կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 13:23
Հասարակություն

Մտածել պետության, այլ ոչ թե իշխանության վարկանիշի մասին

Մտածել պետության, այլ ոչ թե իշխանության վարկանիշի մասին

Պետության առջև պատասխանատվության զգացում ունեցող ցանկացած քաղաքացի պետք է մտածի Հայաստանի, այլ ոչ թե սեփական և, առավել ևս, իշխանության վարկանիշի մասին:

Հանրությունը պետք է սովորի առաջին հերթին ձևավակերպել նպատակը, թե ի՞նչ տեսակի երկիր պետք է կառուցել, ի՞նչ պետք է հասկանալ սոցիալական, իրավական, ժողովրդավարական երկիր ասելով: Պետք է մշակվի համապաասխան հայեցակարգ հենց այս տրամաբանության շրջանակներում: Անհրաժեշտ է ձևակերպել և հրապարակել պայմանական կամ խորհրդանշական 100 խնդիրը: Այսինքն, հանրությանը պետք է առաջնորդեն ոչ թե խիստ կասկածելի և վիճահարույց 100 «փաստերը», որոնք տալիս են ամենատարբեր մեկնաբանությունների առիթ, այլ ծրագրերը: Մեզ պետք է միավորի ապագայում հարյուր հարց լուծելու վճռականությունը, այլ ոչ թե քարոզչական «փաստերի» մանիպուլյացիան: Սա նշանակում է պետական քաղաքական գործունեությունը բերել տրամաբանված հեռանկարային ուղի, միաժամանակ ներդնելով չափելի գործիքներ: Այդ խնդիրներից պետք է բխեն ռազմավարություններ, թե ո՞ր ոլորտում ինչ պետք է անել: Օրինակ՝ գյուղատնտեսությունը, կա՞ խնդիր, որո՞նք են դրանք, ի՞նչ է պետք անել, ովքե՞ր պետք է զբաղվեն, ի՞նչքան ժամանակ է անհրաժեշտ լուծումների համար և այլն: 

Միայն առաջնահերթությունները գնահատելուց հետո կարող ենք անդրադառնալ կառավարության կառուցվածքին: Կառավարության կառուցվածքն ու կազմը կախված պետք է լիներ ռազմավարություններից: Իսկ այսօրվա պատկերը հետևյալն է` ոլորտը կա, ռազմավարությունը չկա, խնդիրները կան, լուծումները՝ կցկտուր, ոլորտը կա, քաղաքականություն մշակող գերատեսչությունը՝ չկա կամ առկա է ոչ բավարար գործառույթներով միքսված մարմին:

Խնդիրները ձևակերպելուց, լուծումներ տվողներին մեջտեղ բերելուց և ռազմավարություն մշակելուց հետո, անհրաժեշտ է միջոցառումների ծրագիր՝ չափելի գործիքներով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարարաժամկետ գնահատականներով: Հաջորդ փուլը հինգ տարվա զարգացման ծրագիրն է, որը մշակելուց, հաշվարկելուց, թիրախային արդյունքների սահմանումից, իրականացման մեխանիզմների կազմն ու կառուցվածքը ձևավորելուց հետո անցնում ենք հաջորդ քայլին՝ անհրաժեշտ նյութական ռեսուրսների գնահատմանը:

Վերը նշված մոտեցումը նշանակում է` սկզբում ծրագիրը, հետո կառավարության կազմն ու կառուցվածքը, որին պետք է հաջորդեն բոլոր հաշվարկները: Իսկ սա իր հերթին նշանակում է պետական, քաղաքական և հասարակական ոլորտներն օժտել միս ու արյունով, շունչ տալ երկրի առաջանցիկ զարգացմանը:

Պետության զարգացման կայունության ու կանխատեսելիության համար պարտավոր ենք հստակ շարադրել, թե ինչպիսի պետական քաղաքականություն է իրականացվելու ֆինասնատնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթամշակութային, անվտանգության ու պաշտպանության և մնացած բոլոր կենսական կարևոր ոլորոտներում:

Հայաստան պետության առաջ կանգնած են մարտահրավերներ, որոնց մասին ամբողջական իմացություն ունենալը խիստ անհրաժեշտ է: Լուծումներ ունենալը ոչ միայն կարևոր է, այլ նաև պարտադիր: Չի կարելի զբաղեցնել բարձր դիրք, ստանձնել պարտավորություններ ու պատասխանատվություն, սակայն իրականում չունենալ լուծումներ: Օրինակ՝ չի կարելի չունենալ Արցախի հիմնախնդրի մասին սեփական տեսակետ, լուծում և զբաղվել խնդրի կարգավորմամբ, չի կարելի սպասել, թե ինչ լուծում կառաջարկվի մեզ դրսից և հետո նոր միայն սկսել քննարկումների փուլը, հրապարակ նետել գնահատականներ և արհեստական օրակարգեր: Այս ամենը բոլորը հասկանում են: Հասկանում են, թե՛ ներսում, թե՛ դրսում: Եվ առհասարակ` դիվանագիտությունը խորամանկություն չի: Նման մտայնությամբ արտաքին քաղաքականության կառուցումը անհարգալից վերաբերմունք է մեր միջազգային գործընկերների նկատմամբ, որը չի կարող չանդրադառնալ իր հերթին մեր պետության հեղինակության և Հայաստանի նկատմամբ` մեր գործընկերների վերաբերմունքի վրա:

Խնդիրների լուծումների ընթացքում, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, պետության կառուցման ընթացքում, եթե հանկարծ մեխանիզմի որևէ հատված չի ապահովի անհրաժեշտ արդյունավետությունը, ապա նոր միայն պետք է անդրադառնալ դրան: Պետական մեխանիզմի մաս է նաև Սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարանի գործունեությունը անհրաժեշտ է գնահատել պետության կառուցման ընթացքում դերակատար լինելու կամ խափանարար աշխատանք անելու տեսանկյունից: Լինի ՍԴ, թե մեկ այլ ոլորտ, եթե պետության առաջանցիկ զարգացման տեսանկյունից խափանարար աշխատանք է կատարում, ապա պետք է անդրադառնալ դրան: Եթե խափանարար աշխատանք չի կատարում, ապա չի կարելի պետական գործող մեխանիզմը կանգնեցնել, ինչ է թե դետալներ են փոխվելու:

Պետության կառուցման և կազմակերպման համար վերը նշված պայմաններից բացի պակաս կարևոր չի նաև ներքին բարոյահոգեբանական մթնոլորտը: Չի կարող լինել զարգացած պետություն անհանդուրժողականության բարձր մակարդակով: Հնարավոր չի մարդուն, մեր յուրաքանչյուր քաղաքացուն դարձնել մասնակից պետության կառուցման սուրբ գործին, եթե նա իր տարբերվող տեսակետի համար ստանում է ոչ ավել, ոչ պակաս հակապետական տարրի պիտակը: Հնարավոր չի ունենալ համերաշխ միջավայր, եթե չկա քաղաքական բանավեճ, չկա ոչ միայն տարբերվող տեսակետները ընկալելու, այլ նույնիսկ լսելու պատրաստակամություն: Մարդկանց «հակապետական» անվանելով պետություն չենք սարքի, եղածն էլ կդնենք վտանգի ու հարվածների տակ: Երկրի ներսում թշնամիներ չկան, թշնամիները սահմանից այն կողմում են:

Արմեն Գրիգորյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսական հանձնախմբի նախագահ

 

Հ. Գ. Առաջարկվող հանրաքվեի անցկացման ժամկետներին, քաղաքական նպատակներին, ձևին և բովանդակությանը կանդրադառնամ մի փոքր ավելի ուշ՝ քաղաքական համակարգի կայացման և հանրային կոնսեսուսի տեսանկյունից: