կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 21:07
Քաղաքական

Վախենամ` կառավարությունը չկարողանա շատ էֆեկտիվ լինել. ԲՀԿ-ական

Վախենամ` կառավարությունը չկարողանա շատ էֆեկտիվ լինել. ԲՀԿ-ական

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը yerkri.am-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսությունը վատ վիճակում է, բայց կառավարությունը դեռ երեք ամիս է, ինչ աշխատում է:

«Մի քիչ իներցիոն բան կա, բայց դա կառավարության համար սփոփանք չէ` կարող էին շտկումներ անել: Եթե մեր տնտեսական աճը 2016 թվականի համար զրո տոկոս կարող է լինել, եթե աճ չունենանք, գոնե զրո տոկոս էլ լինի, էլի լավ է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ տնտեսական ակտիվությունը մինուս 7,8% է` հոկտեմբերը հոկտեմբերի նկատմամբ, իսկ հոկտեմբերը սեպտեմբերի նկատմամբ` արդեն մինուս 15-16 տոկոս, և ակտիվությունը կտրուկ ընկնում է:

Պատգամավորի կարծիքով` եթե կառավարությունը շարունակի տեսանելիություն ցույց չտալ, թե ինչ է կատարվում, կարող է 4-5 ամիս հետո ավելի շատ տնտեսական անկում ունենանք, հատկապես, որ նախընտրական փուլ ենք մտնելու: Այդուհանդերձ, Մելքումյանը նշեց, որ պետք է մի քիչ էլ սպասել, ու եթե կառավարությունը, իրոք, ինչ-որ բան ունի արած, պետք է դեկտեմբերի 27-ից հետո կարողանա ցույց տալ:

Պատգամավորը նաև նշեց, որ ինքը չգիտի` իրո՞ք աշխատանք կատարվում է, թե՞ միայն խոսվում է:

Ըստ նրա` նորմալ ցանկություններ է արտահայտում կառավարությունը: «Նորմալ ցանկություններ են արտահայտվում` պայքարը այսինչի, այնինչի դեմ, բայց ես վախենամ, որ հանկարծ այն հռչակած ծրագրերը, որի դեմ իրենք պետք է պայքարեին, այս փուլում չկարողանան շատ էֆեկտիվ լինել»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորը շեշտեց, որ պետք է համոզմունք լինի, որ, իրոք, բան է փոխվել, իսկ այդ համոզումը մի քանի ամսվա խնդիր չէ: «Կարող է` աշխատանք անում են, բայց պետք է կարողանան ցույց տալ իրենց արածը: Հուսանք` ինչ-որ պահից հետո ցույց կտան»,-եզրափակեց Մելքումյանը: