Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ փետրվարի 19-ին, լրանում է ադրբեջանցի սպայի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի սպանության հերթական տարելիցը. հայտնում է Yerkir.am-ը:
Հիշեցնենք՝ 16 տարի առաջ՝ 2004 թվականի փետրվարի 19-ին, Հայաստանի Զինված ուժերի զինծառայող, սպա 25-ամյա Գուրգեն Մարգարյանն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացի էր մասնակցում Եվրոպայի կենտրոնում՝ Բուդապեշտում, որտեղ էլ նրան քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:
Հունգարական իշխանությունները մարդասպանին դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Դատավճիռը հրապարակվել էր 2006 թվականի ապրիլի 3-ին, բայց ընդամենը մի քանի տարի անց Հունգարիան ու Ադրբեջանը «գործարք» կնքեցին:
Ըստ կնքված համաձայնության՝ 2012 թվականի օգոստոսին Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջանին, որտեղ անմիջապես ազատ արձակվեց, ավելին՝ արժանացավ հերոսի կոչման:
Միևնույն օրը Հայաստանը դադարեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Նախապատմություն
Գուրգեն Մարգարյանը ծնվել է Երևանում: Սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որն ավարտելուց հետո զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության: Այնուհետև որոշում է կայացրել շարունակել զինվորական ծառայությունը և դարձել է ՀՀ Պաշտպանության նախարարության սպա։
2004թ. հունվարի 11-ից 25-ամյա Գուրգենը ՀՀ ՊՆ մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված «Գործընկերություն հանուն խաղաղության» խրագրի շրջանակում անգլերենի 3-ամսյա ուսումնական դասընթացներին: Ուսումնական ծրագրին մասնակցում էին նաև զինված ուժերի ներկայացուցիչներ Ադրբեջանից, որոնցից մեկն էլ Ռամիլ Սաֆարովն էր:
Դասընթացի մեկնարկից մեկ ամիս չանցած՝ փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, Ռամիլ Սաֆարովը մուտք է գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկերը՝ Քութի Բալաշը։
Ադրբեջանցին քնած Մարգարյանի գլխին և վզին ընդհանուր հաշվով կացնի 16 հարված է հասցրել` դրանով իսկ համարյա անջատելով գլուխը մարմնից:
Հայ սպայի հունգարացի սենյակակիցն արթնացել է տարօրինակ ձայներից. ապշելով զարհուրելի տեսարանից նա բղավել է Սաֆարովի վրա և դուրս վազել սենյակից՝ օգնություն կանչելու նպատակով։
Չկորցնելով պահը՝ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ է եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։
Մակուչյանն այդ ընթացքում մի սենյակում բնակվել է լիտվացի հարևանի հետ, ով արգելել է բացել դուռը։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանում տեղի ոստիկանությունն ու ձերբակալում Սաֆարովին:
Հետո իր ցուցմունքում Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող հունգարացին նշել է, որ երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, իսկ Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, Բալաշը չի զգացել, միայն առավոտյան զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։
«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» - պատմել է նա:
Դատավարություն
Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։ Այնուամենայնիվ, 2012թ․ օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց լեյտենանտից մայորի՝ 8 տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցկացրել էր անազատության մեջ՝ այդպիսով դառնալով ազգային հերոս: Բացի այդ՝ նա նաև բնակարան նվեր ստացավ երկրի կողմից:
Մի քանի տարի անց զոհված Մարգարյանի իրավահաջորդները անհատական հայց ներկայացրին Ադրբեջանի և Հունգարիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ոճրագործության զոհ դարձած Մարգարյանի հարազատները պահանջում են ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրան ներման շնորհումը և ըստ էության` արդարացումն ու հերոսացումը, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով ( այն՝ խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները։
Հիշատակ
Հայ սպայի պատվին այսօր Երևանի Աջափնյակ վարչական շրջանում պուրակ կա, որտեղ կանգնեցված է Մարգարյանի արձանը:
Մարգարյանի անունով դպրոց է անվանակոչվել, բացի այդ՝ գործում է նաև նրա անվամբ հասարակական կազմակերպությունը: