Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 9-ին Ստեփանակերտում կայացել է քննարկում «Ապրիլյան պատերազմի դասերը և մեր անելիքները» թեմայով: Քննարկման հրավիրման նախաձեռնությունը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությանը և ՀՅԴ Արցախի երիտասարդական միությանն էր: Ինչպես բացման խոսքում նշել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, Ապրիլյան պատերազմի վերաբերյալ տարբեր կարծիքներ ու չվերլուծված հարցեր կան, որոնց պարզաբանման և մեր հետագա անելիքների քննարկման համար էլ հրավիրվել է տվյալ հանդիպումը:
«Ինչը հանգեցրեց ակտիվ մարտական գործողություններին», «Պատրաստ էր արդյո՞ք հայկական բանակը այդ հարձակմանը», «Ի՞նչ հետևությունների է հանգեցրել Ապրիլյան պատերազմը», «Որո՞նք են մեր այսօրվա անելիքները», «Արդյո՞ք ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքը կարող է դառնալ անվտանգության երաշխիք». Այս և նմանատիպ այլ հարցեր էին հուզում քննարկման մասնակիցներին:
Միջոցառմանը ներկա էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցչներ, որոնք արտահայտեցին իրենց տեսակետներն առաջադրված տարբեր հարցերի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Ապրիլյան մարտական գործողություններն իրենց հետ բազմաթիվ միֆեր, ապատեղեկատվության հսկայական հոսքեր բերեցին, գլխավորապես մամուլում. «Հիմնական հարցադրումներն ուղղված են լինում պաշտպանական գերատեսչությանը, սակայն Ապրիլյան մարտական գործողություններն ամբողջությամբ վերլուծելու, հետագա մեր գործողությունները կառուցելու համար պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ պատերազմը միայն պաշտպանական գերատեսչությանը չի վերաբերում, այլ բոլորին»,- նշել է Տիգրան Աբրահամյանը: Անդրադառնալով 2016թ. պատերազմի սանձազերծման պատճառներին, ԱՀ նախագահի խորհրդականն առանձնացրել է տարիներ շարունակ Ադրբեջանում տարվող ռազմական գործողությունների վերսկսման քարոզչությունը:
ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն իր խոսքում առանձնացրել է երկխոսության բացակայությունը Ադրբեջանի և Արցախի միջև: Նույնիսկ հասարակական մակարդակով երկու պետությունների քաղաքացիների միջև հանդիպումներին էր Ադրբեջանը խոչընդոտում, իսկ այդպիսի պայմաններում մեծանում է բռնության հավանականությունը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն առանձնացրել է Ադրբեջանում տարվող ատելության քարոզը:
ՊԲ Բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Նորայր Մկրտչյանը նշել է, որ ինչպես երեք տարի առաջ, այնպես էլ հիմա, բանակը պատվով է կատարում իր առջև դրված բոլոր խնդիրները, որովհետև բանակում ծառայող յուրաքանչյուր զինվոր ու սպա իր պարտքը լիովին գիտակցում է. «Պետք է պատկերացնենք, թե ինչ է նշանակում 25 տարի շարունակ գտնվել խրամատում, վարել խրամատային պատերազմ՝ մշտապես գտնվելով պաշտպանությունում»: Նա ավելացրել է, որ պատերազմն անխուսափելի է մեր աշխարհագրական դիրքի պատճառով, մենք դատապարտված են մշտապես գտնվել պատերազմական վտանգի տակ, փոքր տարածքով պետություն ենք, առաջնագծում կատարվողը միանգամից հաղորդվում է թիկունքին և ընդհակառակը: Այստեղից է ծագել ազգ-բանակ հայեցակարգը, որի շուրջ աշխատանքներ են տարվում:
ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը նշել է, որ այժմ զինադադարի մեջ ենք, պատերազմը չի ավարտվել, իսկ տարածքային կորուստը չի նշանակում պարտություն, որովհետև այդ օրերին Նախիջևանի սահմաններում մեր բանակը դիրքային առաջխաղացում է ունեցել:
ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը կարևորել է նման ձևաչափով հանրային քննարկումները և ավելացրել, որ Ապրիլյան պատերազմից դասեր ենք քաղել և հիմա ավելի պատրաստ ենք նման զարգացումներին: Ադրբեջանն իր քայլերով ցույց տվեց, որ ոչինչ չի փոխվել, հնարավորություն է փնտրում ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը, Երևանը գրավելու համար. «Մենք պետք է հասկանանք, որ տարածքների վերաբերյալ քննարկումները այն ուղին չէ, որով մենք պետք է առաջ շարժվենք, որովհետև եթե նմանատիպ ինչ-որ զիջումների գնանք, կնշանակի, որ ճանապարհ ենք բացում դեպի Երևան»:
Անդրադառնալով ՀՀ-ԱՀ ռազմաքաղաքական դաշինքի մասին հարցին, ԱՀ ԱԳՆ նշել է, որ նման դաշինքի անհրաժեշտությունը կա: «Չեմ կարծում, որ դրանով մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ենք, բայց այն կկարգավորի երկու հայկական պետությունների հարաբերությունները իրավական առումով»,- ասել է Մասիս Մայիլյանը:
Մասնակիցների միջև ակտիվ քննարկում է ծավալվել մեր անելիքների, 2016թ. սխալներից ու բացթողումներից դասեր քաղելու անհրաժեշտության մասին:
aparaj.am