կարևոր
841 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-15 23:53
Հասարակություն

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը խոչընդոտող դեպքերը

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը խոչընդոտող դեպքերը

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննարկելով 2025թ. հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև փաստաբաններից ստացված տեղեկությունները պարզել է, որ 2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները խուզարկություններ են կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ (Հայկ) Պռոշյանի, ինչպես նաև այլ հոգևորականների և թեմի աշխատակիցների բնակարաններում:

Խուզարկությունները կատարելուց հետո հոգևորականներին և այլ անձանց փաստացի բերման են ենթարկել, թեև հետագայում հայտարարվել է, որ նրանք վկայի կարգավիճակ ունեն:

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ (Հայկ) Պռոշյանի գտնվելու վայրի մասին տեղեկությունը պարզվել է միայն ժամը 16:30-ի սահմաններում՝ ՄԻՊ-ի ներկայացուցիչների միջոցով: Պարզվել է նաև, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ (Հայկ) Պռոշյանը ազատությունից զրկվել է 15.10.2025թ. ժամը 09:35-ին:

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ (Հայկ) Պռոշյանի փաստաբան Արա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ (Բռնի անհետացումը) և 491-րդ (Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման կապակցությամբ:

Մյուս հոգևորականներին և այլ քաղաքացիներին, որոնց նույնպես վաղ առավոտյան փաստացի բերման են ենթարկել, հնարավորություն չի տրվել փաստաբանների հետ տեսակցել:

Ներկայացված տվյալների համաձայն բերման են ենթարկվել նաև 12 քահանաներ՝ Արժ․ Տ․ Փառեն քհն․ Առաքելյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Քոչարյանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհն․ Երանյանը, Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալյանը, Արժ․ Տ․ Ղևոնդ քհն․ Գափոյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Սահակյանը, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանը, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանը, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը:

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության շենքը շրջապատվել է ոստիկանության ծառայողներով, որոնք փաստացի թույլ չեն տվել փաստաբաններին մուտք գործել շենք:

Մի քանի փաստաբանի է հաջողվել միայն մուտք գործել քննչական մարմնի շենք և տեսակցել իրենց վստահորդների հետ ժամը 16:00-ից հետո:

Պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում վարույթն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց նման վարքագիծը և գտնում է, որ այն կոպտորեն խախտում է անձանց ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներ:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է յուրաքանչյուր անձի անձնական ազատության, ազատությունից զրկվելու դեպքում’ այդ մասին անհապաղ իր ընտրած անձին տեղեկացնելու (27-րդ հոդված), իրավաբանական օգնություն ստանալու (ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդված) իրավունքները, որոնք ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:

Ավելին, «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված է բռնությամբ անհետացման ենթարկվելու արգելքը:

Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով երաշխավորվում են փաստաբանների՝ իրավական խորհրդատվություն, աջակցություն և ներկայացուցչություն, այդ թվում՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության նպատակով առաջարկելու և տրամադրելու իրավունքը, իրենց վստահորդներին արագ եւ պատշաճ հասանելիություն ունենալու, նույնիսկ երբ վերջիններս զրկված են ազատությունից, իրավունքը:

ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային փաստաթղթերով և օրենքներով սահմանված վերոնշյալ երաշխիքները նախատեսված են ապահովելու համար անձի’ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, իսկ պետությունը պոզիտիվ պարտավորություն է կրում ապահովելու այդ երաշխիքների պատշաճ իրացման գործուն օրենսդրական և պրակտիկ մեխանիզմների առկայությունը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտելի է համարում իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ժամանած փաստաբանների մուտքի և վստահորդների հետ տեսակցելու խոչընդոտման դեպքերը, ինչպես նաև վստահորդի գտնվելու վայրը թաքցնելը:

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով’

Պալատի խորհուրդը միաձայն որոշել է`

1) Խստորեն դատապարտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևորականներին և այլ անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ժամանած փաստաբանների մուտքի և վստահորդների հետ տեսակցելու խոչընդոտման, ինչպես նաև քննչական մարմնի կողմից 15.10.2025թ. ժամը 09:35-ից ազատությունից փաստացի զրկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ (Հայկ) Պռոշյանի ազատությունից զրկելու փաստը և գտնվելու վայրը թաքցնելը:

2) Իրազեկել ՀՀ գլխավոր դատախազությանը և իրավասու միջազգային կառույցներին մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին»: