումար է, որ նման խնդիրները լուծվեին, ու շոշափելի արդյունք ունենայինք։ Եթե հետևենք կառավարության ծրագրային դրույթներին ու հորդորներին, ապա կտեսնենք, որ առաջնային ուղղություն է զբաղվածության ծրագիրը, ինչին հատկացված միջոցները, սակայն, հանրաքվեին հատկացվածի կեսն է կազմում»,–ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով` 7 մլն դոլարը զբաղվածության ծրագրին ուղղելով` կունենայինք առարկայական արդյունքներ, այսինքն` հազարավոր մարդիկ կայուն զբաղվածություն կունենային։
Բացի այդ, ըստ տնտեսագետի, արդեն երկրորդ տարին է անցնում Սահմանադրության վերջին փոփոխություններից, որով հստակ նախատեսված է` պետությունը պետք է բազմազավակ ընտանիքների աջակցության ծրագիր իրականացնի։ Այս ընտանիքներում, ըստ Ավետիսյանի, աղքատության մակարդակը գրեթե կրկնակի բարձր է միջին ցուցանիշներից։ 7 մլն դոլարով այս ընտանիքների համար զբաղվածության և կրթական ծրագրեր կյանքի կկոչվեին։
«Բացի այդ, 2018-20 թթ. չեն բարձրացվել աղքատության նպաստների չափը, որը մեկ ընտանիքի հաշվով 31-32 000 դրամ է, այսինքն` կրկնակի ցածր է մեկ անձի կենսապահովման նվազագույն զամբյուղից։ Հանրաքվեին հատկացվող գումարով կարող էին առնվազն 10 տոկոսով այդ նպաստները բարձրացնել»,–ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով` այդ միջոցները կարող էին ուղղվել նաև ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, քանի որ, ճիշտ է, նախորդ տարի 10 տոկոսով բարձրացվեց նրանց աշխատավարձը, սակայն այնպես չէ, որ նրանց աշխատավարձի խնդիրը լուծվեց։ Ավետիսյանը հայտնեց` հեռավոր բնակավայրերում մեկ հաստիքը զբաղեցնում են մի քանի ուսուցիչներ և նրանք ընդամենը 10-30 000 դրամով են աշխատում։
Տնտեսագետը նշեց` 23 տոկոս աղքատություն ունեցող երկրում, որտեղ գործազրկության մակարդակը շուրջ 20 տոկոս է, շատ անհասկանալի են լինելու մի շարք մարդկանց համար պետության կողմից նման ծախսերը։
Ավետիսյանի խոսքով` որքան կարևոր է եկամուտների հավաքագրումը, ստվերի կրճատումը, այնքան կարևոր է ծախսային քաղաքականությունը, այսինքն` հավաքագրված գումարներն ինչ առաջնահերթություններով ու ինչ ուղղություններով են ծախսվում։
Հիշեցնենք, որ հանրաքվեին հատկացված գումարի 2 միլիարդ 553 միլիոն դրամը կհատկացվի ԿԸՀ–ին` հանրաքվեն կազմակերպելու համար։ 660 միլիոն դրամը կծախսվի տեղամասերի տեսախցիկների տեղադրման, ուղիղ հեռարձակման ապահովման համար, իսկ 234 միլիոն դրամ կտան ոստիկանությանը՝ ծանուցագրեր տպելու և քաղաքացիներին ծանուցելու համար»: