Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում են ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն իր ելույթի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև Արցախին առնչվող հարցերին. «Մարդիկ խոսում են Արցախի մասին, բայց այս ընտրությունների մասնակից միակ կուսակցությունը, որ ամենուր ունի կառույց` ՀՅԴ-ն է: Արցախի խորհրդարանում ունեցել ենք պատվիրակություն, անկախ նրանից օրվա նախագահի հետ համագործակցել ենք, թե` ոչ: Մենք նաև դեմ հանդես եկանք այն սահմանադրական բարեփոխումներին, որոնք առաջարկվում են Արցախում: Մենք գտնում ենք, որ խորհրդարանական կառավարումն է ճիշտը»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ի նպատակներն անշեղ են:
«Մենք նույնիսկ համագործակցել ենք Հայաստանում ՀՀՇ-ի ժառանգ ՀԱԿ-ի հետ, որի նախագահը ժամանակին մեր կուսակցությունն արգելել էր՝ մեր ընկերներին բանտարկելով: Մենք գործակցել ենք արտաքին ճակատի հետ՝ հատկապես՝ Արցախի հարցում: Արցախի հարցն այն հարցը չէ, որ կարող ենք հանգիստ խղճով գնալ տուն՝ ասելով, որ նախագահին չենք սիրում: Մենք համոզված ենք, որ Արցախը Հայաստանի մաս է, Արցախի վերամիավորումը մեր ընդհանուր նպատակի մի մասն է»:
Մանոյանն անդրադարձավ նաև ջավախահայությանը վերաբերող խնդիրներին: «Անհրաժեշտ է, որ Վրաստանի հետ սերտացնենք մեր հարաբերությունները, որովհետև այդ հարաբերություններն ունեն պատմական հիմք, ունեն օբյեկտիվ առարկայական պատճառներ»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ անկախ նրանից, Վրաստանը և Հայաստանը որ ճամբարում են, պետք է երկու երկրների միջև համագործակցությունը խորացնել: Մանոյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին: «Համոզված ենք, որ անհրաժեշտ է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկել: Նույնիսկ չվավերացված տարբերակն է վտանգավոր»,- ասաց նա:
Կիրո Մանոյանն իր ելույթի վերջում կրկին անդրադարձավ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ու կրկին հորդորեց ընտրակաշառքներ վերցնելուց զերծ մնալ. «Ինչ էլ լինի, դուք այդ խցիկում մենակ եք: Եթե նկարահանող գրիչ տեսնեք, տուն տարեք ձեզ հետ»,- եզրափակեց Մանոյանը: